Картинки по запросу михаил саакашвилиԵվ այսպես՝ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարեց իր հրաժարականի մասին՝ հայտնելով, որ պայքարի նոր փուլ է սկսում այս անգամ ընդդեմ Կիևի իշխանությունների։ Ասել է թե՝ արդեն նախկին նահանագապետը տալիս է Ուկրաինայում իշխանափոխության ստարտը։ Դե ինչ։ Սա ինչ-որ չափով սպասելի էր։ Սաակաշվիլին մեկ անգամ չէ, որ իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին, սակայն ամեն անգամ նա խուսափում էր, որպես Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու, նշել Պյոտր Պորոշենկոյի՝ երկրի նախագահի անունը։ Եվ ահա Սաակաշվիլին ուղիղ մեղադրանք ներկայացրեց նախագահին՝ նրան մեղադրելով երկրի կոռումպացված համակարգի գլխավերևում կանգնելու և ամենաթողությունը հովանավորելու համար։ Իսկ համբերության բաժակը լցվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ներդրվել է պաշտոնյաների եկամուտների մասին էլեկտրոնային հայտարարագրերի համակարգը։

Սա կարող է նոր երանգ հաղորդել Ուկրաինայի՝ առանց այն էլ խճճված ներքին ու արտաքին քաղաքական իրողությանը։ Եվ ոչ միայն Ուկրաինայի։ Ըստ էության՝ Սաակաշվիլին հայտարարում է մի գործընթաց, որը վաղուց է հասունացել Ուկրաինայում։ Այդ երկրում, ինչպես գիտենք, գունավոր հեղափոխությունների հարուստ փորձ կա, որի միջոցով, ի դեպ, հաստատվել է նաև Պորոշենկոյի իշխանությունը։ Սաակաշվիլին իր հայրենի երկրում՝ Վրաստանում նույնպես այդ փորձը հաջողությամբ կիրառել ու դարձել է նախագահ (վարդերի հեղափոխություն)։ Այնպես որ Սաակաշվիլին այսպիսի մեթոդով պայքարելու փորձ, իհարկե, ունի, սակայն այլ հարց է, թե կհաջողի դա Ուկրաինայում, թե ոչ։ Ակնհայտ է, որ երկրի ներսում Պորոշենկոն լուրջ խնդիրներ ունի, այլ հարց է՝ գործադիր, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները ինչ կերպ կարձագանքեն այդ հարցին ու արդյոք սատար կկանգնեն Սաակաշվիլիին, որովհետև ակնհայտ է, որ Վրաստանի նախկին նախագահը չի եզրափակվելու միայն Օդեսայով. նրա նպատակը ամբողջական իշխանափոխությունն է լինելու՝ ըստ իր հռետորաբանության։ Թե ինչպես կարձագանքեն մնացած կուսակցությունները, դեռ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ մոտ ապագայում քաղաքական կրքերը հանգեցնելու են դեռ ուշքի չեկած ու մասնատված երկրի հերթական ապակայունացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել