Չկա մի դանակ, որը հնարավոր չի լինի նետել, անգամ ծալովին: Եթե դու մի օր որոշես լուրջ զբաղվել այս գործով, որսորդական խանութում գնիր մետաղական դանակ: Իսկ մինչ այդ կարող ես սովորել ցանկացած դանակի վրա: Նետելու կանոնները հավասարապես վերաբերում են և՛ կոնկրետ որսորդական դանակներին, և՛ խոհանոցային պարագաներին ու անգամ երկար մեխերին:  

Անհաջող նետումից հետո դանակը կա՛մ չի խոցում, կա՛մ էլ հակառակ ուղղությամբ ու շատ կտրուկ ետ է շպրտվում թիրախից: Այստեղ վտանգավոր պահն այն է, որ հնարավոր է՝ դու չհասցնես արագ կողմնորոշվել ու պատսպարվել ետ թռչող դանակից, ուստի սկզբի համար  աշխատիր ոչ թե սրածայր, այլ փոքր-ինչ բութ դանակով: Հարվածի ուժի տակ այն ճիշտ նետելու դեպքում հաստատ խրվելու է թիրախի մեջ, իսկ սխալի դեպքում էլ քո կյանքին չի սպառնա: Թիրախի տարածքում ոչ ոք չպիտի լինի, որովհետև շեղ թռած դանակը կարող է մարդու կյանք արժենալ: Այս ամենից հետո կարող ես անցնել գործի։

1. Գտի՛ր դանակի ծանրության կենտրոնը՝ բալանսի բերելով ցուցամատի վրա: Լավ կլինի սկզբի համար արդեն իսկ բալանսի բերված դանակով պարապել: Այդպիսի դանակների ծանրության կենտրոնը գտնվում է հենց դանակի կենտրոնում:

2. Դանակի կենտրոնը ֆիքսի՛ր ցուցամատով և բութ մատով: Մնացած մատերով բռի մեջ գտնվող կյանքի գծի ուղղությամբ դանակը պահիր հորիզոնական դիրքում՝ սուր ծայրը քեզ պահած: Դանակը ամբողջ ուժող մի՛ սեղմիր մատներով: Ուղղակի այնքան ուժ գործադրիր, որպեսզի դանակը չընկնի ձեռքիցդ: Խոնավացնել բուռը նույնպես պետք չէ, որովհետև այն կխոչընդոտի դանակի սահելուն: Եթե ձեռքերդ քրտնելու հակում ունեն, ապա նախապես թաթախիր դրանք օսլայի մեջ:

3. Թիրախից կանգնիր ոչ մոտ, քան 3մ և ոչ հեռու, քան 4մ հեռավորության վրա: Այդ կետից նետված դանակը, կես պտույտ անելով, թիրախին կհասնի հենց սուր ծայրով դեպի առաջ դիրքով: Եթե, այնուամենայնիվ, քո և թիրախի միջև տարածությունը քիչ կամ շատ է նախատեսվածից, ապա քչի դեպքում դանակը բռնիր ծայրին ավելի մոտ, իսկ տարածության շատ լինելու դեպքում՝ բռնակին ավելի մոտ դիրքով: Իսկ ահա 5 մետր հեռավորությունից նետելու դեպքում դանակը պետք է պահել միայն բռնակից: Այս դեպքում դանակն օդի մեջ հասցնում է կատարել 1 կամ 1,5 պտույտ: Սակայն  սովորել պետք է սկսել 3.5 մետրից: Ձախ ոտքդ դիր առաջ, աջ ձեռքդ առաջ մղվելու համար նետիր վեր ու դեպի հետ: Դեպի ձախ շրջելով իրանդ ձնագնդիկ նետելու դիրքով դեպի թիրախ՝ ուղարկիր դանակը: Ձեռքիդ լրիվ ձգելու պահին դանակն ինքնին կազատվի քո բռնվածքից: Երբեք մի՛ թուլացրու մատներդ, որովհետև նրանք տանում են նույն դերը, ինչ փողը ատրճանակի համար․ այն պիտի անշարժ լինի:

4. Ուշադիր դիտիր այս նկարները: Հենց այս դիրքով պիտի ֆիքսված լինի քո դաստակը դանակի՝  ձեռքից թռչելու պահին: Դու անմիջապես կցանկանաս ցած գցել դաստակդ, սակայն դա անել պետք չէ: Սպասիր մինչև դանակը կհասնի թիրախին, ու նոր կարող ես թուլանալ:

Այսքանը՝ սիրելի զբաղմունքը գրագետ կազմակերպելու համար: Մի քանի օր այս ցուցումներով մարզվիր, ու արդյունքը քեզ իսկապես կզարմացնի:

թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել