ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,  ուղերձում ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ մասնագիտական տոնի` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:  Որպես ոլորտի գլխավոր պատասխանատու` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆերմերներին, գյուղատնտեսներին, վերամշակող արդյունաբերության ճյուղի աշխատակիցներին, գիտնականներին, գործարարներին և ոլորտի բոլոր աշխատողներին ողջ տարվա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:

Գյուղատնտեսությունն այսօր մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ մասնաբաժին ունեցող ճյուղերից է, միևնույն ժամանակ ոլորտում առկա են համակարգային խնդիրներ, ագրոբարեփոխումները մեզանում  այլևս այլընտրանք չունեն, մենք միասին պետք է առաջ շարժվենք, գյուղոլորտում քայլ առ քայլ ձևավորենք բիզնես վարելու նոր մտածողություն և նոր մշակույթ, գործուն քայլեր իրականացնենք «պետություն-արտադրող-վերամշակող» շղթայի կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

Մաղթանքս է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ միայն հանապազօրյա հացի և գոյատևման խնդիր լուծի, այլ դառնա եկամտաբեր գործունեություն, որն արժանապատիվ կեցություն կապահովի և հաջողակ բիզնես կդառնա: Ցանկանում եմ, որ  հայ գյուղացին  երկու ոտքով ամուր կանգնի հայրենի հողի վրա, զբաղվի իր սիրած  աշխատանքով և լիարժեքորեն հոգա իր ընտանիքի կարիքները` վաղվա օրվա հանդեպ վստահության զգացումով:


Հավաստիացնում եմ, որ սրանք պարզապես բարի ցանկություններ չեն, գյուղացու հոգսերն ու խնդիրները միշտ լինելու են առաջնահերթությունների շարքում, և մենք իրականացնելու ենք զարգացման ծրագրեր՝ ոլորտն առավել բարենպաստ և շահութաբեր դարձնելու հեռանկարով: Իհարկե ամենամեծ ցանկության դեպքում անգամ բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, սակայն լիահավատ եմ` համատեղ  աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել հաջողության և լուրջ ձեռքբերումների:

 Վերստին շնորհավորում եմ այս հիշարժան օրվա առթիվ` մաղթելով  առողջություն, բարեկեցություն, առաջընթացի ձգտում, վստահություն սեփական ուժերի և հավատ երկրի ապագայի հանդեպ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել