Картинки по запросу Հայ–ռուսական միացյալ զորախումբԿովկասյան տարածաշրջանում կստեղծվի Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում։ ՌԴ կառավարությունը համապատասխան համաձայնագիրը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։
Ըստ համաձայնագրի՝ խմբավորումը ստեղծվում է «Կովկասյան տարածաշրջանում կողմերի անվտանգությունը պահպանելու նպատակով»։ Համաձայնագիրը գործելու է հինգ տարի և ավտոմատ կերպով կերկարաձգվի, եթե կողմերից որևէ մեկը ցանկություն չհայտնի խզել այն։

Ստեղծվող խմբավորման հիմնական խնդիրներն են դիմակայել երկու երկրներից որևէ մեկին ուղղված զինված հարձակումներին և պաշտպանել Հայաստանի, Ռուսաստանի պետական սահմանները։
Խմբավորման հրամանատարը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից՝ ՌԴ ԶՈՒ գերագույն հրամանատարի համաձայնությամբ։ Խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է ՀՀ գլխավոր շտաբին, իսկ պատերազմի ժամանակ կողմերի համաձայնությամբ հնարավոր է նախապատություն տրվի ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։

Այս համաձայնագրով ՀՀ–ի ազգային անվտանգության մակարդակը բարձրացվում է որակապես նոր մակարդակի վրա`այն փոխկապակցվում է ՌԴ–ի`միջուկային գերտերության, հզոր զինված ուժեր ունեցող երկրի անվտանգային համակարգի հետ։ Այս համաձայնագիրը թույլ է տալիս ՀՀ–ին պաշտպանվել թուրք–ադրբեջանական համատեղ ներխուժման`ռազմական ագրեսիայի պարագայում։
Թուրք–ադբեջանական միացյալ խմբավումը կարող էր այդպիսի փորձ իրականացնել օրինակ Նախիջևանից`հարձակվելով Վայոց Ձորի ու Սյունիքի վրա։ Չնայած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության զորքերը հսկում են միայն հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանը, այս նոր համաձայնագրով միացյալ զորախումբը պաշտպանելու է ՀՀ–ի պետական ողջ սահմանները`չմոռանանք, որ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ, ՀՀ–ի հյուսիսային սահմաններից ոչ շատ հեռու`Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանիում`նախկին խորհրդային–ռուսական ռազմակայանում ստեղծվել է ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոն`դե–ֆակտո մինի–ռազմակայան։

Շատերը կարող են առանց խնդրի էությանը ծանոթանալու խոսել այն մասին`հիմնականում հասարակության ռուսաֆոբ հատվածը, որ այս համաձայնագրով ՀՀ–ի զինված ուժերը փաստացի վերաենթարկվելու են ՌԴ–ին, ՀՀ–ը կորցնում է սեփական բանակի վրա վերահսկողությունն ու այլ օդից վերցրած հայտարարություններ անել։

Սակայն պետք է հասկանել մեկ բան` ՀՀ–ը այսօրվա տնտեսական, ժողովրդագրական ռեսուրսներով, միայնակ չի կարողանա դիմակայել թուրք–ադրբեջանական տանդեմի հնարավոր ռազմական ագրեսիային`երկու պետությունների բանակները միասին մեկ միլիոնի են հասնում։ Չմոռանանք, որ ստեղծվում է Վրաստան–Ադրբեջան–Թուրքիա ռազմավարական եռանկյունի, որը հետագայում կարող է դառնալ նաև ռազմական դաշինք`ՀՀ–ը ստիպված կլինի լրացուցիչ ուժեր ու ստորաբաժանումներ պահել հայ–վրացական սահմանին`կտրելով ռեսուրսները ղարաբաղյան ճակատից կամ սահմանամերձ դիրքերից։
ՌԴ–ի կողմից հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանների պաշտպանությունը`Անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ շուտով նաև համատեղ հայ–ռուսական խմբավորման ստեղծումը թույլ կտա ՀՀ–ին Արցախում պատերազմական գործողությունների դեպքում վստահ ու ապահով թիկունք ունենալ, իսկ անհրաժեշտության դեպքում ՀՀ–ից`ոչ առաջնագծային, սահմանամերձ զորամասերից, լրացուցիչ ուժեր փոխադրել ղարաբաղյան ճակատ։

Ռեսուրսների խնայողությունն ու ՌԴ–ի անվտանգային հովանոցի տակ գտնվելով ՀՀ–ն ապահովում է իր քաղաքացիների խաղաղ գոյակցությունն այս տարածաշրջանում։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ–ին, ապա այդ կառույցից ՀՀ–ին անհրաժեշտ է միայն էժան զենքեր ու զինամթերք, փորձի փոխանակում ու ՌԴ–ՀՀ երկկողմ ռազմավարական կապերի ամրապնդում։ Թյուրքախոս երկրները, որոնք մտնում են ՀԱՊԿ–ի կազմի մեջ չեն պատերազմելու Ադրբեջանի դեմ`հանուն ՀՀ–ի`նրանք անգամ քվեարկությունների ժամանակ ՄԱԿ–ում կամ այլ կառույցներում լավագույն դեպքում չեզոք դիրքում են մնում, իսկ հիմնականում`քվեարկում ադրբեջանամետ բանաձևերի օգտին։
Արցախն այս համաձայնագրից դուրս է մնում ու դա հասկանալի է`ԼՂՀ–ը ՌԴ–ի կամ ՀՀ–ի մաս չէ, սակայն ՀՀ–ը արդեն կկարողանա ռեսուրսների վերաբաշխում կատարել ու լրացուցիչ ռազմական, նյութա–տեխնիկական ու մարդկային ռեսուրսների առումով ավելի լայն աջակցություն ցուցաբերել Արցախին։

Ցանկացած համաձայնագիր ունի նաև բացասական կողմեր ու դա լրացուցիչ քննարկման ու ուժային կառույցների, պատկան մարմինների կողմից լրացուցիչ պարզաբանումների կարիք կունենա։ Կան հարցեր, արդյոք ՌԴ–Վրաստան ռազմական հնարավոր բախման դեպքում միացյալ հայ–ռուսական զորախումբը կարող է օգտագործվել Վրաստանի դեմ`հայ–վրացական սահմանին կամ տեղափոխվել ու մտնել ռազմական բախումների մեջ Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքից։

2008թ.–ի հնգօրյա պատերազմի օրերին`վրաց–հարավօսական, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան չգնաց օգնության ու Վրաստանի հարավից`ՀՀ–ի տարածքից հարված չկատարեց`դրանով թեթևացնելով ու փրկելով ռուս խաղաղապահներին,ովքեր կանգնած էին Հարավային Օսիայի ու Վրաստանի սահմանին։ Թբիլիսին շատ դրական գնահատեց այն հանգամանքը, որ ՀՀ–ում գտնվող ռուսական ռազմաբազան չօգտագործվեց իրենց դեմ`չբացելով երկրորդ ճակատ հարավից։

Համաձայնագրի դրական ու բացասական կողմերի քննարկումը պետք է լինի փաստարկված, խորը մասնագիտական ու զերծ մնա թե հակառուսական, թե հակաարևմտյան երանգներից։ ՀՀ–ին պետք է հետաքրքրի միայն սեփական ազգային շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել