Հայ հասարակությունը երկար տարիներ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այդ գործում կարևոր քայլերից մեկն էլ Օսմանյան կայսրության այս ոճրագործության մասին ֆիլմ նկարահանելն է։ Սակայն թուրքերն ամեն ինչ անում են ֆիլմի ձախողումն ապահովելու համար։

Բանն այն է, որ ֆիլմը մեծ էկրաններին ցուցադրվել է ընդամենը 3 անգամ, սակայն հեղինակավոր «IMDb» վարկանիշային կայքում այն արդեն հավաքել է մոտ 87 հազար գնահատական, որոնցից 55 հազարը՝ ամենացածր 1 աստղ գնահատականը։ Այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ կառուցել են չափազանց մեծ կինոթատրոններ, որտեղ տեղավորվում են 25-30 հազար մարդ, կամ էլ «IMDb» օգտատերերը քվեարկում են քաղաքական նկատառումներից ելնելով՝ փորձելով ձախողել ֆիլմը։

Քըրք Քըրքորյանի ֆինանսավորմամբ նկարահանված «Խոստում» ֆիլմը, որտեղ գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի նման համաշխարհային աստղեր, պատկերում է Օսմանյան Կայսրության վերջին օրերը՝ մինչև Հայոց ցեղասպանությունը, որի պատճառով սպանվել է ավելի քան 1.5 միլիոն հայ։

«IMDb» վարկանշային կայքի ներքին քաղաքականությունը թույլ չի տալիս խառնվել քվեարկություններին, սակայն արդեն բազում կոչեր են հնչել առ այն, որ հարկավոր է կարգավորել քվեարկությունը՝ բացասական կարծիքների մեծ և չափազանց անհիմն ալիքի պատճառով։

Սա առաջին անգամը չէ, երբ թուրքական հասարակությունը ցանկանում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանմանը և կայացմանը։ Դեռ 1930-ական թվականներին «MGM» ընկերությունը ցանկացել է ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարահանել, սակայն թուրքական կառվարությունը և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մունիր Էրդոգանը կարողացել են մեծ ճնշումներ գործադրել թե՛ ընկերության, թե՛ ԱՄՆ կառավարության վրա, ինչի արդյունքում ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։ Իսկ 2006 թվականին հոլիվուդյան աստղ Սիլվեստր Ստալոնեն ցանկացել է ֆիլմ նկարել «Մուսա լեռան 40 օրը» գրքի հիման վրա, սակայն թուրքական իշխանությունները և մի շարք կազմակերպություններ խոչընդոտել են դրան։ Նույն ճակատագրին արժանացել է նաև Մել Գիբսոնի գաղափարը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել