Բրիտանացի հանրահայտ երգչուհի, երգահան, «Գրեմմի» մրցանակակիր Ջոս Սթոունը օրերս Հայաստանում էր և մենահամերգով հանդես եկավ «Yerevan Jazz Fest 2016» ամենամյա փառատոնի շրջանակերում: Սթոունը նաև նոր զուգերգ է ներկայացրել «Գաթա բենդ»-ի հետ, որի մանրամասները ներկայացնում ենք ստորև:

«Համագործակցության առաջարկը սկզբում եղել է երգիչ Վիգեն Հովսեփյանին, բայց քանի որ նա ամուսնացավ և մեկնեց մեղրամսի, իր և Սոֆի Մխեյանի առաջարկով, ով հանդիսանում է Վիգենի պրոդյուսերը, Ջոս Սթոունի հետ համագործակեց «Գաթա բենդը»: Մենք նրանց մի քանի երգ ուղարկեցինք, որպեսզի լսեն և համերգից մի օր հետո եկան մեզ մոտ ստուդիա՝ երգը ձայնագրելու»,- պատմում է «Գաթա բենդի» հիմնադիր Գարեգին Առաքելյանը։

Երգն արդեն պատրաստ է և կա համացանցում։ Արդեն բավականին դրական արձագանքներ է ստացել. «Մեզ համար առաջին փորձն էր միջազգային երաժիշտների հետ աշխատելու: Շատ լուսավոր և պրոֆեսիոնալ մարդիկ էին, ես մինչ մեր համագործակցությունը չէի ճանաչում նրանց: Երբ եկան մեր ստուդիա, մտածում էի, որ իրենց մեծամիտ կպահեն, բայց այնքան անմիջական էին, անգամ երգչուհին մտավ մեր ստուդիայի խոհանոց՝ սուրճ պատրաստելու»:

Գարեգինը նշում է, որ սա հաճելի համագործակցություն էր, ամենակարևորն այն է, որ հայկական ֆոլկի մի գեղեցիկ նմուշ հասանելի դարձավ միջազգային լսարանի համար: «Մենք ամեն ինչ արեցինք, ռիթմերն այնպես ընտրեցինք, որպեսզի նրանց համար օտար չլինի: Ես պազապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին, և հատուկ շնորհակալ եմ Սոֆի Մխեյանին և Վիգեն Հովսեփյանին, ովքեր աջակցեցին, որ այս համագործակցությունը կայանա»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել