«Հին արքաներ» հեռուստաֆիլմի մասին շատ էի լսել և սպասում էի, թե վերջապես երբ է լինելու եթերում՝ համոզվելու համար՝ արդյոք այն ամենը, ինչի մասին խոսվում էր, համապատասխանում էր իրականությանը, թե ոչ: Սպասելիքներս իրականացան, ասեմ ավելին՝ ուզում եմ նշել հինգ կարևոր բաներ, թե ինչու արժի նայել այս հեռուստաֆիլմը: Իրականում ուրախ եմ, որ վերջապես հայկական իրականության մեջ հայտնվեց նման որակյալ նախագիծ, որը զերծ է կոմերցիայից:


1. Զերծ է ժարգոնից
Առաջին պայմաններից մեկը, որը կարող է ինձ վանել հայկական հեռուստասերիալներում, ժարգոնն է և վատ հայերենը: Հաճախ սցենարիստներին թվում է, եթե դերասանները խոսեն փողոցային լեքսիկոնով, դա կապահովի նրանց ռեյթինգը, և ցույց կտա, թե ինչ «մաչո» են նրանք: Այս հեռուստաֆիլմը թող շատ սցենարիստների համար օրինակ ծառայի, որ գեղեցիկ հայերենով սերիալներն ավելի գրավիչ են:
2. Պատմական հեռուստաֆիլմ
Սա առաջին պատմական հեռուստասերիալն է՝ նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Մեծ Հայքում ծավալվող դրամատիկ իրադարձությունների մասին: Այս հեռուստասերիալի կիզակետում արքունական դավադրություններ են: Կան սերիալներ, որոնք պարզապես նայում ես, անցնում-գնում են, մոռանում ես, որ անգամ եղել են այդպիսիք: Կամ, երբ մտածում ես՝ ինչ կարող է սերիալը ուսուցանել, հասկանում ես, որ ոչինչ: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել՝ այս սերիալը եզակի է նրանով, որ մնայուն արժեք է, և ինչ-որ բան կարող ես սովորել:
3. Որակյալ նկարահանումներ
Շարունակելով դրական կողմերը քննարկել՝ կառանձնացնեմ որակյալ նկարահանումների մասը: Իրականում անել պատմական հեռուստաֆիլմ այդքան էլ հեշտ չէ, այսինքն՝ դուք պատկերացրեք՝ ինչքան են աշխատել յուրաքանչյուր կադրի համար, ինչքան բարդ է եղել գտնել համապատասխան տարածքներ և նման այլ կարևոր բաներ: Դա անզեն աչքով էլ երևում է, և կարևոր չէ, որ ռեժիսուրայից և հեռուստատեսությունից հասկանաս: Նայում ես կադրերը, և երբեմն թվում է՝ հայկական հեռուստաֆիլմ չես նայում: Այդ փաստն էլ իսկապես ուրախացնող է, այսինքն՝ կարելի է ասել, որ հայկական հեռուստաշուկան մեկ քայլ առաջ է գնում:
4. Հագուստներ
Երևի ամենաբարդ և հետաքրքիր դետալներից մեկն էլ հագուստներն են: Ֆիլմի ստեղծագործական կազմը, փաստորեն, շատ լուրջ է մոտեցել իր աշխատանքին: Ներկայացրել են տվյալ ժամանակաշրջանի հագուստները:

5. Պրոֆեսիոնալ դերասանական կազմ
Իսկ վերջում ասեմ՝ ուրախ եմ, որ սերիալում ներգրավել են լավ և պրոֆեսիոնալ դերասանների: Այստեղ կարևորել են այնպիսի դերասանների, ովքեր կկարողանային սերիալում ճիշտ մասնակցություն ունենալ, չեն նայել՝ ով է ռեյթինգային, ում հաշվին կկարողանան ռեյթինգ հավաքել: Մի խոսքով՝ ի՞նչ եմ ուզում ասել, որ միայն ողջունելի է նման նախագիծը, և սա այն դեպքն է, երբ չես կարող ոչ մի բացասական բան ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել