Չգիտեմ՝ լսել եք արդյոք այդ պատմությունը, բայց այդ պատմությունն իրական է: Պաղեստինի տարածքում ծնված Մանուկ Մանուկյանը, ավարտելով Տեխասի համալսարանը, վերադառնում է Մերձավոր Արեւելք եւ չնայած երիտասարդ տարիքին՝ ընդամենը 25 տարեկան էր, սկսում է դասավանդել Բեյրութի Հայկազյան համալսարանում: 60-ականների սկիզբն էր, մեծ ոգեւորություն էր տիրում ողջ աշխարհում՝ Ամերիկան եւ Սովետական Միությունը մեկը մյուսի հետեւից հրթիռներ էին արձակում, սկսվել էր տիեզերական հետազոտությունների դարաշրջանը: Դա, իհարկե, հսկայական ջանքեր եւ գումարներ էր պահանջում: Միայն 60-ականներին ԱՄՆ-ը եւ ԽՍՀՄ-ը հրթիռների ու տիեզերանավերի վրա ծախսել էին ավելի քան 30 միլիարդ դոլար: «Իսկ մենք հրթիռ կպատրաստենք մեր սեփական ուժերով»՝ ասաց Մանուկ Մանուկյանը եւ հայտարարություն տարածեց համալսարանում՝ «Ովքեր են ցանկանում միանալ իմ ծրագրին»: Արձագանքեց 7 հայ ուսանող: Ահա այսպես ստեղծվեց Հայկազյան համալսարանի հրթիռային ընկերությունը: Փող, բնականաբար, չկար: Մանուկ Մանուկյանը ամերիկյան լրատվամիջոցներից մեկին պատմել է՝ «Կնոջս համաձայնությամբ մեր խղճուկ եկամտից ինչ-որ գումար հատկացնում էի գնելու համար այն ամենն, ինչ անհրաժեշտ էր հրթիռ պատրաստելու համար»: Առաջին հրթիռը պատրաստեցին ստվարաթղթից եւ մետաղե խողովակների կտորներից: Փորձարկեցին այն Բեյրութի մոտակայքում՝ ամայի մի տարածքում: Հրթիռը օդ բարձրացավ, հետո թեքվեց եւ ընկավ հունական եկեղեցու բակում, լավ էր՝ եկեղեցին չվնասեց՝ հաստատ սկանդալ էր լինելու:
61 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը թռավ տիեզերք, պտույտ գործեց մեր մոլորակի շուրջը եւ հաջողությամբ վայրէջք կատարեց: Այդ նույն ապրիլին Մանուկ Մանուկյանն իր սաների հետ արձակեց իրենց պատրաստած հրթիռը, որը բարձրացավ մինչեւ մեկ կիլոմետր: Սա առաջին լուրջ նվաճումն էր: Հաջորդ հրթիռը բարձրացավ երկու կիլոմետր: Բեյրութում սկսեցին խոսել այս մասին: «Մեզ անվանում էին հրթիռային տղաներ, ռոք աստղերի պես էին վերաբերվում»՝ հիշում է Մանուկյանը: Հայկազյան համալսարանում իրականացվող այս անսովոր փորձարկումներով սկսեցին հետաքրքրվել Լիբանանի իշխանությունները, մասնավորապես զինվորականները: Հրթիռային տղաների խմբի հետ սկսեց աշխատել մի երիտասարդ լեյտենանտ: Նա համոզեց զինվորական հրամանատարությանը հրթիռների համար անհրաժեշտ որոշ մասեր պատվիրել Ֆրանսիայում եւ Ամերիկայում: Առանց դրա ծրագրի հետագա զարգացումը շատ ու շատ դժվար կլիներ:
«Հրթիռային տղաների» համբավը տարածվում էր: Մանուկյանին հրավիրեցին Լիբանանի նախագահի մոտ ընդունելության: Սա տվեց իր կոնկրետ արդյունքը՝ նախագահը խոստացավ, որ կրթության նախարարության 62 եւ 63 թվականների բյուջեներում որոշակի ֆինանսավորում կնախատեսվի հրթիռների փորձարկումները շարունակելու համար: Հայկազյան համալսարանում ստեղծված ընկերությունն էլ վերանվանեցին՝ կոչվեց Լիբանանի հրթիռային ընկերություն: Մանուկյանն ու իր համախոհները արդեն հնարավորություն ստացան պատրաստել, այսպես ասենք՝ «լուրջ» հրթիռներ, որոնք ունեին երեք աստիճան եւ կարող էին հասնել Երկրի ուղեծիր: 63 թվականին արձակված հրթիռը բարձրացավ մինչեւ 145 կիլոմետր: Դա այն բարձրությունն է, որտեղ պտտվում են որոշ արբանյակներ: Այսինքն՝ Մանուկյանի եւ նրա խմբի շնորհիվ Լիբանանը դեռ այն ժամանակ արդեն կարող էր սեփական արհեստական արբանյակ դուրս բերել ուղեծիր: Եթե, իհարկե, ունենար արբանյակ:
Սակայն զինվորականները իրենց ծրագրերն ունեին եւ բնականաբար մտածում էին միայն մի ուղղությամբ՝ ինչպես օգտագործել մանուկյանական հրթիռները որպես զենք: Սկսեցին ակնհայտ հետաքրքրություն ցուցաբերել նաեւ հարեւան երկրները: Տարիներ անց Մանուկյանը պատմել է, որ արաբական պետություններից մեկը՝ հրաժարվում է ասել, թե որը, գայթակղիչ առաջարկ է արել՝ կհատկացնենք ձեզ մեծ առանձնատուն եւ լավ կահավորված լաբորատորիա, բոլոր պայմանները կստեղծենք, միայն թե եկեք եւ աշխատեք: Բայց Մանուկյանը չհամաձայնեց:
Նա ուրիշ ծրագրեր ուներ: Ուզում էր կենդանի էակ ուղարկել տիեզերք: Ընտրությունը կանգ առավ մկան վրա: Մի օր եկավ տուն ու ասաց կնոջը՝ «Կարո՞ղ ես պարաշյուտ կարել, որպեսզի կարողանանք մեր ուղարկածին անվնաս հետ վերադարձնել Երկիր»: Երբ կինն իմացավ, որ խոսքը մկան մասին է, կտրականապես մերժեց, ասաց՝ «Միայն իմ դիակի վրայով: Թույլ չեմ տա, որ խեղճ մկնիկի հետ այդպիսի փորձարկումներ անեք»: Դրանով էլ ամեն ինչ ավարտվեց: 1966 թվականին կատարեցին վերջին փորձարկումը, այնքան էլ հաջող չէր, հրթիռն ընկավ Միջերկրական ծովում՝ բրիտանական նավից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Իրադրությունն էլ տարածաշրջանում ակնհայտորեն թեժանում էր՝ մոտենում էր 67 թվականը՝ այդ տարի տեղի ունեցավ կարճատեւ պատերազմ Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ: Մանուկ Մանուկյանը մեկնեց Ամերիկա ու մնաց այնտեղ՝ սկսեց դասավանդել Ֆլորիդայի համալսարաններից մեկում: Իսկ մի քանի տարի անց Լիբանանում սկսվեց քաղաքացիական պատերազմը եւ բոլորը մոռացան հրթիռային ծրագրի մասին: Բայց սա իրական պատմություն է: Մի խումբ հայ երիտասարդներ ապացուցեցին, որ նույնիսկ Լիբանանի նման փոքր ու պատերազմի շեմին գտնվող երկրում կարելի է ֆանտաստիկ ծրագիր իրականացնել: Ինչպես չհիշեմ ամերիկացի Հարրի Անդերսոնի խոսքերը. «Ամեն հիմար գիտի, որ աստղերին հնարավոր չէ հասնել, իսկ խելացիները, հիմարներին ուշադրություն չդարձնելով, փորձում են հասնել»: Լավ է ասված: Հո դեմ չեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել