Image result for aleppo moscowՎերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանը Սիրիայի՝ մասնավորապես Հալեպի շրջանում հիմնականում միակողմանի հրադադար է հայտարարել, որոշ դեպքերում Մոսկվայի ազդեցությամբ ռեժիմին միացել են նաև Սիրիայի կառավարական ուժերը և նրանց հարող խմբավորումները: Կրակի դադարեցման բոլոր գործընթացներն ի վերջո ավարտվել են սիրիական իշխանությունների համար դիրքային կորուստներով, ինչը որոշ առումներով, անշուշտ, հարված է նաև Ռուսաստանի հեղինակությանը:

Այս համատեքստում այսօր՝ նոյեմբերի 4-ին, Հալեպի արևելյան շրջաններում ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից հումանիտար նպատակով հայտարարված հերթական միակողմանի միքանիժամյա հրադադարի հետևանքով կորուստներ ունի հենց ռուսական կողմը: Հակակառավարական խմբավորումների կողմից Հալեպի արևելյան շրջաններում բացված մարդասիրական միջանցքներից մեկի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել են շրջանում ծառայություն իրականացնող 2 ռուս զինծառայող. ըստ սիրիական որոշ աղբյուրների՝ ռուսական օդուժը վերսկսել է գործողությունները միջանցքների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Կասկածից վեր է, որ մարդասիրական, նաև մարտավարական նպատակներով հրադադարի այս վերջին փորձից հետո ռազմական գործողությունները Հալեպում տեղափոխվելու են ակտիվության նոր շրջափուլ, քանի որ նման քայլերն աստիճանաբար կորցնում են իրենց արդյունավետությունն, իսկ քաղաքի որոշ շրջաններում մնացած ընդդիմադիր խմբավորումները, ինչպես նաև նրանց արտաքին հովանավորները որևէ կերպ չեն ընդունում հրադադարի կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել