Картинки по запросу Serzh Sargsyan Karen KarapetyanՔաղաքական ալտերնատիվի մասին Հայաստանում շատ է խոսվել։ Ընդ որում՝ այդ խոսակցությունները սկիզբ են առել դեռևս նորանկախ Հանրապետության սկզբնավորումից սկսած, սակայն բովանդակային մասով դրանք երբևէ իրականություն չեն դարձել։ Ալտերնատիվ ասելով՝ նկատի չունենք միայն իշխանության ու ընդդիմության միջև առկա կոնսենսուսը, իշխանության փոփոխությունը, այլ նախևառաջ համակարգի փոփոխությունը։ Վերջին հաշվով՝ Հայաստանում համակարգային առումով բան չի փոխվել սկսած 1990 թվականից։ Փոխվել են միայն անձերը, որոնց մոդիֆիկացումը սահմանափակվել է միայն ժամանակ առ ժամանակ ոչ բովանդակային ռեստավրացիոն միջամտություններով։ Կարճ ասած՝ մնացել ենք նույն տեղում։ Ցավալի է իհարկե, երբ Հայաստանի նման փոքր երկիրը, որը մեծ խնդիրներ ունի, սա գիտակցում է միայն այն ժամանակ, երբ այլևս նահանջի տեղ չկա։ Սա գուցե նաև պատմականորեն ձևավորված «ավանդույթ» է, ցավոք սրտի։ Պատմությունը կա՛մ ճիշտ չենք գրել, կա՛մ ճիշտ չենք հասկացել, որովհետև հնարավոր չէ 3000 տարի ապրել ու դասեր չքաղել դրանից։ Ինչևէ։

Քաղաքական այլընտրանքի մասին խոսելիս փաստենք, որ այսօր դա ավելի ռիթմիկ կերպով տեղի է ունենում ոչ թե իշխանություն-ըննդիմություն հարթության մեջ, այլ հենց իշխանության ներսում։ Առայժմ դա արտաքուստ շատ չի երևում, քանի որ ամենախնդրահարույց գզվռտոցը գնում է հենց կուլիսներում։ Չի բացառվում, որ մի քանի ամիս հետո դրանք հանրության համար ավելի տեսանելի լինեն նաև կոնկրետ գործողությունների միջոցով։ Սակայն այսօր այլևս իշխանության վերակազմավորումը այլընտրանք չունի։ Այն լիովին սպառել է իրեն և այլևս նույնիսկ ունակ չէ սեփական իշխանությունը վերարտադրելու։ Սա հրաշալի հասկանում է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Մոտակա ժամանակաշրջանը Հայաստանի համար լինելու է բեկումնային, և եթե ներքին ինքնակազմակերպվածությունն ու բանականությունը չհաղթեն մեզանում, այլ տեղի տա ամբոխավարությանն ու ժամանակավրեպ պոռթկումներին, ապա Հայաստանը կապրի ևս մեկ ցնցնում, որից դուրս գալը, կարծում ենք, արդեն կլինի հրաշքների ժանրից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել