Image result for իրաքԻրաքի իշխանություններն ամփոփել են Մոսուլի ազատագրության ռազմագործողության առաջին 9 օրերի արդյունքները: Ըստ երկրի դաշնային ոստիկանության ղեկավար գեներալ Ռայիդ Շաքիր Ջաուդաթի հայտարարության՝ ռազմագործողության ընթացքում իրաքյան բանակի և նրան աջակցող այլ կառույցների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրվել է շուրջ 1200 ք/կմ տարածք՝ թվով մոտ 90 բնակավայր, ոչնչացվել են կառույցի 657 զինյալ, 143 ավտոմեքենա, առգրավվել են պատկառելի քանակությամբ տարատեսակ զինատեսակներ՝ ինքնաձիգներ, պայթուցիկ սարքեր, մահապարտի գոտիներ, հրթիռային համակարգեր: Իսկ ամենաուշագրավն այն է, որ Իրաքի իշխանությունները խուսափում են հարձակվող կողմի կորուստների մասին որևէ տվյալ հրապարակելուց:

Ներկայումս ռազմական գործողությունների թատերաբեմը գտնվում է Մոսուլից դեպի արևելք՝ մինչև 2 կմ դեպի հարավ՝ մինչև 30 կմ հեռավորության վրա:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռուպերթ Կոլվիլի հաղորդած տվյալների համաձայն՝ ռազմագործողության մեկնարկից ի վեր մինչև 1,5 մլն բնակչություն ունեցող քաղաքը հարկադրված լքել է շուրջ 9000 մարդ, իսկ վատագույն սցենարի դեպքում նրանց թիվը կարող է հասնել մինչև 1 մլն-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել