Totalfootball.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, որն այս օրերին Հայաստանում է, ներկա է ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Հայաստան - Մոնտենեգրո խաղին: Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեցինք շվեյցարացի մասնագետին.

«Շատ ուրախ եմ իմ ընկերոջ՝ Արթուր Պետրոսյանի համար: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է: Կարծում եմ՝ լավ խաղ ցուցադրելու դեպքում Հայաստանի հավաքականը կարող է հաջողության հասնել: Լավագույնն եմ մաղթում Հայաստանի հավաքականին, հույս ունեմ՝ կկարողանան լավ արդյունք գրանցել: Սրտանց հաջողություն եմ մաղթում Հայաստանին, ես հայ եմ»:

- Հետաքրքիր է՝ այժմ ինչո՞վ եք զբաղվում:

- Հիմա ես «Բազել» ակումբի սկաուտն եմ: Դա նշանակում է, որ շատ եմ ճամփորդում՝ ֆուտբոլիստներ հետազոտելու և գտնելու համար: Աշխատում եմ նաև հեռուստաընկերությունում. մեկնաբանում եմ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Շվեյցարիայի առաջնության հանդիպումները: Փնտրտուքների մեջ եմ նաև: Ցանկանում եմ նորից զբաղվել մարզչական գործունեությամբ: Սպասում եմ լավ առաջարկի: Եթե ինձ համար լավ տարբերակ լինի: Ինձ համար հիանալի էր, որ կարողացա որպես սկաուտ գալ Հայաստան և հետևել Մ19 տարեկանների՝ Հայաստան - Շվեյցարիա խաղին:

- Վերադարձել եք Հայաստան: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Երևանում:

- Ես միշտ ինձ շատ լավ եմ զգացել Երևանում, հիմա էլ այստեղ եմ կնոջս հետ: Ամեն ինչ հիանալի է: Շատ լավ ժամանակ եմ անցկացրել այստեղ: Ցավոք՝  այն ժամանակ գործերը հաջող չընթացան, արդյունքերը լավը չեղան: Ես մարզիչ եմ, գիտեմ, որ եթե արդյունքերը չեն բավարարում, ուրեմն պետք է հեռանալ: Դա նորմալ է: Ես մշտապես հետևում եմ Հայաստանի հավաքականի խաղերին, մինչև օրս կապ եմ պահում որոշ խաղացողների հետ՝ այդ թվում Հենրիխ Մխիթարյանի հետ: Խոսել եմ նաև Արթուր Պետրոսյանի հետ: Այսինքն, այստեղ ընկերներ ունեմ ու շատ ուրախ էի, որ «Բազելը» ինձ հնարավորություն տվեց գալու այստեղ և հետևելու Եվրոպայի Մ19 տարեկանների 2017 թվականի առաջնության ընտրական մրցաշարին:

- Իսկ ի՞նչ կարող եք ասել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Մանչեսթերում»:

- Այդ իրավիճակն իսկապես լավ չէ, բայց ես ու մենք բոլորս գիտենք Մխիթարյանին, նա պատրաստ է, նա հիանալի մարզավիճակում է, նա ցանկանում է խաղալ, նա պետք է խաղա: Լավ է, որ հավաքականում նա հիմա կարող է խաղալ, կարող է ցույց տալ, թե ինչի է ընդունակ, և ես վստահ եմ, որ Մխիթարյանը կարող է շատ կարևոր ֆուտբոլիստ դառնալ ՄՅՈւ-ի համար: Ես վախեցած ու անհանգստացած չեմ այս իրավիճակով, քանի որ վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, Մխիթարյանը իսկական պրոֆեսիոնալ է և պատրաստ է խաղալ, վազել, պայքարել թիմի համար: Կարծում եմ՝ խնդիր չկա:

- Նշեցիք, որ խոսել եք Արթուր Պետրոսյանի հետ: Նրան որևէ խորհուրդ տվե՞լ եք:

- Ոչ-ոչ (ժպտում է): Կարծում եմ՝ Պետրոսյանը շատ լավ մարզիչ է, ունի մեծ փորձ, ունի ՈւԵՖԱ-ի արտոնագիր, այո խոսել ենք, բայց չենք խոսել թիմից: Նա մարզիչն է, նա է որոշում ամեն ինչը: Կարծում եմ՝ նա հաջողությունների կհասնի հավաքականի ղեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել