Սուրենյան փողոցի մի խումբ բնակիչներ փետրվարի 23-ին Սուրենյան փողոցում գտնվող Հ. Պարոնյանի պուրակում կազմակերպեցին մանկական նկարների ցուցահանդես՝ «Մանուկներ, արև, ծառեր» խորագրով, ընդդեմ պուրակի մի հատվածի ապօրինի օտարման և մասնավոր կառուցապատման: Շատ ցավալի է, երբ արդեն երեխաներնն են դուրս գալիս պայքարի և ձեռք ձեռքի տված պահանջում արդարություն, ծառեր ու թթվածին: Ցավալի է, երբ երեխաները ծառ ու արև նկարելու փոխարեն նկարում են բուլդոզերներ, որոնք արմատախիլ են անում ծառեր, անիվների տակ ճզմում խոտ ու ծաղիկ, թիթեռ ու թրթուռ:

Երեխաների հոգու այս ճիչն անսիրտ դահիճների դեմ, որը լուսաբանում էին մի շարք ԶԼՄ-ներ, հասավ տեղ, և ցուցահանդեսի ավարտին տեղի ունեցավ հանդիպում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գևորգ Ղազարյանի, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արթուր Ստեփանյանի և բնակիչների միջև: Լրագրողների և բնակիչների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՏԻՄ ղեկավարը և ՀՀ ԱԺ պատգամավորը խոսք տվեցին` տղամարդու խոսք, որ հարցը կլուծվի հօգուտ հանրության, և ապօրինի կառուցապատում տեղի չի ունենա, իսկ տարածքը շղթայած ցանկապատը կապամոնտաժվի և կվերադարձվի բնակիչներին, տեղում կկառուցվի մանկական խաղահրապարակ և հանգստի վայր, չի կտրվի և ոչ մի ծառ, որից հետո բնակիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց ուժերով անհապաղ ապամոնտաժել շինարարական ցանկապատը: Բոլոր ներկա բնակիչները, երեխաները միասնական ուժերով, առանց վնասելու ծառերը և կառուցապատողի սեփականություն հանդիսացող ցանկապատը, ապամոտաժեցին և ըստ հարգի դասավորեցին այն պուրակի մի անկյունում: Տարածքը փաստացի վերադարձվեց հանրությանը: Զզվելի ցանկապատը փշրվեց: Սակայն իրավական ցանկապատը դեռեւս անտեսանելի շրջապատում է ազատագրված պուրակը: Քանի դեռ այն սեփականաշնորհված է մնում, միշտ առկա է վտանգ, որ կգա մեկ ուրիշ ագահ կառուցապատող` կացինը ձեռքին ու կասի` «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»… Բայց բնակիչները ձեռք են առնում բոլոր միջոցները նման սցենար թույլ չտալու եւ վերադարձը նաեւ իրավական իրողություն դարձնելու համար: Այդ հարցում նրանք ակնկալում են անկախ ԶԼՄ-ների, բնապահպանական նախաձեռնությունների եւ պարզապես Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքացիների աջակցությունը, որոնք արդեն շուրջ 1 տարի է կողք կողքի պայքարել են իրենց հետ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 13:30-ին, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել