Ինչպե՞ս է ստացվում, որ ըստ ադրբեջանական լրատվականների ամեն անգամ հայկական կողմն է կրակ բացում իրենց վրա, բայց հենց Հայաստանի ՊՆ նախարարն է «խնդրում» Ադրբեջանին դադարեցնել կրակը:

Երեկ 1news_az-ն գրել էր, թե Սեյրան Օհանյանը «խնդրել է Սաֆար Աբիևին չկրակել»: Լուրը թուրքերը սիրով տարածեցին:

Իսկ իրականությունը հետևյալն է. կրակ բացում է Ադրբեջանը ու շատ հաճախ ու ոչ միայն պարզապես AK-ներով, այլ շատ ավելի մեծ տրամաչափի զենքերով ու մեծ քանակի դիպուկահարներով: Ընդ որում կրակելուց կրակում են ոչ միայն մեր դիտակետերի ուղղությամբ, այլև գյուղերի ու բնակելի շենքերի: Ու միևնույն է իրենց բանակ կոչվածում մահացածների թվով Ադրբեջանը տարածաշրջանի առաջատարն է:

Իսկ նախարարների միջև խոսակցությունը իրոք եղել է Աֆղանստանում ծառայություն անցնող երկրների ՊՆ նախարարների հանդիպման ժամանակ ՆԱՏՕ Բրյուսելի գրասենյակում: «Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում, խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլև առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուստեք կորուստներին: ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից»:

Հիշեցնեմ, որ մինչ այդ հայկական կողմը առաջարկել էր հեռացնել դիպուկահարներին սահմանագծից: Առաջարկը մերժվել էր Ադրբեջանի կողմից: Այնուհետև առաջարկել էր ստեղծել ընդհանուր հարթակ՝ սահմանային միջադեպերը հետաքննելու ուղղությամբ: Այս առաջարկը Ադրբեջանը նույնպես մերժել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել