Հայաստանի կառավարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, որոնց մի զգալի մասը կրկնում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը։

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, որը ներկայանում էր որպես «Ռոստելեկոմ» ընկերության խորհրդի նախագահ, որոշել է յուրայիններին տեղավորել կառավարությունում։ Մեր տեղեկություններով՝ առաջիկայում Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նոր պետ է նշանակվելու։

Նոր պետը լինելու է Վահան Մարտիրոսյանի հովանավորյալը՝ «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Նախարարը նաև ցանկանում է ՊԵԿ նախագահի խորհրդական կարգել մեկ այլ մտերիմի՝ Արա Յաղջյանին։

Ակնհայտ է, որ Հյուսիս-Հարավ ռազմավարական նշանակության մայրուղու հարցերն «անկարևոր» համարելով, բիզնեսից կառավարություն տեղափոխված Վահան Մարտիրոսյանը այդ նշանակումներով իր մտերիմների հետ միասին ցանկանում է վերահսկել հատկապես տենդերները, ըստ այդմ՝ առաջ մղելով հարազատ «Ռոստելեկոմ» ընկերության շահերը։ Իսկ այս համատեքստում կասկածելի բիզնես-սխեմաներում թաթախված երիտասարդներով կառավարությունը լցնելը դառնում է գործելաոճ, և հարց է՝ այդ հանգամանքը որքանով կնպաստի պետական շահերին։

Ի դեպ, մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ պետական մարմինները նորից փոխելու են կապի օպերատորին՝ նախապատվությունը տալով «Ռոստելեկոմին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել