Երբ սիրելիդ ամնեզիա՝ հիշողության կորուստ ունի, երբեմն ամեն օր պետք է հիշեցնես, թե ով ես, ինքը ով է, ինչ հարաբերություններ ունեք։ Ու սիրելի անձը չի զլանում ամեն օր դա անել, չէ՞ որ սիրում է, չէ՞ որ հարազատ է։

Հիմա մենք ենք, ամեն օր Երևանի սրտում ինչ-որ բարբարոսությունից հետո պետք է հիշեցնենք, որ սիրում ենք Երևանը, որ այն մեզ հարազատ է։ Երբ 2012 թվականին ակտիվիստների կողմից ամիսներ շարունակ չթույլատրվեց Երևանի պուրակներից հերթականը՝ Մաշտոցի պուրակը չապականել, քաղաքական դաշտին կրկին հիշեցվեց, որ Երևանը հարազատ է։ Խառնվեց ՀՀԿ-ն, խառնվեց վարչապետը, խառնվեց քաղաքապետը ու վերջում՝ «Տարո՛ն, սիրուն չի» ձևակերպմամբ վերականգնվեց նախագահի կողմից Երևանի հարազատ լինելու ամնեզիան։

Որոշվեց, որ Երևանի կենտրոնն ուրիշ է, որ «Երևանի կենտրոնի հանդեպ հետաքրքրությունն ու պահանջները շատ մեծ են»։ Սա իմ խոսքերը չեն, սա այն ժամանակ արտահայտած Նարեկ Սարգսյանի խոսքերն են։ Ի պատիվ այն ժամանակվա կառավարության՝ հրավիրվեցին մի շարք ճարտարապետներ ու այլ մասնագետներ, տեղի ունեցան լայնամասշտաբ քննարկումներ, ու ի վերջո որոշվեց, որ Երևանի կենտրոնի համար քաղաքաշինական այլ մոտեցում է անհրաժեշտ։ Բյուրոկրատները հեշտ են մոռանում, որ պետք է սիրել Երևանը։ Նրանց պատասխանն է՝ «օրենքով ոչինչ անել չենք կարող» կամ «սեփականատերն է որոշում» կամ էլ «մեր ցուցակում այդ շենքը չկար ...»։ 2013 թվականին հաստատվեց «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքի» հայեցակարգը։ Պահանջվեց 3 տարի, որպեսզի հայեցակարգը դառնա օրենք։ Սեր չկար։ Որ սեր լիներ, մեկ ամսում կանեին։ 2016 թվականի հունվարին օրենքի նախագիծը մտավ ԱԺ, մտավ ու այդպես էլ մնաց օրակարգում։ Դեռ այնտեղ է։ Ու հիշեցինք կամ ավելի ճիշտ ստիպված նոր կառավարությանն ու հին քաղաքապետարանին հիշեցրեցինք, որ սիրում ենք Երևանը, երբ տեղի ունեցավ պայթյունը։ Մաշտոցի պուրակից մինչև պայթյուն։

2012 թվականից մինչև 2016 թվական։ Ես սպասում եմ, սպասում եմ, թե երբ մեր իշխանությունները կապացուցեն, որ սիրում են Երևանը, որ այն հարազատ է, որ չենք մոռացել նրա մասին, որ «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին օրենքն» ի վերջո ընդունվի, ու ստանդարտ բյուրոկրատական «սեփականատերի որոշումն է» պատասխանների տակ չթաքցնեն Երևանի հանդեպ անտարբերությունը։

Ամեն անգամ բողոք կամ պայթյուն չպիտի լինի, որ հիշեցնենք, որ սա Երևանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել