featured

Ռուսական կայսրության անկումից հետո շատ ազգեր, այդ թվում նաև Անդրկովկասի ժողովուրդները, անկախություն ձեռք բերեցին: Բացառություն չէր նաև վրացի ժողովուրդը, որի Ազգային Խորհուրդը 1918թ. մայիսի 26-ին հայտարարեց անկախության վերականգնման մասին: Վրաստանի Ժողովրդական Հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ: Այն գոյատևեց ընդամենը 3 տարի, քանի որ, ինչպես հայերը, այնպես էլ վրացիները, հայտնվել էին ռուս-թուրքական շահերի մերձեցման շրջանակում:

Ռուսները և թուրքերն ամեն կերպ թուլացրին Վրաստանը, որն իր հերթին նպաստեց նորաստեղծ պետության անկմանը: Ընդհանրապես, այդ շրջանում ռուսները և թուրքերն ամեն կերպ օգնում էին Վրաստանում անջատողական տրամադրությունների սրմանը: Մասնավորապես, ռուսական կողմն ամեն կերպ օժանդակում էր աբխազների անջատողական խմբերին: Ռուսները և թուրքերը փորձում էին անջատողական տրամադրություններին էթնիկ բնույթ հաղորդել, սակայն իրականությունն այն էր, որ աբխազական անջատողական տրամադրությունները գլխավորում էին աբխազ բոլշևիկները, որոնք երկրում փաստացի 5-րդ շարասյան դեր էին կատարում: Նրանք ակտիվացել էին 1918թ. գարնանը: Նույն ժամանակ Խորհրդային Ռուսաստանից Վրաստան ներխուժեց ղազախական կարմիր գունդը, որի օգնությամբ աբխազները գրավեցին Սուխումին: Հետագայում, Վալիկո Ջուգելիի գլխավորությամբ, վրացական զորքը ջարդեց թշնամուն, ինչպես նաև վերջիններիս օգնության հասած թուրքական դեսանտին:

1918թ. հունիսին Վրաստանի Ժողովրդական Հանրապետության և աբխազների Ժողովրդական Խորհրդի միջև կնքվեց համաձայնագիր, որի համաձայն՝ Աբխազիայի ինքնավարության կառավարումը հանձնվում էր Աբխազական Ժողովրդական Խորհրդին: Աբխազների համար նմանատիպ արտոնություններով փաստաթուղթը բավարար չէր: Նրանք ձգտում էին լիակատար անջատվել Վրաստանից և միանալ Խորհրդային Ռուսաստանին:

Ռազմական գործողությունները վերսկսվեցին: Վրացական բանակը Գեորգի Մազնիաշվիլիի գլխավորությամբ հետ գրավեց Սուխումին և Գագրան: 1919թ. Աբխազական Ժողովրդական Խորհուրդը որոշում ընդունեց Վրաստանի կազմ մտնելու մասին: Այն Վրաստանի կազմի մեջ էր հայտնվում ավտոնոմիայի տեսքով: Վրաստանի տարածքային ամբողջականության համար վտանգ էր նաև ռուսների օգնությամբ ստեղծված Հարավային Օսեթիայի Ազգային Խորհուրդը: Այն ռուսների օգնությամբ անջատողական գործողություններ էր իրականացնում: Նրանք փորձում էին Շիդա Քարտլի բնակավայրը և Հարավային Օսեթիան միավորել Հյուսիսային Օսեթիային, այսինքն՝ Ռուսաստանին:

1918 թվականին վրացական ուժերը ճնշում են Շիդա Քարթլիի խռովությունը: Հարավ-օսեթական անջատողական գործողություններն ակտիվացան այն ժամանակ, երբ Խորհրդային բանակը մոտեցավ Վրաստանի սահմաններին: Անջատողականները, որոնց գլխավորում էին բոլշևիկները, գտնում էին, որ Հարավային Օսեթիան անմիջապես պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, իսկ Վրաստանի մնացած մասը պետք է մտնի Թիֆլիսի և Քութայիսի գուբերնիաների տեսքով: Հետագայում՝ 1920 թվականին, Շիդա Քարթլիում վրացական զորքերը կրկին ճնշեցին անջատողականներին: Ռուսաստանը որոշ ժամանակ ստիպված էր մոռանալ Վրաստանի մասին:

Հարաբերությունները հարթ չէին նաև թուրքերի հետ: 1918թ. մարտի 3-ին ռուսները թուրքերին էին զիջել վրացական Բաթումի մարզը: 1918թ. հունիսին Բաթումի պայմանագրով ամրագրվեց Բաթումի զիջումը թուրքերին: Հետագայում, Մուդրոսի զինադադարի համաձայն, թուրքերը լքեցին Անդրկովկասում իրենց կողմից օկուպացված տարածքները: Մուդրոսի զինադադարից հետո Աջարիան զբաղեցրին անգլիական զորքերը: Անգլիական օկուպացիան տևեց մինչև 1920 թվականը: Այդ ընթացքում մեծ գործ կատարեցին հայտնի գործիչներ Մեհմեդ, Ասալ և Զիա Բեգ Աբաշիձեները, ովքեր Բաթումում համագումար հրավիրեցին և պահանջեցին Աջարիայի վերամիավորումը հայրենի Վրաստանին: Նրանց ջանքերով Աջարիան վերամիավորվեց Վրաստանի հետ:

Այդ շրջանում բոլշևիկները, հաղթանակ տանելով քաղաքացիական պատերազմում, սկսեցին ռուսական կայսրության նախկին տարածքների վերականգնման գործընթացը: Անդրկովկասում նրանց թիրախները Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն էին: 1920թ. ապրիլին խորհրդայնացվեց Ադրբեջանը: Վրաստանի խորհրդային օկուպացիայի գործով սկսեց զբաղվել վրացի բոլշևիկ Օրջոնիկիձեն: 1920թ. մայիս ամսին խորհդային զորքը շարժվեց դեպի Վրաստան: Նույն ժամանակ սկսվեցին ռուս-վրացական բանակցությունները: Մայիսի 7-ին ռուսները ճանաչեցին Վրաստանի անկախությունը: Վրաստանի օկուպացիայի հարցը ժամանակավորապես հետաձգվեց:

Իրադրությունը փոխվեց դեկտեմբերին, երբ Հայաստանը ռուս-թուրքական օկուպացիայի ենթարկվեց: Այդքանից հետո պարզ դարձավ, որ Վրաստանի օկուպացիան ընդամենը ժամանակի հարց էր: Ռուսները Վրաստանի օկուպացիային պատրաստվում էին նաև դիվանագիտական ճակատում: Լենինն այնպես արեց, որ Արևմտյան Եվրոպայի երկրները սատար չկանգնեն վրացիներին: Բանն այն է, որ պատերազմից հետո արյունաքամ եղող եվրոպային խիստ անհրաժեշտ էր ռուսական շուկան: 1920 թվականը նաև ռուս-թուրքական մերձեցման տարի էր: Լենինը թուրքերին դիտարկում էր որպես դաշնակից «Անտանտի» երկրների դեմ: Երկու երկրների քաղաքական առևտրի պատճառով հայերը և վրացիները զգալի տարածքներ կորցրին: Վրաստանի դեմ պատրաստվող ռազմական գործողություններից առաջ ռուսական կողմը մեղադրեց վրացիներին 1920թ. մայիսի 7-ի համաձայնագիրը խախտելու մեջ: Միաժամանակ ռուսական քաղաքական շրջանակները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ Վրաստանը ռազմական գործողություններ է պլանավորում: 1921թ. ձմռանն արդեն պատրաստ էր Վրաստանի դեմ գործողությունների ճանապարհային քարտեզը: 11-րդ կարմիր բանակը պետք է Վրաստան մտներ իբր ապստամբած աշխատավորների իրավունքները պաշտպանելու համար:

Փետրվարի 11-ի գիշերը Բորչալինի համայնքի գյուղերում խռովություններ սկսվեցին: Խորհրդային պրոպագանդան ստեղծված իրավիճակը որակեց որպես վրացի աշխատավորների ընդվզում: Կարմիր բանակը սկսեց ծրագրած հարձակումը: Ռազմական գործողությունների սկզբնամասում հաջողությունը ռուսների կողմն էր: Փետրվարի 19-ին Թբիլիսիի մոտակայքում վրացական զորքը լուրջ հարված հասցրեց 11-րդ կարմիր բանակին և ստիպեց նրան նահանջել: Փետրվարի 20-ին կարմիր բանակայինները պարտություն կրեցին Կոջորի շրջանում: Այդ շրջանում ռուսական կարմիր բանակին Հայաստանից օգնության հասավ 8-րդ բանակային կորպուսը: Փետրվարի 20-21-ը ռուս օկուպանտները կրկնակի ուժերով գրոհներ ձեռնարկեցին: Վրացիները մեծ մասամբ կարողացան հետ մղել դրանք:

1921թ. փետրվարի 24-ին գեներալ Գեորգի Քվինիտաձեն որոշեց նահանջել Թբիլիսիից և Մցխեթիի մոտակայքում նոր պաշտպանական գիծ ստեղծել: Այդ ծանրագույն որոշման պատճառ էր հանդիսացել այն միտքը, որ վրացական բանակն անկարող էր պաշտպանել Թբիլիսին: Մյուս կողմից մայրաքաղաքը լքելը լրջագույն հոգեբանական հարված էր բանակի համար: Փետրվարի 25-ին ռուսները մտան Թբիլիսի: Վրացական կառավարությունը տեղափոխվեց Բաթում: Բնակչությանը կարմիր բանակայինների ջարդից ապահովագրելու համար կառավարությունը սկսեց բանակցություններ իրականացնել: Մարտի 17-18 Քութայիսիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին որոշում ընդունվեց: Իրադրությունից փորձեցին օգտվել նաև թուրքերը, ովքեր փորձեցին հարձակում ձեռնարկել Բաթումի ուղղությամբ: Սակայն վրացիները կարողացան հետ մղել դա:

Այսպիսով, ռուս-վրացական պատերազմի արդյունքով Վրաստանը ենթարկվեց Խորհրդային Ռուսաստանի օկուպացիային: Վրացիների կորուստներն այսքանով չավարտվեցին: 1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում թուրքերի հետ կնքվեց պայմանագիր, որում իր դերակատարումն ուներ նաև Ռուսաստանը: Կարսի պայմանագիրը մեծ հաշվով մարտի 16-ի ռուս-թուրքական մոսկովյան պայմանագիրն էր, ուղղակի այն տարբերությամբ, որ Կարսի պայմանագրի կնքմանը մասնակցում էին նաև Անդրկովկասի խորհրդային պետությունների ներկայացուցիչները: Այս պայմանագրի համաձայն՝ վրացական կողմից վերցվեց և Ադրբեջանին տրամադրվեց Վրաստանի արևելյան հատվածը` Զակատալայի շրջանը: Սովետական Ռուսաստանն օկուպացնելով Վրաստանը ձեռնամուխ եղավ նրա մասնատմանը: 1921թ. մարտ ամսին Օրջոնիկիձեի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի արդյունքում որոշվեց ստեղծել Աբխազիայի Սոցիալիստական Հանրապետությունը: Հետագայում, հանդիպելով վրացիների դիմադրությանը, Մոսկվան չեղարկեց այդ որոշումը: Մասնատման գործընթացում իր դերը կատարեց նաև Հարավային Օսեթիան: 1921թ. այդ երկրամասի հեղկոմը և կոմունիստական կուսակցության կենտկոմը բանաձև ընդունեցին, որի համաձայն Հարավային Օսեթիան հռչակվում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: Հետագայում, սակայն, վրացիների դիմադրության շնորհիվ Հարավային Օսեթիան, որպես ավտոնոմ միավորում, կրկին մտավ Վրաստանի կազմի մեջ: Տարածաշրջանն օկուպացնելուց հետո Խորհրդային Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Անդրկովկասյան Դաշնության ստեղծմանը: Նպատակը պարզ էր. պետք էր վերացվեին Հայաստան, Ադրբեջան և Վրաստան հասկացությունները: Դա խորհրդային կայսրության կողմից հարված էր տեղի ժողովուրդների ազատագրական նկրտումներին:

1922 թվականի մարտին ստեղծվեց այդ միությունը, իսկ 1922թ. դեկտեմբերի 30-ին ստեղծվեց Խորհրդային Միությունը: Խորհրդային օկուպացիայից հետո Վրաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ստիպված էր հեռանալ երկրից: Երկրի առաջին դեմքերը կառավարության ներկայացուցիչ Նոյե Ժորդանիայի գլխավորությամբ ստեղծեցին նոր կառավարություն, որը գործելու էր դրսում և ամեն ինչ անելու էր երկրի անկախության վերականգնման համար: Ինչպես նշեցինք, այդ շրջանում Արևմտյան Եվրոպայի երկրները ձգտում էին լավացնել իրենց հարաբերությունները Խորհրդային Ռուսաստանի հետ և այդ պատճառով չէին հետաքրքրվում Անդրկովկասի ժողովուրդների ճակատագրով: Ավելին, նրանք խնդիրներ էին ստեղծում վտարանդիության մեջ գործող վրացական կառավարության համար:

Խորհրդային օկուպացիայից հետո իրավիճակը Վրաստանում ավելի վատացավ: Սկսվել էին «Կարմիր տեռորի» ժամանակները: Գյուղացիներից բռնի կերպով բռնագրավվում էր ունեցվածքը: Տեղի էին ունենում համատարած գնդակահարություններ: Մարդկանց շրջանում համատարած դժգոհություն կար: 1921 թվականին սկսվեց ազգային ժողովրդական շարժումը, որն ընդգրկեց ամբողջ Սվանեթի համայնքը: Մարդիկ ջարդուփշուր էին անում հեղկոմների գրասենյակները: Հետագայում ապստամբություններ սկիզբ առան այլ բնակավայրերում: Ապստամբության ղեկավարները պատվիրակություն ուղարկեցին Թբիլիսի՝ պահանջելով երկրից դուրս բերել ռուսական զորքերը և ազատ ընտրություններ անցկացնել: 1922թ. գարնանը տեղի ունեցավ Ջենովայի միջազգային կոնֆերանսը, որի ժամանակ վտարանդիության մեջ գտնվող կաթողիկոս Ամբրոսի Հելայան միջազգային հանրությանը ներկայացրեց Վրաստանի խնդիրը: Ներկայացվող փաստաթղթում ներառված էին ռուսական զորքերի դուր բերման և նոր ընտրությունների պահանջները:

Նույն թվականին ստեղծվեց «Վրաստանի անկախության կոմիտեն», որը կարճ ժամանակ անց դարձավ քաղաքական լայնամասշտաբ կառույց: Վերջինիս կազմում էին ներառվել ազգային լիբերալներն ու սոցիալ դեմոկրատները: Հետագայում ստեղծվեց «Զինվորական կենտրոն» կառույցը: Այդ կառույցում էին հայտնի գործիչներ Գոգիտա Պագավան, Իվանե Նարեկիլաձեն և այլք:

1922թ. Չոլոկաշվիլիի ջոկատը պարտիզանական պայքար սկսեց: Պայքարի կենտրոնն այս անգամ Դուշեթին էր: Վրացի զինվորականները ռուսական զորքին ջախջախելու ծրագիր էին մշակել, սակայն ռուսական համալրված զորաջոկատները կարողացան շրջափակել պարտիզանական զորաջոկատներին: Վրացական հրամանատարությունը կարողացավ ճեղքել պաշարումը: Ռուսական օկուպանտները՝ հետապնդելով վրացիներին ճանապարհին ավերում էին վրացական գյուղերը: Ապստամբությունը պարտություն կրեց: Ապստամբության ճնշումից հետո ռուսները սաստկացրին տեռորի քաղաքականությունը: 1923 թվականին ձերբակալվեց «Զինվորական կենտրոն»-ի ամբողջ կառույցը: Ձերբակալվեցին նաև գեներալներ Կոթե Աբխազին, Ալեքսանդր Մուսխելիշվիլին: 1922թ. նոյեմբերին Վրաստան վերադարձավ երկիրը հարկադրված լքած Նոյե Հոմերիկին, ով Միխայիլ Ջավախաշվիլիի հետ նոր շունչ տվեց վրացիների պայքարին: Նրանք ղեկավարում էին «Զինվորական կոմիտե» կազմակերպությունը: 1923թ. ձերբակալվեց Նոյե Հոմերիկին:

1924 թվականին ապստամբության հերթական բռնկումը տեղի ունեցավ: Շարժման ղեկավարությունն ապստամբությունը ծրագրում էր իրականացնել փետրվարին, սակայն խորհրդային իշխանությունները հենց այդ ժամանակ ձերբակալեցին ղեկավար կազմի անդամներ Գոգիտա Պապավային, Գեորգի Ցինամդզգվրիշվիլիին և «Զինվորական Կոմիտեի» այլ անդամների: Նախապատրաստվող ապստամբության ղեկավար նշանակվեց գեներալ Սպիրիդոն Չավչավաձեն: Որոշվեց ապստամբությունը սկսել միաժամանակ մի քանի համայնքներում հենց նույն օրը: Ապստամբությունից 10 օր առաջ ձերբակալվեց գեներալ Վալիկո Ջուգելին: Խորհրդային կառավարությունը զորամիավորումները վերադարձրեց Թբիլիսի և արտակարգ դրություն հայտարարեց: Սկսվեց բռնաճնշումների մի նոր փուլ: Ձերբակալում էին բոլորին, ում կասկածում էին ապստամբության հետ կապ ունենալու մեջ: Ռեպրեսիաները մեծ թափով շարունակվեցին ապստամբության մյուս խոշոր կենտրոն համարվող Բաթում քաղաքում: Այնուամենայնիվ, օգոստոսի 28-ին Չիատուրե համայնքում սկսվեց ապստամբությունը: Խորհրդային ղեկավարությունը համայնք ուղարկեց պատժիչ զորաջոկատներ: Օգոստոսի 29-ին ապստամբությունն ընդգրկեց ամբողջ երկիրը: Այնուամենայնիվ, ոտքի ելած ժողովրդական զանգվածները չունեին ղեկավարող ուժ: Դրան գումարած, ապստամբական խմբերը չկարողացան միահամուռ ուժերով արշավել Թբիլիսիի վրա: Պատժիչ զորաջոկատները մի քանի օրվա ընթացքում դաժանորեն ճնշեցին ապստամբությունը Գորիում, Իմերեթիում, Մեղրելիում, Սվանեթիում և Կախեթիում: Սեպտեմբեր ամսվա սկզբին ձերբակալվեցին Կոնստանտին Անդրոնիկաշվիլին և Յասոն Ջավախաշվիլին: Ապստամբության մարումից հետո ռեպրեսիաները շարունակվեցին: Շատերին առանց դատ ու դատաստանի պարզապես գնդակահարում էին: Նույնիսկ դաժանություններից առանձնապես չխորշող Օրջոնիկիձեն իր ելույթներից մեկում նշեց. «… զանգվածային գնդակահարությունների հարցում մենք մի փոքր չափն անցանք, սակայն եղածը եղած է: Այլևս ոչինչ չես կարող անել»: 1925թ. ապստամբության բազմաթիվ ղեկավարներ աքսորվեցին Սիբիր: Ընդհանրապես խորհրդային կարգերի հաստատումից հետո ռեպրեսիաները սովորական երևույթ դարձան:

Բոլշևիկները գնդակահարությունների և դեպի Սիբիր աքսորի միջոցով էին «սոցիալիզմ» կառուցում: 1924թ. ապստամբությունից հետո ռեպրեսիաներն ավելի մեծ թափ ստացան: Դրանց շնորհիվ արդեն 1920-ականների կեսին խորհրդային ղեկավարությունը զգալի հաջողություններ գրանցեց ընդդիմադիրների, անկախականների և այլախոհների դեմ պայքարում: Լիովին ոչնչացվեց երկրի բուրժուազիան որպես դասակարգ: Վրաստանյան էլիտայի մյուս ներկայացուցիչները, ովքեր վտանգավոր էին խորհրդային ռեժիմի համար արդեն կորցրել էին իրենց ազդեցությունը երկրում:

Խստագույն հալածանքների էր ենթարկվում նաև եկեղեցին: Շատ հոգևորականներ աքսորվեցին կամ բանտարկվեցին: Անխնա տեռորի էր ենթարկվում նաև մտավորականությունը: 1920-ականների վերջին սկսվեցին Ստալինյան ռեպրեսիաները: Ստալինյան տեռորի ժամանակ ֆիզիկապես ոչնչացվեցին միլիոնավոր մարդիկ: Այդ ժամանակ Սիբիրում սկսել էին գործել համակենտրոնացման ճամբարներ կամ «Գուլագներ», որոնք ԽՍՀՄ ժողովուրդների աքսորավայրերն էին: Զանգվածային տեռոր տեղի էր ունենում ոչ միայն Վրաստանում, այլև Խորհրդային բոլոր հանրապետություններում: Վրաստանում ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանը կապված է ոչ պակաս արյունարբու մեկի՝ Լավրենտի Բերիայի անվան հետ: Բերիան վրացական կենտկոմի քարտուղարն էր: Մոսկվայից ստացած ցուցումներով նա ոչնչացնում էր վրաստանյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին: Ոչնչացվում և բանտարկվում էին նաև բոլշևիկյան կուսակցության այն ներկայացուցիչները, ովքեր համաձայն չէին «ստալինյան գծի» հետ:

Ինչպես նշվեց, ռեպրեսիաները չշրջանցեցին նաև վրացի մտավորականությանը: Դեռևս 1920-ականներին վրացի մտավորականությունը, հասկանալով բոլշևիզմի վտանգները, անձնուրաց պայքար էր մղում անկախության վերականգնման համար: Մտավորականների համար կոմունիստական ռեժիմն առավել անտանելի էր, քանի որ այն համակարգված ձևով կոտրում էր անհատին և նրանից դասական կենսաբանական զանգված ստանում: 1930-ականներին ռեպրեսիաների ենթարկվեցին Միխայիլ Ջավախաշվիլին, Եվգենի Միկելաձեն, Ալեքսանդր Ախմետելին, Տիցիան Տաբիձեն, Վախթանգ Կոտետեշվիլին և այլք: Ինքնասպանություն գործեց Պաոլո Յաշվիլին, իսկ մնացած մտավորականները թեև ողջ մնացին, սակայն իրենց վրա զգացին կոմունիստական համակարգի ամբողջ ներուժը: Մտավորական Իվանե Ջավախաշվիլին ստիպված հեռացավ Թբիլիսիի պետական համալսարանից և լուսավորչական այդ կենտրոնը լրջագույն հարված ստացավ: Այսպիսով, 1930-ականների ռեպրեսիաները խորը հոգեբանական հետք թողեցին վրացի ժողովրդի վրա: Երկրի մտավորականության աքսորով և բանտարկություններով մի ամբողջ սերնդի գլուխ կտրվեց, որի հետևանքերը հաղթահարելու համար տարիներ պահանջվեցին:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել