Image result for բանակ«Ազգ-բանակ» պարադիգմ. հայեցակարգային դիտարկումներ

Մեր պետության «առանձնահատկությունն» այն է, որ գոյության 25 տարիների ընթացքում էլ պետականության պահպանման ու գոյատևման հարցը շարունակում է օրակարգային լինել: Այն այսօր էլ առաջնահերթ է և պարտադրված է մեր աշխարհագրությամբ, մեր հարևաններով, մեր աշխարհընկալմամբ, կառավարչական մեր փորձառությամբ: Իսկ դա նշանակում է, որ 25 տարվա առանցքային հարցն այսօր էլ նույնն է. որքանո՞վ ենք մենք ռազմական առումով կենսունակ, որքանո՞վ ունենք բանակ, որը մարտունակ է և կարող՝ ապահովել մեր անվտանգությունն այս բարդ տարածաշրջանում:

Եթե 90-ականների մարտադաշտերում ձևավորված, իսկ 94-ից հետո հարաբերական հրադադարի պայմաններում կայացման ուղի բռնած մեր զինված ուժերը կարողացան լուծել իրենց առջև դրած խնդիրները, ապա այսօր իրավիճակը քիչ այլ է: Հակառակորդի ներուժի, առկա սպառնալիքների վտանգավորության աստիճանի ավելացման ու բնույթի փոփոխման, ինչպես նաև ռեգիոնալ իրողությունները պարտադրում են որդեգրել այլ՝ առավել ճկուն ու հասցեական, երբեմն՝ ոչ ստանդարտ մոտեցումներ, լուծումներ, վարք:

Այսօր ՀՀ զինված ուժերի բարեփոխման ու զարգացման ուղեգիծը տրանսֆորմացվել է, և որպես ուղենիշային պարադիգմ՝ ընտրվել է «ազգ-բանակի» գաղափարը: Ըստ այդ գաղափարի՝ բանակը պետք է զարգանա և զուտ անվտանգության ապահովող բարդ համակարգից իրականության մեջ պետք է վերածվի «պետություն -հասարակություն» օղակի այնպիսի բաղադրիչի, որը լոկոմոտիվի գործառույթ է ստանձնում, ստեղծում իրավիճակ, երբ առաջանում են տնտեսության զարգացման, կրթական մակարդակի բարձրացման, ներհասարակական կոնսենսուսի ամրապնդման, արժեքային առողջացման, գիտության զարգացման հնարավորություններ: Նման մոտեցումը մեր օրերում առավել արդիական է նաև այն առումով, որ ՀՀ-ում անցկացված հայտնի/անհայտ բոլոր սոցհարցումներով «բանակը» ՀՀ քաղաքացու կողմից դիտվում է որպես պետության՝ ամենից կայացած ու վստահելի ինստիտուտ, ուստի նա առավել պատասխանատու ու կարևոր դերակատարում պետք է ստանձնի:

Նման գաղափարի նյութականացման դեպքում գործնականում ողջ ազգն է դառնում բանակ, իսկ բանակը կապվում է յուրաքանչյուրի հետ: Բանակը, դադարելով լինել փակ կառույց, վերածվում է պետության ու հասարակության շարժիչ ուժի, ուր յուրաքանչյուրը կարող/պետք է ներգրավվածություն ունենա իր մասով. դա կարող է լինել կրթությունը, գիտությունը, բիզնեսը, արտադրությունը, դաստիարակությունը, արժեքային ներդրումը, սպորտը....
Դառնալով առավել «բաց»՝ բանակի սպան դառնում է առավել լեգիտիմ, հրամանատարը՝ առավել վերահսկելի/վստահելի, զինվորը՝ բանիմաց: Նման իրավիճակը կարող է միջավայր փոխել, արժեհամակարգ, աշխարհընկալում ու ամենակարևորը՝ զինծառայության նկատմամբ վերաբերմունքը բարեփոխել:

Իհարկե, սա անասելի բարդ ու դժվար գործ է, որ նվիրական ջանք ու եռանդ է պահանջելու, սակայն, կարծես, այսօր առկա իրավիճակը մեզ ընտրության այլ հնարավորություն չի էլ տալիս: Այլընտրանքի բացակայությունն ու արդեն շոշափելի վտանգների վերածված սպառնալքիները ստիպում են մեզ ներածին ու դեռ ավել չափով մոբիլիզացնել մեր ներուժն ու նյութական քայլեր նախաձեռնել՝ հաշվի առնելով մեկ կարևոր բան, որ սխալվելու իրավունքը կործանարար կլինի:

...Առկա իրավիճակի դեմ դժգոհելու փոխարեն պետք է մի տեղից սկսել ու իրավիճակը բարեփոխել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել