Image result for azerbaijan ukraineԲաքու–Կիև տանդեմ. Ուկրաինան փոխարինում է ռուսական նավթն ադրբեջանականով

«Укртранснефть»–ն ու «Укртатнафта»–ն արձանագրություն են ստորագրել ադրբեջանական նավթը Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան տեղափոխելու մասին։ Ադրբեջանական նավթը փոխարինելու է ռուսական նավթին։
«Укртатнафта»–ն ցանկություն ունի 2017-2019թթ.–ին «Azeri Light» տեսակի նավթը Օդեսայով տեղափոխել Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան։ Ծավալը կազմելու է տարեկան 1,3 միլիոն տոննա։ «Azeri Light» նավթի առաքումները նախատեսվում է սկսել 2017թ.–ի հունվարի մեկից։

Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը Ուկրաինայի նավթամթերքների ռազմավարական պաշարներն ապահովող օբյեկտներից մեկն է և այն բավարարում է ուկրաինական շուկայի ավելի քան 30 %–ը`օրը գործարանում մշակվում է 7000 տոննա նավթ։
Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ազեր Հուդիևը հայտարարել է, որ Օդեսա–Բրոդի նավթամուղով ադրբեջանական նավթի առաքումների վերականգնումը դեպի Ուկրաինա փոխշահավետ է, և այն բազմակողմ համագործակցության տարրերից մեկն է։

Ուկրաինան, ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ, ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ, և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝ Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:
Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են:

Ուկրաինան փորձելու է Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները ՌԴ-ն շրջանցելով Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար: Բաքուն ու Կիևը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ում ու այլ միջազգային հարթակներում քվեարկում միմյանց օգտին՝ հակահայկական բանաձևեր ընդունելով:

Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով՝ որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում՝ իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնք: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի. նրանք հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:

Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը: Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև վերջերս կնքվել է ռազմա-տրանսպորտային 10 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը: Այդ ինքնաթիռները նախատեսված են զորք, զինամթերք տեղափոխելու և դեսանտ իջեցնելու համար:

Արդեն իսկ հասկանալի է, թե այդ զինամթերքներն ու զինատեսակները ում դեմ է օգտագործելու Ադրբեջանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել