Картинки по запросу ԵԱՏՄԵԱՏՄ անդամակցությունից հետո հասարակական-քաղաքական օրակարգում ավելացավ քննարկումների նոր ենթավերնագիր: Մի մասը համոզված էր, որ 170 միլիոնանոց շուկան դրական ազդեցություն է ունենալու ՀՀ տնտեսական կյանքի վրա: Շատերը գտնում են, որ այն սխալ ուղղություն էր, և ռուսական շուկայում տեղի ունեցող ցնցումները ուղակիորեն ազդում են հայ գործարարների ու ընդհանրապես ՀՀ տնտեսության վրա:

Ինչևէ, հաճախ հնչող կարծիքներից մեկն այն էր, որ ՀՀ-ն պետք է ձգտի դեպի եվրոպական շուկա: Միգուցե դա այդպես է, սակայն կցանկանայի ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի: Չկա որևէ կանխատեսում, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը ճգնաժամային իրավիճակում չանդամակցեր ԵԱՏՄ-ին՝ այն շուկային, որի վրա, փաստացի, մենք աշխատում ենք ու աշխատել ենք: Գաղտնիք չէ, որ տեղական արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է:
Ընդունենք, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր, սակայն մեր ապրանքները հիմնականում ուղղված էին դեպի այդ շուկաները, ի՞նչ կլիներ այս դեպքում: Այս մասով չկա որևէ կանխատեսում: Մյուս կողմից՝ ՀՀ-ն, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, արդյոք բացառում է այլ շուկաների հետ աշխատանքը: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք, և ինչ-որ ձևով ԵԱՏՄ-ն չի խանգարում այդ պոտենցիալն օգտագործելուն:

Եթե այսօր խոսվում է այն մասին, որ ՀՀ-ի արտադրանքը մրցունակ չէ ԵԱՏՄ շուկայում էներգակիրների արժեքի կամ տրանսպորտային ծախսերի պատճառով, ապա նախ պետք է հասկանալ, թե որ ապրանքներն ենք փորձում իրացնել ԵԱՏՄ-ում: Մի բան փաստ է. կախված տվյալ երկրի աշխարհագրական դիրքից, աշխատուժի արժեքից և այլ հանգամանքներից՝ հնարավոր է թողարկել այնպիսի արտադրանք, որը մրցունակ է լինելու այս կամ այն շուկայում: Կարծում եմ՝ այսօր ամեն բան կախված է Հայաստանից: Եթե կարողանանք օգտագործել շուկան «ինքնադրսևորման» համար, ապա կքաղենք պտուղները, եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ նույն խնդիրը չէինք ունենալու նաև այլ շուկաների հետ համագործակցության դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել