Ձվային սուրճ, Վիետնամ

Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս երկու մթերքներից իրականում համեղ սուրճ կարելի է ստանալ: Սուրճի մեջ ավելացնում են ձվի դեղնուց, շաքար և խտացրած կաթ:

Լապլանդական սուրճ, Ֆինլանդիա

Եթե ձվային սուրճը Ձեզ չզարմացրեց, ապա նայեք այս սուրճին, որը կարող եք փորձել Ֆինլանդիայում: Սկզբում բաժակի մեջ է դրվում լապլանդական պանրի փոքրիկ կտոր, որի վրա էլ այնուհետև ավելացվում է տաք սուրճը:

Հռոմեական էսպրեսո, Իտալիա

Այս սուրճի յուրահատկությունն այն է, որ այն պատրաստելիս բաժակի մեջ սկզբում դրվում է թարմ կիտրոնի կտոր, որը էսպրեսոյին թեթև թթվություն է տալիս: Կիտրոնն անհրաժեշտ է գդալով լավ տրորել խմելուց առաջ:

Բոնբոն, Իսպանիա

Այս սուրճը կարելի էր սովորական էսպրեսո համարել, եթե այն չպատրաստվեր խտացրած կաթով: Եթե ցանկանաք՝ բարմենները կարող են խտացրածի հետ խառնել նաև սովորական կաթ՝ ստանալով սուրճի նոր տեսակ, որը կոչվում է Լեյտե-Լեյտե: Սա էլ թարգմանաբար նշանակում է «կաթ՝ կաթով»:

Համեմունքներով սուրճ, Մարոկկո

Տեղացի յուրաքանչյուր սուրճ պատրաստող իր հատուկ համեմունքներն է օգտագործում այս սուրճը պատրաստելու համար: Սակայն հիմնականներն են՝ քունջութի սերմեր, սև պղպեղ և մշկընկույզ:

Թեյով սուրճ, Հոնգկոնգ

Այո՛, տարօրինակ համադրություն է: Սակայն, ինչպես տեղացիները հավատացնում են, մի անգամ սա փորձելով՝ ուրիշ սուրճ խմել այլևս չեք ցանկանա. ուղղակի հարկավոր է մի կում անել: Այս սուրճը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է սև պղպեղ, խտացրած կաթ և իհարկե հիմնական բաղադրամասերը՝ սուրճ և թեյ՝ 2-ը 4-ի չափաբաժնով:

Ֆրապե, Հունաստան

Սուրճ, պաղպաղակ, կաթ և սառը ջուր. խառնեք այս ամենն իրար և կկարողանաք վայելել հունական ֆրապեի անմահական համը:

Ֆարիսեյ, Գերմանիա

Խորամանկ գերմանացիները, չցանկանալով իրենց երեխաներին վատ օրինակ ծառայել, կարողացել են ալկոհոլը սովորական խմիչքի անվան տակ թաքցնել: Այդպիսի խմիչք է համարվում ֆարիսեյը: Ռոմը խառնում են սուրճի հետ և վրան ավելացնում հարած սերուցք:

 

«Հին մավրերի բաղադրատոմս», Թուրքիա

Այսպիսի տարօրինակ և փոքր-ինչ վախենալու անվանումով սուրճը պատրաստվում է իրար հետ ընդհանրապես կապ չունեցող երկու մթերքներից՝ մեղրից և սխտորից:

Նարնջով սուրճ, Ջամայկա

Ինչի՞ հետ եք ասոցիացնում Ջամայկան: Իհարկե ռոմի: Հենց այս ալկոհոլային խմիչքն է մտնում տեղական հայտնի սուրճի բաղադրության մեջ դարչինի շերտերի և նարնջի թարմ հյութի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել