Tert.am-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախավերջին նիստում կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին առաջարկեց 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք, մայր և աղջիկ նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, բայց պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»,- ասել էր Կարեն Կարապետյանը: Քանի որ Կարեն Կարապետյանի նշած ժամկետն արդեն լրացել է, Tert.am-ը մի քանի հարց ուղղեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին:


- Պարոն Մկրտչյան, ի՞նչ հաջողություններ եք գրանցել վարչապետի հանձնարարականի հետ կապված, որով պետք է բացառվեն հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերը, հովանավորչությունն ու շահերի բախումը։

- Հանձնարարականն ընթացքի մեջ է, մենք առաջարկում ենք ավելի գլոբալ հարցի լուծում: Այսինքն՝ կփորձենք օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ անել, և՛ օրենքի փոփոխությունների իմաստով, և՛ ենթաօրենսդրական դաշտի մեջ: Դա մի քիչ բարդ, ուղղահայաց ենթակայության խնդիր է: Դպրոցներ ունենք Հայաստանում, հատկապես մարզերում, որտեղ ավանդական ընտանիքներ կան մանկավարժների, և եթե ֆիզիկայի ուսուցիչ եղբայր-քույր են աշխատում, սա դրան չի վերաբերում: Անմիջական ուղղահայացի խնդիր կփորձենք լուծել:


- Կարգելե՞ք տնօրեն մայրերին ընդունել իրենց ընտանիքի անդամներին որպես ուսուցիչ:


- Հիմա քաղաքացիական ծառայության մեջ էլ կա, և խորհրդային միության ժամանակ էլ կար, որ ուղղահայաց ենթակայության ներքո չի կարելի աշխատել: Այս ձևաչափը հնարավորություն կտա դպրոցների խորհուրդները մի քիչ բացել: Այսօր այդ խորհուրդները ձևավորվում են հետևյալ կերպ՝ հիմնադիր, մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչ և ծնողական կոլեկտիվի ներկայացուցիչ: Մենք կփորձենք այնպես անել, որ լինի հասարակական կազմակերպություններից կամ բիզնեսից մի ներկայացուցիչ խորհրդի մեջ, որ խորհրդի աշխատանքը բացվի, հսկողությունը երևա: Ավելի կարիք կա համակարգը բացելու և թափանցիկության: Այդ իմաստով, ավելի լավ է, մենք կանխարգելենք ինչ–որ բան: Արդեն հաջորդ շաբաթվա մեջ մենք կներկայացնենք փոփոխություն դպրոցների օրինակելի կանոնադրությունների մեջ, որտեղ կդնենք այս խնդիրները, որոնց մասին ասացի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել