Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը։ Իրականում նման համաժողովներ, հանդիպումներ շատ են տեղի ունենում և սովորական են Վրաստանի և մեր երկու հարևան թուրքական պետությունների միջև։
Թե որքանով է իրականում շահում Վրաստանը այս երկու երկրների հետ տնտեսական համագործակցությունից, սա դեռ երկար քննարկման առարկա է, բայց այն, որ Թուրքիան և Ադրբեջանը այս համագործակցությունից շատ ավելի շատ են շահում, քան Վրաստանը, սա միանշանակ է։ Իրականում հիմա վրացական ողջ տնտեսությունը անասելի մեծ կախվածության մեջ է թուրքական այս երկու պետություններից։ Ասածիս հիմնավորման համար բավական է բերել այն օրինակը, որ ադրբեջանական հայտնի նավթային Սոքար ընկերությունը Վրաստանի թիվ մեկ ամենախոշոր գործատուն է։
Բայց եթե այս տնտեսական կախվածությունից էլ վերանանք, Վրաստանն այսօր թուրքական մշակութային, քաղաքական և քաղաքակրթական լուրջ ազդեցության տակ է։ Եվ Վրաստանում վերջին շրջանում հակաիսլամական տրամադրություններն ու հարձակումները այն բանի վառ վկայությունն են, որ սա շատ լավ հասկանում են նաև վրացական հասարակությունն ու քաղաքական մի շարք ուժեր։
Հ. Գ. Կարծում եմ՝ ավելորդ է խոսել այն մասին, որ Վրաստանի թուրքացումը մեծ, աներևակայելի մեծ սպառնալիք է Հայաստանի համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ են գիտակցում Հայաստանի վերջնական շրջափակման գործում Վրաստանին կախվածության մեջ գցելու նշանակությունը։
Հ.Գ.Գ. Սա պետք է նկատի ունենա մեր պետությունը և հայ-վրացական հարաբերություններին նոր որակ հաղորդելու նախաձեռնություն վերցնի իր վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել