Pastinfo.am-ը գրում է.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով դատավճռի դեմ բողոքների քննությունը նշանակված է նոյեմբերի 10-ին` ժամը 12.00-ին:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, գործով նախագահող դատավորը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն է, դատավորներն են՝ նույն դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանն ու Սերգեյ Չիչոյանը:

Հիշեցնենք, որ դատավճռի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան երեք բողոք է ներկայացվել՝ մեկը պաշտպանական, երկուսը՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից:

Մասնավորապես, Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում է բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Պաշտպանը խնդրում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդում են բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում է բեկանել և փոփոխել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:

Աղբյուր` Փաստինֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել