Image result for ընդդիմությունՀայաստանյան ընդդիմության իլյուստրացիան

ՀՀ քաղաքական դաշտում առաջիկայում սպասվում են բավականին լուրջ քաղաքական գործընթացներ, որոնք պետք է կանխորոշեն հանրապետության ապագա տեսլականը: Այս «ռակուրսում» տեղին է որոշակի պարզաբանումներ ներկայացնել հայրենի ընդդիմության վերաբերյալ:

Սկզբում նշեմ, որ ՀՀ-ն ընդդիմությունների ստեղծման տեսանկյունից բավական հարմարավետ է, քանի որ այստեղ մշտապես ընդդիմության ստեղծման համար պարարտ հող կա: Մեզանում ընդդիմություններն առաջանում են մի քանի հիմնական ճանապարհներով.

Օբյեկտիվ իրողություններից առաջացած ընդդիմություն. սա գաղափարական ընդդիմություն է, որը ստեղծվում է հասարակության արդարացի բողոքի հիման վրա և անկեղծորեն առաջ է տանում հասարակության շահերը:

Ընդդիմադիր դարձած նախկին իշխանավորներ և նրանց հարող խմբեր:

Իրավիճակային ընդդիմություն. այս տեսակը մշտապես կարող է վերածվել ընդդիմության այն դեպքում, երբ իր գաղափարներն ու շահերը հակասում են ստեղծված նոր իրավիճակին:

Հայաստանում բավականին տարածված է նաև չորրորդ, կարելի է ասել՝ լաբորատոր պայմաններում ստեղծված ընդդիմություն (իշխանության գենով): Վերջինս ստեղծվում է իշխանության պրոյեկտով, աճում է շատ արագ, առանց էական խոչընդոտների:

ՀՀ բարձրագույն իշխանությունը մշտապես ունի նման իմիտացիոն ընդդիմության հավանական թեկնածուներ, որոնք ամեն պահի կարող են շատ արագ հայտնվել քաղաքական մարտադաշտում: Ընդդիմության տեսակները չեն սահմանափակվում վերը նշվածներով, այստեղ էականը ոչ թե տեսակների բազմազանությունն է, այլ արդյունավետության աստիճանը:

Անկախության 20 տարիների ընթացքում կարելի է մտաբերել միայն 1990-ական թթ. կեսերին գործող որոշ ընդդիմադիր ուժերի, որոնք, հիմնված լինելով հասարակության արդարացի պահանջի վրա, փորձում էին մինչև վերջ պայքարել հանուն հանրային շահերի: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այսպիսի ընդդիմադիր ուժերը, ինչ-որ պահի իշխանությունների հետ գալով կորպորատիվ համաձայնության, մոռանում են թե՛ հասարակությանը և թե՛ նրա հիմնական պահանջմունքը:

Հասարակությունն անցնում է հիասթափությունների սիստեմատիկ շրջափուլերով: Իշխանության և ընդդիմության հարաբերությունները վերածվում են իշխանություն-իշխանություն հարաբերությունների:

Ընդդիմությունը կորցնում է իր հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը, դրա հետ մեկտեղ վերանում է հասարակության և իշխանության միջև գոյություն ունեցող միջնորդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել