Խիստ անձնական կարծիք

Քիչ առաջ կարդում եմ ընկերներիս գրառումները՝ կապված աշխատավարձից 1000 դրամ պահելու ու դա նահատակված, հաշմանդամ զինվորներին որպես տարիների ընթացքում փոխհատուցում տալու գաղափարի վերաբերյալ գրառումները: Իսկ դրանք շատ տարբեր են, այդ թվում՝ խիստ քննադատական:

Ես հասկանում եմ, թե իմ ընկերներն ինչու են ըմբոստանում ու ինչ ռիսկեր են տեսնում այս ամենում, ու խնդիրը ամենևին 1000 դրամը չէ:

Ես հասկանում եմ, որ այդ թվում՝ ՊՆ գեներալիտետի, բազմաթիվ պետական այլ չինովնիկների՝ իրենց օրինական եկամուտներին ոչ համապատասխան կենսակերպը մարդկանց ստիպում է նման կերպ արձագանքել, հաճախ նաև այն քաղաքացիներին, ովքեր լուռ, առանց աղմուկ հարյուր հազարներով են նվիրատվություններ արել բանակին:

Ես հասկանում եմ իմ այն ընկերներին, ովքեր, հաշվի առնելով մեզանում առկա յուրացումների տարիների մտահոգիչ փորձառությունն ու անպատժելիությունը, այսօր կարծում են, որ այդ 1000 դրամը չի հասնի իր նպատակին:

Ես հասկանում եմ իմ այն ընկերներին, ովքեր կասկածներ ունեն այդ գումարի չափման համարժեքության ու հիմնավորվածության վերաբերյալ:

Ես բոլորին շատ լավ հասկանում եմ ու այդուհանդերձ, ես ինքս, գիտակցելով բոլոր այդ ռիսկերը, պատրաստ եմ իմ փոքր ներդրումն ունենալ այս գործում:

Հ.Գ. Այս ամենում ես միայն չեմ հասկանում նրանց, ովքեր էժան քաղաքական դիվիդենտներ են փորձում հավաքել մեր բոլորի համար նման կարևոր հիմնահարցի համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել