01_9

Ինչպես պարզ դարձավ շուկայական կառույցների տեսակները նկարագրող հոդվածաշարից` մոնոպոլիաները՝ որպես շուկայական կառույցի տեսակներ, կարող են առաջանալ ոչ միայն սուբյեկտիվ պատճառների արդյունքում (անօրինությունների, հեղինակությունների՝ պետական համակարգի վրա ունեցած ազդեցությունների և այլնի), այլև բավականին օբյեկտիվ և շուկայական տնտեսության կանոններին չհակասող պայմանների առկայության շնորհիվ:

Մենաշնորհների առաջացման հիմնական օբյեկտիվ պատճառները կքննարկենք ստորև: Վերջիններս պայմանավորված են շուկայական տնտեսության մրցակցային և ազատական հարաբերությունների միջոցով ֆիրմաների ընդլայնմամբ ու հզորացմամբ:

Մասշտաբի դրական էֆեկտ

Տնտեսագիտության մեջ գոյություն ունի «մասշտաբի էֆեկտ» հասկացությունը, որը բնութագրում է երկարաժամկետ հատվածում ֆիրմայի ընդլայնմանը, այսինքն` արտադրության ծավալի մեծացմանը զուգահեռ կատարվող ծախսերի (ռեսուրսների համար իրականացվող ծախսեր) փոփոխությունները: Այն պարագայում, երբ արտադրության ծավալի մեծացման նպատակով ֆիրման մեծացնում է ընդհանուր ծախսերը, բայց արդյունքում միավոր արտադրանքի հաշվով կատարվող ծախսը նվազում է, գործ ունենք մասշտաբի դրական էֆեկտի հետ: Դա կարող է առաջանալ աշխատուժի, ղեկավար անձնակազմի մասնագիտացման, կապիտալի լիարժեք օգտագործման, արտադրական թափոններից կողմնակի արտադրության կազմակերպման և նման այլ երևույթների տեղի ունենալու պարագայում:

Օրինակ՝ ֆիրման շուկայում ունեցած իր սեգմենտի պահանջարկին համապատասխան թողարկում է 100 միավոր ծավալի արտադրանք: Միջինում, այսինքն՝ մեկ միավորի հաշվով ֆիրման ծախսում է, ենթադրենք, 20 դրամ: Ադյունավետ մարքեթինգի և տնտեսական գործունեության կազմակերպման արդյունքում, եթե ֆիրմայի ապրանքի նկատմամբ պահանջարկը շուկայում մեծանա, արտադրողը կարող է որոշում կայացնել մեծացնելու արտադրության ծավալը 100-ից 200 միավորի: Արդյունքում հավանական է, որ մեկ միավորի հաշվով կատարվող ծախսն արտադրողը կնվազեցնի: Օրինակ՝ այն կդառնա 15 դրամ, հետևաբար՝ ֆիրման կստանա ավելի մեծ շահույթ: Արտադրողներն այսպիսի իրավիճակի կարող են հանդիպել այն դեպքում, երբ արտադրության կազմակերպման համար օգտագործվող տեխնոլոգիաները գործարկվում են արտադրական ոչ ամբողջ հզորությամբ: Օրինակ՝ առավելագույն հզորությունն ամսական 200 միավոր արտադրանքն է, բայց շուկայում այդքան պահանջարկ չունենալու պատճառով թողարկվում է 100 միավորը: Հետևաբար, մեկ միավորի ծախսը 100 միավորի պարագայում ավելի մեծ կլինի, քան, եթե արտադրվեր 200 միավորը, այսինքն՝ արտադրությունը կազմակերպվեր ողջ հզորությամբ` կապիտալի լիարժեք օգտագործմամբ: Շուկայում ֆիրմայի արտադրանքի նկատմամբ պահանջարկի մեծացման պարագայում ֆիրման կարող է արտադրությունն իրականացնել ողջ հզորությամբ և հանգել մասշտաբի դրական էֆեկտի:

Բերված օրինակում թվերը, իհարկե, պարզեցված են մասշտաբի դրական էֆեկտի սկզբունքը ցույց տալու համար: Իրականում, շուկայական շատ լայն սեգմենտի ձեռքբերման համար (սպառողի այնպիսի քանակություն, որը բնորոշ կլինի օլիգոպոլ կամ մոնոպոլ վարքագիծ դրսևորող ֆիրմաներին) գործադրվող միջոցները բավականին ծախսատար են, և ամեն ֆիրմա չէ, որ կարող է իրեն թույլ տալ նման արդյունավետ մարքեթինգային գործիքակազմի կիրառումը: Դրա համար ֆիրմաները պետք է կարողանան կարճաժամկետ հատվածում նշված գործիքակազմի ճիշտ օգտագործման շնորհիվ երկարաժամկետ հատվածում բավականին ամուր հաստատվել շուկայում, ձեռք բերել հեղինակություն և հանրահայտություն: Դա իրենից ենթադրում է արտադրությունից ստացվող շահույթի մեծ չափեր, հետևաբար՝ ֆիրմայի տնտեսական մեծ հզորություն: Այդպիսի հզորություն սկսնակ կամ միջին կարգի ֆիրմաները չունեն, իհարկե, առանց բացառելու, որ երկարաժամկետ հատվածում վերջիններս կարող են հասնել ցանկալի արդյունքի: Այդ արդյունքին հասնելու պատճառներից մեկն էլ հենց մասշտաբի դրական էֆեկտն է, իսկ հետևանքը` օլիգոպոլ, հետո նաև մոնոպոլ դիրքի գրավումը:

Մյուս կողմից էլ, հաճախ այնպիսի արտադրություններում, որոնցում հնարավոր է արտադրական թափոններն (օգտագործված ռեսուրսների այն մասը, որն այլևս պիտանի չէ տվյալ արտադրության մեջ գործի դնելու համար) օգտագործել այլ արտադրություն կազմակերպելու նպատակով, ստացվում է, որ ռեսուրսների ձեռքբերման համար լրացուցիչ ծախսերից խուսափելու միջոցով արտադրողները հնարավորություն ունեն հավելյալ շահույթ ստանալ և այն ներդնել հիմնական արտադրության մեջ ու զարգացնել իրենց բիզնեսը: Նման օրինակների կարող եք հանդիպել տնտեսության տարբեր ճյուղերում: Օրինակ, ավտոարդյունաբերությամբ զբաղվող ֆիրմաներն արտադրական թափոններից պատրաստում են անձրևանոցներ, գրիչներ և նման այլ պարագաներ՝ միաժամանակ և՛ մեծացնելով իրենց շահույթը, և՛ տարածելով իրենց բրենդն ավելի լայն շուկայական թիրախային սեգմենտներում: Սա, իհարկե, հիանալի միջոց է մասշտաբի դրական էֆեկտ ստանալու համար: Այս միջոցը ճիշտ և արդյունավետ օգտագործելու շնորհիվ ֆիրմաները երկարաժամկետ հատվածում կարողանում են ընդլայնվել և շուկայում մոնոպոլիստական վարքագիծ ցուցաբերել:

Իրոք, որ տեսանք, թե ինչպես է մասշտաբի դրական էֆեկտը հանգեցնում մենաշնորհային դիրքի ձեռքբերմանը: Սակայն սա միակ օբյեկտիվ պատճառը չէ, որը թույլ է տալիս ֆիրմաներին հասնել մենաշնորհային առավելությունների:

Արտադրության հիմնական ռեսուրսի սեփականաշնորհումը

Մասշտաբի դրական էֆեկտի առկայության պայմաններում, երբ ֆիրման երկարաժամկետ հատվածում փորձում է ընդլայնվել, ավելի բարենպաստ նախապայման, քան արտադրության հիմնական ռեսուրսի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումն է, դժվար է պատկերացնել: Սա, իհարկե, բոլորովին չի նշանակում, որ բոլոր ֆիրմաները կարող են հասնել նման առավելության: Այն պարագայում, երբ ֆիրման կարողանում է սեփականաշնորհել բնական հանքերը, որոնք որպես արտադրական հիմնական գործոն օգտոգարծվում են արդյունաբերության տվյալ ճյուղում, հնարավորություն է ստանում դրանցով կազմակերպել սեփական արտադրությունը և լինել միակը ողջ ճյուղում: Այսինքն, ֆիրման հիանալի քարտ բլանշ է ստանում մենաշնորհային դիրքի ձեռքբերման և պահպանման համար:

Շատ լավ հասկանալով այսպիսի հնարավորության առավելություններն ու դրանից բխող բոլոր դրական հետևանքները ֆիրմայի զարգացման համար՝ արտադրողները հաճախ փորձում են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ` ոչ: Այս գործընթացն իրենից ենթադրում է բավականին լուրջ կապերի, ազդեցությունների առկայություն, որին սկսնակ ֆիրմաները չեն կարող տիրապետել: Մասշտաբի դրական էֆեկտի աճին զուգահեռ, երբ ֆիրման ընդլայնվելով ուժեղացնում է նաև տնտեսության կազմակերպման համար կարևոր մյուս գործոնների ազդեցությունը ճյուղում առկա մյուս ֆիրմաների նկատմամբ, որոշակի պահից սկսած, երբ ստացվող տնտեսական շահույթն արդարացնում է իրեն, նման ֆիրմաները մտածում են արտադրական ռեսուրսների հանքերի սեփականաշնորհման մասին` նույնիսկ ողջ աշխարհով: Օրինակ, ալմաստի մոնոպոլիզացված համաշխարհային շուկայում հանքերի 90%-ը պատկանում է հարավաֆրիկյան Դե Բիրսե կորպորացիային: Աշխարհի մասշտաբով նման մենաշնորհային դիրք այս կորպորացիան ձեռք է բերել երկարաժամկետ հատվածում ընդլայնվելու և իր արտադրությունը զարգացնելու շնորհիվ միայն: Ձեռք բերելով չմշակված ադամանդի հանքերի որոշակի պաշար՝ Դե Բիրսեն կարողացել է ճիշտ տնօրինել դրանք և արդյունավետ կազմակերպված արտադրության շնորհիվ երկարաժամկետ հատվածում անընդհատ փորձել է մեծացնել արտադրական հզորություններն ու ծավալները, արդյունքում ձեռք բերելով ողջ աշխարհի ալմաստի հանքերի 90%-ը:

Այսինքն, նմանատիպ սեփականության իրավունքի ձեռքբերումն ինքստինքյան մյուս ֆիրմաներին թույլ չի տալիս տվյալ ճյուղում արտադրություն կազմակերպել, քանի որ վերջիններս զրկված են լինում արտադրության հիմնական ռեսուրսը ձեռք բերելու և այն տնօրինելու իրավունքից:

Լիցենզիաներ և պատենտներ

Երրորդ պատճառը լիցենզիաների (թույլտվության) և պատենտների (նորարարության կամ գյուտի նկատմամբ սեփականության իրավունքի) ներդնումն է տնտեսության մեջ: Երկուսն էլ տրամադրվում են պետության (կառավարության) կողմից: Գրեթե բոլոր երկրներում գոյություն ունեն բնական մենաշնորհներ, որոնք երկրում արհեստականորեն ստեղծվում են հենց կառավարությունների կողմից (այնպիսի ոլորտներում, որոնք վերաբերում են կա՛մ ազգային անվտանգությանը, կա՛մ առաջին անհրաժեշտության բարիք արտադրող և միևնույն ժամանակ ճյուղում չափազանց մեծ հաստատուն ծախքերով արտադրություններին): Սպառողին ավելի ցածր գին առաջարկելու համար կառավարությունը տվյալ ֆիրմայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի ճյուղում գործի միայն այդ ֆիրման (այսինքն՝ արհեստականորեն արգելակում է մրցակցության գոյությունը տվյալ ճյուղում): Դա իրենից ենթադրում է պետական լիցենզիայի տրամադրում, որով ֆիրման մենաշնորհային իրավունք է ստանում ճյուղում գործելու համար: Միևնույն ժամանակ կառավարությունները ստանձնում են այդ ֆիրմաների վերահսկման գործառույթը` մենաշնորհային դիրքի չարաշահումներից խուսափելու նպատակով: Այս մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ այլ հոդվածում:

Պատենտը ֆիրմայի կողմից ձեռք բերվող իրավունքն է սեփական տեխնոլոգիայի կիրառման միջոցով արտադրություն կազմակերպելու համար: Այլ կերպ ասած, սեփական նորարարության կամ գյուտի նկատմամբ հեղինակի սեփականության իրավունքի ձեռքբերման արտոնագիրն է: Այն, իհարկե, վճարովի է և բավականին թանկ, սակայն պատենտը ֆիրմային թույլ է տալիս իրեն ապահով զգալ, քանի որ պետությունը երաշխավորում է, որ չեն լինի ֆիրմայի կողմից արտադրվող ապրանքի կրկնօրինակներ շուկայում: Իհարկե, սա օբյեկտիվ է արտադրողի տեսանկյունից, քանի որ հենց նա է գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպել, գիտատեխնիկական նորույթներ մշակել, դրա համար ահռելի ֆինանսական ներդրումներ իրականացրել, որպեսզի ստանա ցանկալի արդյունքը, և, բնականաբար, նա փորձում է այդ արդյունքի վրա ծախսված գումարը հետ վերադարձնել` ապրանքանիշի պատենտավորման և իր յուրօրինակ ապրանքատեսակով շուկայում մենաշնորհային դիրքի գրավման միջոցով: Եթե լինեն այդ արդյունքն արտադրող այլ ֆիրմաներ, բնական է, որ շուկայում այդ ապրանքի գինն ավելի ցածր կլինի, քանի որ այդ ֆիրմաները պարազապես կկրկնօրինակեն արդեն առկա տեխնոլոգիան: Այսինքն, վերջիններս չեն ծախսի հավելյալ գումարներ գիտահետազոտական աշխատանքների իրականացման, գյուտարարության համար, այլ կօգտվեն եղածից և ավելի ցածր ծախսերի շնորհիվ կկազմակերպեն բավականին շահութաբեր արտադրություն և տվյալ արտադրանքի շուկայական գինն էլ ինքնաբերաբար ավելի ցածր կսահմանեն: Սպառողի համար կրկնօրինակումը, իհարկե, լավ կլինի, բայց պետք չէ մոռանալ, որ շուկայում հավասարազոր են և՛ սպառողները, և՛ արտադրողները: Արտադրողի տեսանկյունից էլ հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է իր սեփական տեխնոլոգիայից օգտվեն մյուսները:

Պատենտը ժամանակավոր է տրվում: Այն հավերժ չէ: Տարբեր երկրներում օրենսդրությամբ պատենտների ժամկետների հետ կապված տարբեր դրույթներ են սահմանված, բայց այդ տարիների ընթացքում այն մնում է անձեռնմխելի: Եվ հասկանալի է, որ ֆիրման այդ ընթացքում չի դադարեցնում իր հետազոտություններն ու նորարությունները, էլ ավելի է կատարելագործում կիրառվող տեխնոլոգիաները, արտադրվող ապրանքի տեսակը: Հասկանալի է նաև, որ մինչդեռ կլրանա մի պատենտի օգտագործման թույլտվության ժամկետը, այդ ֆիրման ձեռք է բերում նոր պատենտներ, և նոր ֆիրամները գրեթե հնարավորություն չեն ունենում հասնել արդեն գործող ու մենաշնորհային առավելությունների հասած ֆիրմային:

Մյուս կողմից էլ, փորձը ցույց է տալիս, որ դա անհնար չէ: Նոր ֆիրման կարող է հասնել գործող ֆիրմային: Այն կարող է նմանատիպ ապրանք արտադրել մեկ այլ տարբերակով՝ առանց խախտելու տվյալ ֆիրմայի պատենտային իրավունքը և, հետևաբար, այդ ճյուղն այլևս կզրկվի մոնոպոլ կարգավիճակից: Այսինքն, այնուամենայնիվ գալիս ենք այն եզրահանգմանը, որ այս ճանապարհով մենաշնորհային դիրքի զբաղեցման համար ևս անհրաժեշտ է մրցակցության մեջ մտնել մյուս ֆիրմաների հետ և «հաղթել» դրանց` արտադրության ավելի արդյունավետ կազմակերպման ճանապարհով:

Սրանք են մենաշնոհների առաջացման այն հիմնական օբյեկտիվ պատճառները, որոնց միջոցով արտադրողները հնարավորություն են ստանում ձեռք բերել մոնոպոլիաներին հատուկ առավելություններ և ստանալ ավելի մեծ տնտեսական շահույթներ, քան շուկայական մյուս կառույցներում գործող ֆիրմաները: Զարգացած երկրներում, հատկապես լիբերալ ժողովրդավար պետություններում, մենաշնորհային նման կարգավիճակ ձեռք են բերում այն ֆիրմաները, որոնք առավելագույնս ձգտում են պահպանել մրցակցության կանոնները և գործում են օրինականության սահմաններում:

Արեգ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել