«Մանկական եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին ժամը 21:30-ին` Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, ինչպես նաեւ «Մանկական եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքում: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» խորագիրը կրող երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:

Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել