Image result for վիգեն սարգսյանՀարգելի պարոն Վիգեն Սարգսյան, Դուք՝ որպես պաշտպանության նախարար, վստահ եմ, որ դեռ շատ բարեփոխումներ կանեք բանակում զինվորի և սպայի համար, դրանից կշահեն միայն մեր բանակը ու ՀՀ քաղաքացիները, դա սարսափի կմատնի թշնամի երկրի կամ երկրների ղեկավարությանը: Բայց հիմա երկրում կատարվում է մի փոփոխություն, որը քաղաքացիների մեծ մասի մոտ ճիշտ չի ընկալվում, ու վրդովմունքի ալիք է բարձրանում: Նոր օրենքի համաձայն՝ այսուհետ բոլոր ՀՀ քաղաքացիները իրենց աշխատավարձերից 1000 դրամ կտրամադրեն բանակին: Այս ամենը հրաշալի ծրագիր կլիներ, եթե այնտեղ չլիներ ՊԱՐՏԱԴԻՐ բառը, այսինքն՝ մարդկանց կարծիքը հաշվի չառնելով՝ իրենց աշխատավարձից գումար է պահվելու:

Հավատացեք, մարդիկ ամսական 1000 դրամից ավել գումար կտրամադրեին բանակին, եթե այդ ծրագիրը լիներ կամավոր: Երկրի վիճակը այնպիսին է, որ նույնիսկ այդ 1000 դրամը խնդիր է մարդկանց համար, եթե այն պարտադիր վերցնում են իր ձեռքից: Կարող ենք մի փոքր հաշվարկ անել ու ամբողջությամբ կհասկանանք վրդովմունքի պատճառը: Մարդիկ տարեկան 12.000 դրամ վճարում են ինչ-որ կարմիր գծերի համար, մեքենա ունեցողների մի մասը հաշվենք, որ ամսական գոնե մեկ հատ 5000 դրամանոց տուգանք կվճարեն, սրանց գումարում ենք պարտադիր կենսաթոշակ ու այլ հարկեր, գումարած կոմունալներ ու էլի շատ պարտադիր բաներ, ես դեռ չեմ հաշվում սնվելու ու հագնվելու գումարը, որը շատերի համար ուղղակի ծերը-ծերին հասցնելու խնդիր է: Ամսական ՀՀ քաղաքացին մի շարք պարտադրված գումարներ է վճարում պետությանը, բայց դրանցից դեռ ոչ մի օգուտ չի տեսել, ու հենց այդ պարտադիր վճարների, իսկ գործատուների համար՝ հարկային բեռների շնորհիվ է , որ մարդիկ վրդովվում են բանակին 1000 դրամ ՊԱՐՏԱԴԻՐ փոխանցելու մտքից: Կրկնում եմ՝ եթե դա կամավոր լիներ, հաստատ 1000 դրամից ավել կվճարեր ցանկացած հայ մարդ զինվորի ու սպայի համար:

Իսկ պարտադրված վճարներ կարելի է սահմանել Հայաստանում գործունեություն ծավալող միլիոնատերերից, սահմանել ինչ-որ ունեցվածքի սանդղակ՝ իր և հարազատների, դրանից ավել եկամուտ ունեցողներից որոշակի տոկոս պահվեր հատուկ բանակի համար: Հաստատ նրանք նեղություն չեն կրի դրանից՝ ի տարբերություն ամսական 75.000 դրամով աշխատող քաղաքացուց:

Խնդրում եմ , այդ ամենը պետք չէ կապել մարդու հայրենասիրության չափանիշի հետ, հիմա այդ օրենքի մասին բարձր հայրենասիրական նոտաներով խոսում են մարդիկ, որոնց համար այդ 1000 դրամը ոչ մի էական նշանակություն չունի, իսկ մեր երկրում կան մարդիկ, որ ունեն այդ 1000 դրամի կարիքը:

Ամենաարդար տարբերակը մնում է օլիգարխներին հարկելը՝ բանակի համար, և պարտադիր պայմանը փոխարինել կամավոր պայմանով, ու մեկ կամ երկու ամիս հետո կզգաք, որ ավելի շատ գումար է հավաքվում, քան, օրինակ, եթե լիներ պարտադիր:

Հ.Գ. Փառք հայ զինվորին ու սպային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել