Картинки по запросу алеппоՎերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում ռազմական իրավիճակի սրման փորձերը, որոնց հետևում կանգնած են հիմնականում հակակառավարական խմբավորումները, բովանդակային և կատարողական տեսանկյունից պարունակում են նաև գրագետ կերպով մշակված մարտավարական քայլեր:

Մասնավորապես, դրանց շարքում կարելի է առանձնացնել անակնկալ հարված հակառակորդի թիկունքից, մահապարտ-ահաբեկիչների մասնակցությամբ զանգվածային գրոհներ, նոր ձեռքբերված սպառազինությունների, հատկապես՝ հրթիռային համակարգերի ակտիվ կիրառում և այլն: Նույն տրամաբանության շրջանակներում ընդդիմադիր խմբավորումների հաջորդ մարտավարական քայլը Հալեպի՝ կառավարական ուժերի կողմից վերահսկվող գոտիները երկրի այլ շրջանների հետ կապի, ցամաքային մատակարարումների միակ ուղու՝ Խանասերի ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելն է:

Վերոգրյալի համատեքստում ընդդիմադիր առանցքային խմբավորումներից «Ահրար ալ-Շամ» կառույցն անցած 2 օրերի ընթացքում մի շարք հարձակումներ է նախաձեռնել Խանասեր բնակավայրի արևմտյան սահմանների ուղղությամբ՝ որոշակի վտանգ ստեղծելով ռազմավարական նշանակության ճանապարհի օգտագործման հարցում: Եվ, չնայած դիրքային որևէ փոփոխություն չի գրանցվել շրջանում, այնուամենայնիվ, «Ահրար ալ-Շամի» ղեկավար շրջանակները խոստացել են բոլոր հնարավոր միջոցներով խափանել Հալեպի արևմտյան շրջանների կապն արտաքին աշխարհի հետ: Ի դեպ, սիրիական հակամարտության անցյալ 5 ու կես տարիների ընթացքում ընդդիմադիր զինյալներին հաջողվել է մի քանի անգամ վերահսկողություն հաստատել շրջանի նկատմամբ, ինչը էականորեն վատթարացրել է մարդասիրական և կենցաղային վիճակը քաղաքում:

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ սիրիական կառավարական ուժերը ևս գիտակցում են իրավիճակի լրջությունն, ավելին՝ դիմում են հավելյալ քայլերի Հալեպում սեփական դիրքերն ավելի ամրապնդելու և կորցրած շրջանները վերադարձնելու նպատակով: Դրա համար քաղաք են տեղափոխվել սիրիական բանակի «Վագր» և «Անապատի բազեներ» էլիտար ստորաբաժանումները, որոնց հիմնական գործելաոճը հակառակորդի թիկունքում հատուկ նշանակության գործողությունների իրականացումն է:

Վերոնշյալը հիմք ընդունելով՝ միանշանակորեն կարելի է փաստել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացում Հալեպում ծավալվելու են բավական ակտիվ ռազմական գործողություններ, որոնք որոշակի հետաքրքրություն են ներկայացնելու նաև մարտավարական տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել