Հանրահավաքն ավարտվեց, երթն ավարտվեց - և հայ մտավորականը ոտքով տուն էր գնում: Գրողների տան մոտ նա հանկարծակի հանդիպեց Արարչին: Ըստ ամենայնի, Արարիչը հայկական ծագում ուներ – մազերը հուրհեր էին, աչքերն էին արեգակունք: Արարիչը հարցրեց.
- Ո՞նց ես, հայ մտավորական, գո՞հ ես կյանքից, քո ապրած էս օրից…
Մտավորականի լեզուն փաթ ընկավ, ինչ-որ բան քրթմնջաց, հետո իրեն հավաքեց ու ասաց.
- Գոհ եմ, մեր Աստված, ոնց որ Սերժին գցելու ենք… Բայց չգիտեմ, թե Րաֆֆին ի՜նչ պետություն կստեղծի:
Արարչի ճակատով ամպ անցավ, հետո ճակատը պարզվեց, ու նա ասաց հայ մտավորականին.
- Տեսե՞լ ես, չէ՞, ինչ գեղեցիկ է ԾԱՂԻԿԸ: Տեսել ես: Ես ՁԵՎ ՍՏԵՂԾՈՂՆ եմ: Ես ծաղիկ ու աշխարհ Ստեղծողն եմ: Ես ու Հայ Արարիչ-Ազգը էս օրերին ՁԵՎ ենք ստեղծում: Հեղափոխության կավից Նոր Երկիր ենք ստեղծում… Բայց էդ ՁԵՎԻՆ դուք՝ մտավոր դասը, պետք է կյանք տաք, շունչ ու բովանդակություն տաք… Թե չէ՝ 88-ի նման, մեր ստեղծած հրեղեն ձևը ախտաժետ նյութապաշտությամբ լցրեցիք… Գնա ու իմացիր – ՆՈՐ ՁԵՎԸ հրեղեն կմնա, եթե ամեն րոպե, ամեն օր դուք ՁԵՎԸ լցնեք սիրով, հրով, կյանքով, գեղեցկությամբ… Իմ Արդարությամբ: Իմ Օրենքով
Այսպես ասաց Արարիչը: Մտավորականը խոր շունչ քաշեց և ուզեցավ ինչ-որ բան հարցնել:
Բայց հարցը դեռ մտավորականի բերանում էր, երբ Արարչի աչքերը շողացին, ճակատը շողաց, նա դարձավ բոց ու սուրաց վեր՝ դեպի հային բաժին ընկած երկինքը… 

Ասում են՝ կիրակի օրվա հանրահավաքին մեր մտավորականը պատմելու է իր ու Արարչի հանդիպման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել