Image result for Կարեն կարապետյան

Անհերքելի իրողություն է՝ աշխարհի որևէ երկրում ցանկացած նոր կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ նախնական գնահատականները բացառապես լավի և հնարավոր ավելի լավի համեմատության մեջ են: Ասել է թե՝ չկա վատ ծրագիր, խնդիրը կամ խնդիրները դրա օբյեկտիվության, կենսագործման հնարավորության և իրականացման ընթացքի չափելիության մեջ են, ինչի արդյունքում տարբեր ոլորտների առնչությամբ առաջ քաշված դրույթներում շոշափելի տեղաշարժերի կամ դրանց բացակայության, թերի ընթացքի արձանագրումը հնարավոր է նույն կառավարության կողմից նախանշված ժամկետների շրջանակներում:

Ինչ խոսք, վերոնշյալի համատեքստում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության կողմից ներկայացված ծրագրում առանձին ոլորտների զարգացման ընթացքի հետ կապված հստակ կերպով նշվում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով ժամանակային սահմաններ, ինչը որոշ չափով նաև չափելի է դարձնում ծրագրի իրականացման ընթացքը՝ ստեղծելով ոլորտի պատասխանատուներին արածի կամ բացթողումների համար հաշվետու դարձնելու գործուն մեխանիզմներ:

Բովանդակային մասով հատկապես ընդհանուր կառվարման ոլորտի, հարկային, մաքսային ծառայությունների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ բնագավառներում բավական հավակնոտ, բայց առարկայական նշանակության քայլերի ներկայացմանը զուգահեռ՝ առանձնակի ուշադրության է արժանի նաև ծրագրի՝ արտաքին քաղաքականության և Սփյուռքի վերաբերյալ բաժիններում առաջ քաշվող որոշ դրույթներ:
Ի մասնավորի՝ չափազանց կարևոր է Սփյուռքին ամբողջապես և յուրաքանչյուր սփյուռքահայի անհատապես հայաստանյան կյանքին ներգրավելու գործուն մեխանիզմների մատնանշումը: Հատկապես անկյունաքարային է տևական ներքին հակամարտություններից, արյունաքամ անող պատերազմներից մազապուրծ եղած իրաքահայերին և սիրիահայերին հայաստանյան կյանքին ինտեգրելու վերաբերյալ հստակ ուղենիշերի, դեռևս անվտանգության, մարդասիրական և բազում այլ խնդիրներ ունեցող հազարավոր հայրենակիցներին համակողմանիորեն և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ամրագրումը: Մի ուղղություն, որը, չնայած նախկինում ունեցած որոշակի ընթացքի, այնուամենայնիվ, դեռևս էական բացթողումներ ունի, և դրանց շտկումն ու այս ոլորտում հայեցակարգային մոտեցման մշակումն օրակարգային հրամայական է նման Սփյուռք և հատկապես որոշ պայթյունավտանգ տարածաշրջաններում պատկառելի թվաքանակով համայնքներ ունեցող յուրաքանչյուր պետության համար:

Հ.Գ. Քաղաքական և հանրային ընկալման տեսանկյունից Կ. Կարապետյանի ձևավորած կառավարությունը, հատկապես «արտաքին տեսքի»(չհաշված որոշ կնճիռները) առումով նույնպես մեծամասամբ դրական վերաբերմունք է վայելում հասարակության լայն շերտերի շրջանում, ինչը հավելյալ դրական միջավայր և խթան է ապահովում կառավարության գործունեության համար՝ զուգահեռաբար ձևավորելով նաև շատ ավելի արագընթաց և շոշափելի սպասելիքներ:
Այսպիսով՝ մի բան ակնհայտ է՝ դրական մեկնարկը տրված է, լրջագույն հաջողություններ ՀՀ նոր կառավարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել