Հարգանքի տուրք` Առնո Բաբաջանյանի հիշատակինAravot.am-ը գրում է.

2016 թվականին լրանում է անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցը: Այս կապակցությամբ, մահվան օրը` նոյեմբերի 11-ին, Առնո Բաբաջանյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցվեց մեծ կոմպոզիտորի հիշատակին և տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն: Անվանի կոմպոզիտորի արձանի մոտ ծաղիկներ խոնարհեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. «Առնո Բաբաջանյանը մեր արյան, մեր գեների մեջ է»,- իր խոսքում նշեց նախարարը:

Միջոցառմանը մասնակցեցին «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Գագիկ Մանասյանը, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի սաները, անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

Այնուհետև, Երևանի քաղաքային պանթեոնում, սիրված կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ դրեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ա. Սաթյանը, երգչուհի Ռ. Մկրտչյանը, կոմպոզիտորի անունը կրող քոլեջի սաները, արվեստագետներ: Ա. Բաբաջանյանի շիրիմին Տեր Շահե քահանա Հայրապետյանի օրհնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Նշենք նաև, որ նոյեմբերի 11-ին՝ ողջ օրվա ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մուտքի և Առնո Բաբաջանյանի արձանի մոտ կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:  


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել