Image result for զինվոր

Հիմա ու գրեթե միշտ արդիական թեման բանակն ու զինվորն են, մանավանդ համազգեստը փոխվելու սեզոնին սկսում են խոսակցությունները և անհանգստությունները: Գրեթե ամեն երկրորդը ունենում է ծանոթ, որի զինվոր տղային վերարկու կամ գլխարկ չեն տվել: Կան դեպքեր նաև, երբ ոմանք հայտարարում են, որ իրենց ծանոթի զինվոր տղային նույնիսկ հաց չեն տալիս ուտելու: Մի կողմ եմ դնում այն հանգամանքը, որ մարդ եթե մի քանի օր հաց չուտի, լուրջ առողջական խնդիրներ կունենա, բայց այս ամենն էլ եթե ընդունենք ու մարդուն օգնություն առաջարկենք, ապա կստանանք միևնույն պատասխանը՝ երեխուն կնեղեն, ավելի լավա վերարկուն/գլխարկը կամ մի հատ տուլիկը ուղարկեմ, քան այդ հարցին լուծում տամ:

Սա ամենասխալ վերաբերմունքն է սեփական որդու ու բանակի հանդեպ: Դու կարողանում ես գնել այդ վերարկուն, վաղը մեկ ուրիշը հնարավորություն չի ունենա դա գնելու: Ինչու՞ չես փորձում այդ հարցը վերջնական լուծել, որպեսզի հա՛մ մեղավորները պատժվեն, հա՛մ էլ դու ավելորդ գումար չվատնես:

Մի քանի դեպքերի հետ անձամբ եմ առնչվել, առաջարկել եմ օգնել ու այդ հարցը լուծել, քանի որ վստահ եմ, որ վերարկու կամ շաքարավազ գողացող սպան տեղ չունի բանակում ու անկախ կոչումից՝ պետք է դուրս շպրտվի այդ համակարգից, բայց միևնույնն է, բոլորը գերադասում են անհանգիստ ապրել ու գումարներ վատնել, քան մեկ անգամ մեղավորին պատժել: Չեմ ասում՝ գնացեք, դիմում գրեք և այլն, և այլն, ուղղակի գնացեք գնդի հրամանատարի մոտ ու պահանջեք այն, ինչը նրանք պարտավոր են սահմանված ժամկետում տան ձեր զինվոր հարազատին: Ոչ մի հրամանատար իր գլխից ձեռք չի քաշել, որ վերարկուի ու մի բանկա մուրաբայի համար պատմությունների մեջ ընկնի: Մեկ կամ երկու նման դեպքից հետո տեսնեմ՝ էլ ով ռիսկ կանի այդ զորամասում ինչ-որ բան պակաս տա:

Նաև պարզ է, որ դեպքերի մեծ մասը ուղղակի ճոխացրած է ու բամբասանքի մակարդակի: Իրականում ո՛չ այդ ծանոթը կա, ո՛չ նրա զինվոր տղան: Բայց դեպքեր, իհարկե, կլինեն, որոնց վրա ոչ թե աչք փակել է պետք, այլ լուրջ զբաղվել ու վերացնել դա բանակից: Քանի որ զինվորը մենակ ձեր տղան չէ, զինվորը նաև այն կարիքավորի տղան է, ում ծնողը չի կարող ավել գումար ծախսել և այդ պակաս իրերը գնել նրա համար: Միայն սեփական զավակի երկու տարվա հարմարավետության մասին մտածելով՝ դուք գողանում եք մյուս զինվորի ապագա վերարկուն ու գլխարկը, քանի որ տեղում այդ արարքի դեմը չառնելով՝ նպաստում եք դրա կրկնությանը:

Անհանգստանալուց բացի՝ պետք է նաև սովորենք տվյալ հարցերին լուծում տալ, թե չէ միայն լավ անհանգստանում ենք, բայց մեջը բան չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել