Image result for Կարեն ԿարապետյանՎարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատվություն է ստանձնել բոլոր ոլորտների նկատմամբ: Անկեղծ ասած՝ երբեմն այնպիսի տպավորություն է, որ մինչ նոր վարչապետի գալը Հայաստանում ոչինչ տեղի չէր ունեցել ո՛չ դրական առումով, ո՛չ էլ բացասական: Ենթադրվում է, որ կյանքը պարզապես կանգ էր առել:
Հիմա հաղորդվում է նոր շունչ, աշխատանքները ստանում են նոր թափ ու… պայթեցվում է Երևանի հին շենքերից մեկը: Երևանից վերացվում է իր հերթական դիմագիծը: Արդյոք այս պայթեցման համար նույնպես պատասխանատվություն է ստանձնում վարչապետը, թե՞ նա տեղյակ չէր: Ես կարո՞ղ եմ գրածս համարել որպես ահազանգ վարչապետին, քանի որ ինքն էր հորդորել դիմել իրեն: Թե՞ անպայման պետք է ալյուրի կամ բանանի ներկրման խոչընդոտներ առաջանան, որպեսզի հնարավոր լինի ահազանգել:
Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, անտեսելով հանրային կարծիքը ու մարդկանց ճնշող մեծամասնության մոտեցումները՝ շարունակվում է Երևանի աղճատման ու ավերման գործընթացը: Անկեղծ՝ զարմանալի է վարչապետի լռությունը:
Այստեղից կարելի է անել երեք հետևություն: Կա՛մ վարչապետը տեղյակ չէ այդ գործընթացներից, կա՛մ հավանություն է տալիս հին Երևանը հողին հավասարեցնելու մոլուցքին, կա՛մ էլ կան բնագավառներ, որտեղ նա իրավունք չունի խառնվելու: Այդ երեքից որ գործոնն էլ լինի, մեկ է, դա չի փոխում իրերի վիճակը:
Հուսանք՝ մոտ օրերս կլսենք վարչապետի խոսքը նաև այս իրավիճակի վերաբերյալ: Կա՛մ նա կկասեցնի այդ քանդման գործընթացը, կա՛մ կշարունակվի Երևանի արտաքին տեքսի այլանդակումը: Վերջինի դեպքում վարչապետը ակամա կապացուցի, որ ինքը նույնպես չի արժևորում մեր մայրաքաղաքի դիմագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել