Image result for ռազմական ծախսերՀՀ-ում ս.թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը կարծես բավական բան է փոխել հարևան Ադրբեջանում «իրականություն վերադառնալու» ու ռեգիոնում ռազմական բաղադրիչի մասով առկա հավասարակշռությունն իրապես ընկալելու տեսանկյունից: Ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված «Տոչկա», «Սկադ», «Իսկանդեր» հրթիռային, ռեակտիվ կրակի՝ «Սմերչ», ՀՕՊ՝ «Ս-300» համակարգերը, ՌԷՊ միջոցները, որոնց գերակշիռ մասը ռուսական արտադրության են, ևս մեկ անգամ փաստում են, որ ՌԴ-ում ծախսելով միլիարդներ՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ առնվազն այս պահի դրությամբ չունի ռազմական ներուժի գերակայություն հատկապես զինտեխնիկայի տիպատեսակային հարաբերակցության առումով:
Որպես ՀՀ-ի ռազմական շքերթի պատասխան, որի թիրախը առավելապես ներքին լսարանն էր, Բաքվում սկսեցին տարբեր կարծիքներ տարածվել, թե ՀՀ-ում ցուցադրված տեխնիկայի մի մասն առնվազն Երևանի վերասկողության տակ չէ կամ այլ մակրոտարածաշրջանային խնդիրների լուծման համար է ՀՀ-ում տեղակայված: Ավելին, սկսեցին խոսել Ուկրաինայից ու Պակիստանից մեծ հեռահարության հրթիռային համակարգեր ձեռք բերելու մասին:

Ավելի ուշ, հասկանալով, որ այսօր ուժային պարիտետը ոչ հոգուտ Ադրբեջանի է, Ի. Ալիևը սկսեց խոսել, թե ԼՂ հարցում իրենց ճնշում են, որպեսզի ստիպեն ճանաչել վերջինիս անկախությունը: Զուգահեռաբար սկսեցին ԼՂ-ի սահմանակից շրջաններում զորավարժանքներ անցկացնել՝ ի ցույց դնելով իրենց տիրապետման տակ առկա գրեթե ողջ զինանոցը:
Պարզ է, որ սեփական ռազմական հզորության որոշ բաղադրիչներ ցուցադրելով՝ Բաքվում նաև փորձում էին լուծել ներքին քարոզչական խնդիրներ: Մյուս կողմից, սթափ գիտակցելով, որ առկա իրավիճակում ռազմական ուղով խնդրի լուծման հնարավոր փորձը շատ ավելի կորստաբեր կլինի հատկապես խորը թիկունքի խոցման տեսանկյունից, իսկ հնարավոր հաջողությունը՝ առավել անիրատեսական:

Ադրբեջանում ներքին անվստահությունն այս հարցում ավելի աճեց, երբ հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ երևանյան հանդիպման ավարտին փորձագիտական հարթակներում լուրեր տարածվեցին, թե շուտով գործարկման փուլ կմտնի հայ-ռուսական ռազմական հերթական գործարքը: Չնայած չնշվեց, թե ինչ զինտեխնիկայի փոխանցման մասին է խոսքը, սակայն հավանաբար դա վերաբերում էր «ՏՕՍ-1» և ՌԷՊ-ի մի շարք համակարգերի: Նման իրավիճակին Ադրբեջանը փորձեց պատասխանել՝ նշելով, որ ինքը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության առավել մեծ բյուջե ունի, քան Հայաստանը, ու հավանաբար այդ «գործարքները» ֆիկցիա են:

Սակայն այս պարագայում Ադրբեջանի համար ինչ-որ մի բան այն չէ ու դրա մասին փաստում են նրա ղեկավարության ջղաձգումները: Ստացվում է այսպես՝ տարիներ շարունակ բավական շոշափելի գներով ու ոչ քիչ ծավալների զենք ձեռք բերելով՝ սեպտեմբերյան ռազմական շքերթից հետո Ադրբեջանում մի տեսակ շատ են անհանգստացած: Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Բաքվի տիրապետման տակ առկա ռազմական միջոցները, այնուամնայնիվ, բավարար չեն ԼՂ խնդրի երաշխավորված լուծման համար, ու փաստորեն, ռազմական հավասարակշռության շոշափելի փոփոխություն Բաքվի հաշվին արձանագրված չէ: Մյուս կողմից՝ նշելով, թե ռազմական մրցավազքում ՀՀ-ն չի կարող հասնել Ադրբեջանին, հարևան երկիրը մոռանում է մեկ կարևոր բան, որ ՀՀ-ն մրցավազքի մեջ ոչ միայն չի մտնում, այլև իր ռազմական ծախսերը իրականացնում է իր ռազմական անվտանգության կարիքներին համապատասխան, այսինքն՝ առավել փոքր միջոցներով առավել մեծ խնդիրների լուծում: Ու դա կարծես իրականում ստացվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել