Image result for հակՏարին նախընտրական է, ընդդիմությունը՝ արմատական

Հիմա, երբ արդեն Կառավարության ծրագրի շուրջ քննարկումներն ավարտված են ու ընդհանուր պատկերը պարզ է և ավարտուն, կարելի է մի քանի եզրակացություններ անել:

Նախ, որ քննարկումներում առաջ քաշված որևէ հիմնավոր ու ծանրակշիռ թեզ, ըստ էության, անպատասխան ու առանց պարզաբանման չմնաց: Բարձրացված մտահոգությունները ստացան շատ հստակ պատասխաններ: Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ բացի ծրագրին առնչվող իրենց դժգոհություններից՝ իրենց՝ ծրագրին դեմ քվեարկելու պատճառը նաև առհասարակ պայմանավորված է իշխանությունների հանդեպ ունեցած անվստահության հանգամանքով: Այսինքն՝ այստեղ առանցքային խնդիրը ոչ այնքան ծրագիրն էր, որքան նրա՝ իշխանություններին պատկանելու հանգամանքը:

Հաջորդ կարևոր բանը, որ կարելի է արձանագրել, դա այն է, որ հնչած մի շարք քննադատությունների արդյունքում այդպես էլ որևէ ընդդիմադիր խմբակցություն հանդես չեկավ առաջարկով կամ այլընտրանքային դրույթներ ներկայացնելով: Սա երկու բանի մասին կարող է խոսել.

Առաջին, որ ընդդիմադիրները հավատացած են, որ իրենց առաջարկները չեն ընդունվի կամ ընդունվելու դեպքում էլ որևէ ազդեցություն չեն ունենա ծրագրի հաջողության վրա։
Երկրորդ՝ ընդդիմությունն այլընտրանքային տարբերակներ չուներ, և խնդիրը կրում էր զուտ քաղաքական բնույթ ու կայանում էր ընդդիմադիրի կերպարով հանդես գալու անհրաժեշտության մեջ: Այսինքն՝ ընդդիմության ներկայացուցիչները փորձեցին հանդես գալ իրենց ավանդական դիրքերից՝ պահպանելով ընդդիմադիրի իմիջը:

Այս հանգամանքը թույլ է տալիս մի երրորդ հետևություն անելու: Այն է՝ նախընտրական տարին, այնուամենայնիվ, իր ազդեցությունը թողնում է ներքաղաքական գործընթացների վրա ու հենց դա է պատճառը, որ ընդդիմությունը փորձեց հանդես գալ առավել ռադիկալ դիրքերից՝ չունենալով քննադատության ծանրակշիռ հիմքեր:

Ուշագրավ հանգամանք է նաև այն, որ կառավարության ծրագրի հետ կապված հասարակության մեջ կա կարծիքների նկատելի դրական ֆոն: Կան հույսեր, որ այս ծրագիրն ի վերջո կյանքի է կոչվելու ու բոլոր գեղեցիկ ձևակերպումները իրականություն են դառնալու: Սա, թերևս, կառավարության համար ամենաէական կապիտալն է, որը սեղմ ժամանակահատվածում չօգտագործելու դեպքում կփոշիանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել