www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Երազումս երկինք էի ընկել և կողքիս մի հրեշտակ հայտնվեց, ով ուղեկցելու էր ինձ և ծանոթացնելու այն ամենին, ինչ այնտեղ կա:

Մենք միասին քայլելով հասանք մի մեծ դահլիճի, որտեղ բազմաթիվ հրեշտակներ կային: Իմ հրեշտակը կանգ առավ ու ասաց՝

- Սա Ստացման վարչությունն է: Այստեղ մենք ստանում ենք Աստծուն ուղղված բոլոր խնդրագրերը և միջնորդագրերը, որ մարդիկ հղում են իրենց աղոթքներով:

Ես նայեցի շուրջս և տեսա, որ այստեղ մարդաշատ էր և աղմկոտ: Դահլիճում բազմաթիվ հրեշտակներ կային, ովքեր դասավորում էին խնդրագրերը՝ դրանք թղթեր էին՝ ուղարկված աշխարհի ամենատարբեր ծայրերից:

Հետո մենք քայլեցինք երկար միջանցքով, այնքան, մինչև չհասանք հաջորդ դահլիճին: Եվ հրեշտակն ասաց ինձ.

- Իսկ այստեղ Փաթեթավորման և Առաքման Վարչությունն է: Այստեղ Աստծու այն շնորհը, որի մասին խնդրում են մարդիկ, բաժանվում է ու առաքվում նրանց:

Եվ ես նորից նկատեցի, որ այստեղ շատ աղմկոտ է ու մարդաշատ: Հրեշտակների մի մեծ քանակություն էր աշխատում այս վարչությունում, քանի որ մարդիկ շատ բաներ են խնդրում Աստծուց:

Եվ ահա միջանցքի ծայրին մենք կանգնեցինք մի դռան առջև, որը բացվում էր մի փոքրիկ սենյակի վրա: Չափազանց զարմացա, երբ այնտեղ տեսա միայն մեկ հրեշտակի, ով պարապության էր մատնված:

- Իսկ սա Երախտագիտությունների Վարչությունն է, - ցածրաձայն ասաց իմ ընկեր հրեշտակը՝ մի փոքր ամաչելով:

- Այդ ինչպե՞ս է պատահում, որ այստեղ աշխատանք չկա անելու, - հարցրի ես: 

- Իհարկե շատ տխուր է, - հոգոց քաշեց հրեշտակը: - Այն բանից հետո, երբ մարդիկ ստանում են այն ամենը, ինչի մասին խնդրել էին, նրանցից շատ քչերն են մեզ ուղարկում իրենց Երախտագիտությունը:

- Իսկ ինչպե՞ս է պետք ուղարկել Երախտագիտությունը և ծանուցել, որ Աստծո Շնորհը ստացվել է, - հարցրի ես:

- Հեշտությամբ, - պատասխանեց հրեշտակը: - Ուղղակի ասա՝ շնորհակալ եմ, Տեր:

- Իսկ ինչի՞ դիմաց պետք է մարդիկ հայտնեն իրենց Երախտագիտությունը, - հարցրի ես:

- Եթե դու սառնարանում ուտելիք ունես և հագնելու շորեր, գլխիդ վրա տանիք ունես և քնելու տեղ, ապա դու ավելի հարուստ ես, քան աշխարհում ապրող մարդկանց 75% -ը: 

  Եթե դու բանկում գումար ունես, դրամապանակիդ մեջ նույնպես և մի քանի լումա էլ քո «կավե խոճկորի» մեջ, ապա դու արդեն մտնում ես աշխարհում ապրող մարդկանց 8% կազմող մեծահարուստների շարքերի մեջ:

  Եթե դու այսօր առավոտյան արթնանալով քեզ առողջ ես զգում, այլ ոչ հիվանդ, ապա ակնհայտ է, որ դու ավելի երջանիկ ես այն բազում մարդկանցից, ովքեր այսօր նույնիսկ մինչև օրվա վերջ չեն ապրելու:

 Եթե Դու երբևէ չես զգացել պատերազմի վախը, ազատազրկման մենությունը, խոշտանգումների հոգեվարքը կամ սովի տանջանքները... ապա դու հաստատ ավելի առաջ ես այս աշխարհում ապրող 700 միլիոն մարդկանցից:

 Եթե դու եկել ես քո եկեղեցի և կարող ես այնտեղ աղոթել առանց հետապնդման, ձերբակալման կամ մահվան տանջանքների վախի, ապա դու նախանձելի վիճակում ես գտնվում՝ համեմատած աշխարհում ապրող 3 միլիարդ մարդու հետ:

 Եթե ծնողներդ դեռ կենդանի են և դեռ ամուսնալուծված չեն... ապա դու արդեն հազվագյուտ մարդ ես:

 Եթե Դու կարող ես քայլել բարձր պահած գլխով և ժպտալ, ապա դու նորմային չես համապատասխանում՝ դու ունիկալ ես այն բոլոր մարդկանց համար, ովքեր գտնվում են կասկածի և հուսահատության մեջ...

 Իսկ եթե Դու ստացել ես այս հաղորդագրությունը, ապա դու մտնում ես աշխարհում ապրող մարդկանց այն 1%-ի մեջ, ում շանս է տրված:

- Լավ, լավ, իսկ ի՞նչ անեմ հիմա: Ինչի՞ց սկսեմ:

- Նրանից, որ եթե դու կարդում ես այս հաղորդագրությունը, ապա դու արդեն առիթ ունես քո Երախտագիտությունը հայտնելու, որ կարող ես կարդալ, քանզի աշխարհում ապրող մարդկանցից 2 միլիարդը ընդհանրապես չեն կարողանում կարդալ:

Լավ օր եմ ցանկանում Ձեզ: Անկեղծ շնորհակալություն հայտնեք այն ամենի համար, ինչ ունեք, ու կարծես թե սովորական է դարձել ձեզ համար, այնինչ երազանքի առարկա է աշխարհում ապրող մարդկանց մեծամասնության համար:

Մայքլ Պարկես  «Թաքցրած իրերի հրեշտակը»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել