Լուսանկարիչ և բլոգեր Կատյա Կոնդրուշկինայի սուր ու հրաշալի հոդվածը՝ սիրո և պոռնկության տարբերության մասին:

«Ինչպե՞ս հասկանալ, որ դու ինչ-որ մեկին սիրում ես։

Դու միշտ տենչում ես այդ մարդուն, դա մոլուցք է։

Քեզ հետաքրքիր է նրա հետ, դա ընկերություն է։

Քեզ հիացնում է այն ամենը, ինչով նա զբաղվում է, և որքան լավ է նա դա անում, դա հարգանք է։

Քեզ հաճելի է իր վերաբերմունքը քո հանդեպ  և ինչպիսին ես դու նրա ներկայությամբ, դա ինքնահիացում է։

Սովորաբար սերը այս ամենի խառնուրդն է, սակայն մի բան կա, որը կատեգորիկ տարբերակում է սերը այս ամենից: Դա կիսվելու ձգտումն է՝ ամեն ինչով՝ կյանքով ու ժամանակով, ոչ թե նրա համար, որ սեփական պահանջմունքներդ բավարարես (սեքս, օգուտ, հիացմունք, ցանկությունների բավարարում տեղում ու հենց հիմա), այլ նրա համար, որ դուք հարաբերությունների մեջ եք:

Համատեղ մեծ նախագիծ՝ ոչ միշտ հեշտ, ոչ միշտ միայն հաճույքներից բաղկացած, բայց միշտ մեծ պոտենցյալով ու ներդրումների անհրաժեշտությամբ: Իսկ ներդնել պետք է հոգատարություն, վստահություն, նվիրվածություն, ժամանակ, ուժեր, շռայլություն, քնքշանք, հանդուրժում, համբերատարություն, անկեղծություն, բարություն ու հիացմունք:

Այս ամենն ու հենց սա էլ հարաբերությունները դարձնում են թանկ: Դուք համատեղ ստեղծում եք մի բան՝ վստահելով ու սատարելով միմյանց, սիրելով ինքդ քեզ, միմյանց և այն ընդհանուրը, որ միասին եք ստեղծում: Մենք դադարել ենք հավատալ սրան, մենք հավատում ենք հաճույքներին ու փողին: Մենք մակերեսային ու վախկոտ ենք դարձել, մենք չենք հանդգնում վստահել ու կապվել: Մենք չենք հավատում սիրուն և ընկերությանը, որովհետև ամեն քայլափոխի մենք ինքներս ենք խրախուսում բաներ, որոնց համար իրականում ամաչել է պետք՝ լինել մանր, ստոր, կեղծավոր, հատկանիշներ, որոնք դարձել են հաջողակ ու կայացած քաղաքացու ատրիբուտները: Ես հիմա չեմ խոսում այն «էգեր»-ի մասին, ովքեր հանուն փողի ու կարգավիճակի չիխուախուայի դեր են տանում իրենց տերերի մոտ: Ես խոսում եմ հասուն, կայացած, երբեմն ոչ հիմար ու անգամ կիրթ մարդկանց մասին: Նկատի ունեմ կոսմոպոլիտան մեկին, ով գերադասում է, այսպես ասած, ազատ հարաբերություններ, այսինքն՝ ոչ ոք, ոչ մեկին, ոչինչ:

 

Պատկերացումներն են փոխվել: Սարսափելի բան է տեղի ունեցել, որը սովորաբար լինում է անպատասխանատու տականքների ձեռքն ընկած ինչ-որ լավ գաղափարի հետ: Հարաբերությունների վրա չաշխատելը, չնվիրվելը, նրանց մեջ ազնիվ չլինելը, միշտ հօգուտ սեփական կարծիքի (անգամ եթե դա սխալ է) որոշելը հիմա ուղղակի կոչվում է անկախություն: Փոխադարձ վստահելն է արժեզրկվել: Նորմալ է դարձել միմյանց թիկունքում ուրիշների հետ քնելը՝ հարաբերությունների մեջ լինելով հանդերձ: Երբ ինչ-որ երեկույթի ժամանակ լսում ենք՝ ինչպես է մեկը չարախոսում իր ընկերոջ մասին, չենք հասցնում նրա բերանին, չենք արհամարհում, չենք հիասթափվում ու հեռանում այդ մարդուց. մենք նրան լսում ենք, խմում նրա հետ մի բաժակ, հետո էլ ավելացնում նրան Facebook-ի մեր ընկերների ցանկում: Եվ այս ամենը միայն նրա համար, որ նա նորաձև է, կա՛մ հայտնի, կա՛մ էլ... էլի ինչ-որ մի բան:

Չգիտես ինչու,  մարդը, լինելով հարաբերությունների մեջ մեկ ուրիշի հետ, ում նույնիսկ կախարդական «ես քեզ սիրում եմ» է ասում, առանց ամոթի ու խղճի խայթի՝ զուգահեռ անկողին է մտնում ուրիշների հետ, պատմում է այդ մասին մտերիներին, բայց նրանց  համար տականք ու ստախոս կեղծավոր չի դառնում: Նա շարունակում է մնալ լավ ընկեր, և ոչ մեկը նրան  դավաճանության համար բոյկոտ չի հայտարարում՝ արդարանալով, որ յուրաքանչյուր ոչ ինքն է որոշում՝ ինչպես վարվել սեփական հարաբերությունների հետ և, առհասարակ, նա տաքարյուն  է, նրա մեջ սեքսուալությունը շատ է, նա տականք չէ, նա ստախոս չէ ու ոչ էլ լածիրակ... Նա ուղղակի սեքսուալ է, ու վերջ:

Եվ ահա մենք այդ ամենը խրախուսում ենք մեր չեզոքությամբ, անտարբերությամբ, հանդուրժողականությամբ: Իսկ ինչպես գիտենք, երբ մարդը ուրիշների նկատմամբ խրախուսում է ինչ-որ բան, նշանակում է՝ նա դեմ չէ, որ իր հետ նույնպես այդպես վարվեն: Այդպես էլ ապրում են բոլորը:

Ավելի լավ  չէ՞ հենց  ամենասկզբից փոխադարձ համաձայնությամբ, առանց պարտավորվածությունների ու գումարի դիմաց: Ու ոչինչ, որ նա քեզ ձգում է, նրա հետ հետաքրքիր է, հնարավոր է՝ դու նույնիսկ հիացած ես նրանով ու իր կողքին էլ քեզ հրաշալի ես զգում, և անկողնում էլ ամեն ինչ չտեսնված է... Բայց չէ, մեկ էլ տեսար՝ չէ... Ավելի լավ է՝ էն գլխից տեսնես ճարդ: Իսկ այդպես չի կարելի, չէ՞ որ սերը առուծախի ապրանք չէ, աղջիկնե՛ր և տղանե՛ր»:

 Թարգմանությունը՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել