Pastinfo.am-ը գրում է.

«Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր, սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Ռոբերտ Ավետիսյանի կալանքի ժամկետն երկարացվել է ևս մեկ ամսով: Այսպիսով դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին: «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Ռ.Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Քննչական մարմինը դատարանին ներկայացրել էր ապացույցներ՝ քննչական գործողությունների արձանագրությունների առաջին էջերը միայն: Ըստ Ի.Պետրոսյանի, քննիչը հրաժարվել էր ներկայացրել դրանց ամբողջական տեքստերը, քանի որ այդ փաստաթղթերի բովանդությամբ ամբողջությամբ հերքվում է Ռոբերտ Ավետիսյանին առաջադրված անհիմն մեղադրանքը: Փաստաթղթերի մի մասն այդպես էլ չներկայացվեց վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Ի վերջո դատարանի պահանջով ամբողջությամբ հրապարակվել էր միայն մեղադրյալի և տուժողի՝ Ռուբեն Կոստանյանի (հանրության շրջանում հայտնի որպես «Բոգո»), առերես հարցաքննության արձանագրությունը, որին ներկա է եղել պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Այդուհանդերձ քննիչն ամեն կերպ դատարանում փորձում էր գաղտնի պահել այն ապացույցները, որոնցով միանշանակ ապացուցվում է Ռոբերտ Ավետիսյանի անմեղությունը իրեն առաջադրված մեղադրանքում:

Առերես հարցաքննության ժամանակ տուժողը պնդել էր, որ մեղադրյալը սպանության փորձ չի կատարել և իր ուղղությամբ զենք չի ուղղել, այսինքն՝ հերքել էր Ավետիսյանին ներկայացված մեղադրանքը:

«Փաստորեն Ռոբերտ Ավետիսյանը քրեական հետապնդման մարմինների կողմից անհիմն հետապնդվում է, քանի որ դեպքը տեղի է ունեցել «Բոգո» մականվամբ Ռ. Կոստանյանի օբյեկտում, ում կանչով էլ այնտեղ էր գնացել Ռոբերտ Ավետիսյանը: Ռոբերտ Ավետիսյանից ուղղակիորեն իր ազատության դիմաց ցուցմունքներ են պահանջում, թե՛ դատախազը և թե՛ դատավորը, ասելով՝ «ցուցմունք տուր, կազատվես, կգնաս տուն»: Այս ամենից էլ պարզ է դառնում, թե ում դեմ են ցանկանում օգտագործել Ռոբերտ Ավետիսյանին և ինչի համար են երկարացնում նրա կալանքի ժամկետը»,- ասաց պաշտպանը:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատարանի որոշումը անօրինական է, քանի որ դատարանում ապացուցվեց, որ կալանքը երկարացնելու որևէ հիմք առկա չէ, ամենակարևորը բացակայում է հիմնավոր կասկածը, սակայն նման պայմաններում դատարանը որոշեց երկարացնել կալանքի ժամկետը:

«Պաշտպանական կողմի գնահատմամբ, քրեական հետապնդում իրականացնող մարմինը՝ քննչական մարմինը, դատախազությունն ու դատարանը կարծես պատանդի կարգավիճակում են պահում Ռոբերտ Ավետիսյանին և ոչ մի կերպ չեն ցանկանում նրան ազատել կալանքից՝ թեև դատախազն ինքը հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում պետք է ազատ արձակեր նրան կալանքից»,- ասաց Ի.Պետրոսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է, նա կրկին պետք է վիրահատվի՝ միջադեպի ժամանակ նա լուրջ վնասվածքներ էր ստացել:

Ըստ փաստաբանի, իր պաշտպանյալի պարագայում ոտնահարվել են քրեական դատավարության օրենսդրության պահանջները, խախտվել ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու օրենքներով երաշխավորված իրավունքները, և մասնավորապես, նրա հիմնարար իրավունքը՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքը:

«Ռոբերտ Ավետիսյանը ոչ մի դեպքում չպետք է մնա պատանդի կարգավիճակում»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ հույս հայտնելով, որ Վերաքննիչ դատարանը, որտեղ իրենք անպայման բողոք են ներկայացնելու, վեր կկանգնի քրեական հետապնդում իրականացնող մարմինների քմահաճույքներից ու նրանց միջև ստեղծված փոխհարաբերություններից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել