Tert.am-ը գրում է.

Նախօրեի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի վիճակը ծանր կայուն է՝ շատ փոքր դրական տեղաշարժով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոնի նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը:

«Դրականն այն է, որ վիճակը չի վատթարացել, սակայն Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտին է կպել, պիտի սիրտը կծկումներ տա, որ ինքը կարողանա գոյատևել. թոքին էլ է կպել, վերականգնել են, բայց սրտի ֆունկցիան դեռ պիտի վերականգնվի: Բժիշկները ոչ մի բան չեն ասում, ասում են՝ սպասեք, ամեն ինչ իրենից է կախված, ամեն ինչ արվել է»:

Լևոն Սահակյանը մասնագիտությամբ բժիշկ է, իսկ նրա նշանածը՝ Հերիքնազը՝ լրագրող:  Tert.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում լրագրող և դասավանդող է աշխատել Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել:

«Ամիսներ շարունակ չի վճարել և՛ իմ աշխատավարձը, և՛ մնացածի, ու խոստացել է, որ կտա: Լևոնը մեկ անգամ խոսել է իր հետ, վերջինս տղամարդու խոսք է տվել, որ կտա գումարը երկու ամիս հետո: Դեպքի նախորդ օրը Լևոնը կրկին զանգում է Վահան Ղազարյանին ու նա դեպքի օրը ուշ երեկոյան է հետ զանգում ու Լևոնին ասում, թե արի գումարը վերցրու: Լևոնն էլ առանց հետին մտքի գնում է գրասենյակ՝ գումարը վերցնելու: Ես իրեն զգուշացնում էի, որ վտանգավոր մարդ է, բոլորն էին իրեն ասում՝ Լևոն պետք չի էդ գումարը, մի գնա հարցեր պարզելու, բայց ինքը ոչ մեկիս չի ասել ու գնացել ա, թե՝ տղամարդու խոսք ես տվել, պիտի տաս: Վահանն էլ բռունցքով ու դանակով հարձակվում է: Ես ոնց հասկացա,  Վահան Ղազարյանը դա ծրագրել էր, որովհետև աշխատակիցներին տուն է ուղարկել, որ մենակ մնա Լևոնի հետ: Դա պոռթկում չի եղել, ինքը ծրագրել է դա՝ Լևոնի պահանջի դիմաց: Լևոնն առանց մտածելու գնացել է ու արդյունքում պայքարում է իր կյանքի համար»,- ասաց Հերիքնազը՝ հավելելով, որ դեպքի մասին իմացել է Լևոնի հարազատներից. «Լևոնի մայրն է զանգել՝ ասել, որ Լևոնին Վահանը դանակահարել է, ու մինչև հիմա մենք իրեն չենք տեսել»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել