«Աբդուլա Ֆրեր» («Abdullah Freres») Պոլսի հանրահայտ լուսանկարչական ստուդիան հիմնադրվել էր երեք հայ եղբայրների՝ Վիգեն, Հովսեփ և Գևորգ Աբդուլաների (Յուրմուզյան) կողմից: Նրանք ծնվել էին Պոլսի հայկական մեծապատիվ ընտանիքում: Եղբայների ծնողներն էին Աբրահամ Աբդուլան (Յուրմուզյան) և Ռոզա Բենկլիյանը, իսկ Աբդուլա ազգանունը ստիպված էր եղել ընդունել դեռևս եղբայների պապը՝ Աստվածատուր Յուրմուզյանը, քանի որ աշխատելիս էր եղել սուլթանական արքունիքում:

Աբդուլա եղբայների, ովքեր, ի դեպ, փայլուն կրթություն էին ստացել Եվրոպայում, ֆոտոստուդիան բացվում է 1858 թվականին, շատ արագ մեծ համբավ է ձեռք բերում, և ընդամենը 5 տարի անց եղբայրները դառնում են արդեն սուլթանի արքունական լուսանկարիչները: Առաջին միջազգային ճանաչումը նրանք ձեռք բերեցին 1867 թվականին, երբ Փարիզում կայացած 2-րդ համաշխարհային ցուցահանդեսի Օսմանյան կասրության տաղավարում նրանք ներկայացրին իրենց կողմից արված բարձրակարգ լուսանկարչական բնապատկերները: Եղբայրները լուսանկարում էին նաև բազմաթիվ հանրահայտ մարդկանց, այդ թվում` Ֆրանսիայի կայսրուհի Էժենիին և Ուելսի արքայազն Էդվարդին` մայրաքաղաք Պոլիս այցի ժամանակ: Բացի Պոլսում գործող «Աբդուլա Ֆրեր» լուսանկարչատներից, 1886-ից բացվել և մեծ համբավ էր ձեռք բերել նաև Կահիրեի մասնաճյուղը:

«Աբդուլա Ֆրեր» ստուդիան հաջողության հասավ և Օսմանյան կայսրության մեծ քաղաքների առօրյա կյանքի լուսանկարչությունում, և մեծ վարպետությամբ արված դիմանկարային ժանրի պատկերներում: Եղբայների հիմնած լուսանկարչատունը գործեց մինչև 1900 թվականը, և պատմության մեջ մնաց որպես Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում այդ բնագավառի գործողներից լավագույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել