Պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը «Ազգ-բանակ» գաղափարախոսության կյանքի կոչման դրույթների մասին հետաքրքիր էր և ողջունելի։ Սա հենց այն է, ինչ պետք է երկու կողմից թշնամիներով շրջապատված և մշտապես պատերազմի սպառնալիքի տակ գտնվող պետության և հասարակության համար։
Այն, ինչ ասաց նախօրեին Վիգեն սարգսյանը, շատ գեղեցիկ էր ու ձևակերպված և շատ գեղեցիկ էր հնչում, բայց եթե մենք ուզում ենք Իսրայելի օրինակով, մոդելով ազգ-բանակ մեկ ամբողջ միասնություն ունենալ, առաջին հերթին պետք է վերացնենք բանակը կեղեքող գեներալներին, որոնք նույնիսկ ապրիլյան պատերազմից հետո դեռ շատ են պաշտպանական գերատեսչությունում և նույն ախորժակով շարունակում են լափել մեր զինվորների բաժին հացն ու նորմալ սպառազինության միջոցները։
Պետք է սկսել հենց այստեղից՝ արմատախիլ անելով ոչ միայն կոռումպացվածներին, այլ նաև ամենաթողներին, որոնց լակոտները բանակում, օրինակ, կարող են Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում ապագա զինվորականների դաժան ձևերով սպանել։
Այն, ինչ ասաց Վիգեն Սարգսյանը ազգ-բանակ գաղափարախոսության իրագործման մասին, հարցի ամենահեշտ, տեխնիկական կողմն է, որը կարելի է գործի դնել շատ կարճ ժամանակում, եթե բանակում վերանան կոռուպցիան և ամենաթողները, իսկ քանի դեռ այս երկու գործոններն են դեռ տիրապետողը բանակում, նախարարի ելույթը նախկինում հնչած նմանօրինակ ընդամենը գեղեցիկ և լավ շարադրված ելույթներից է, ոչ ավելին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել