Արևի շող կաթաց իմ սառած սրտին, նորից հույսի ցող, երգեր նորից ծնվող, ու կարծես երջանկության հեռավոր դայլայլ, բայց դեռ անդունդ...
Սիրտս երգում է, կարծես գտել է ինչ-որ հույս, գուցե գտել է, գուցե վախենում եմ խոստովանել, բայց լցվել եմ ինչ-որ դատարկ, աննշան լիությամբ...
Օծանելիքի բույր եմ զգում, այն խենթացնող է, իմը չէ, այլևս ես եմ նրանը:
Հայացք, աչքեր, ջերմություն, անհաս ճանապարհ, սուզվում եմ քո աչքերում, ուզում եմ հավատալ, թեկուզ ստեղծել, թեկուզ հորինել, հոգնել եմ սպասելուց, դարձիր իրական, ես կփոխվեմ, ես կծնվեմ, կսիրեմ, շատ կսիրեմ...
Ի՞նչ է սա, երազա՞նք, թե՞ իրական, հաճախ են հարցնում, իսկ պատասխա՞ն... Հմմմ, պարտադիր էլ չէ:
Տարվել եմ ուզում, խորտակվել քո հոգում, ապրել ժպիտով, ժպտալ անպատճառ, անառիթ, հիմարաբար ու քնքշաբար ու նույնքան էլ սիրով... Մի մոլեկուլ սիրով, որ մեծ է աշխարհից...
Մի պահ օտար ես, ծայրահեղ անծանոթ, մի պահ` իմն ես, ինձնից մի կտոր:
Չգիտեմ՝ ուր կտանի ճանապարհը:
Ուր էլ որ տանի...
Եկ գնանք...

Ինչպե՞ս է քո անունը, կանվանեմ երջանկություն...

Արնելա Այվազյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել