Image result for Կառավարություն,ՀՀ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որի մեջ ներառված են տնտեսական, արտաքին քաղաքական հարցեր ու պետական համակարգի արդիականացման ու մաքսիմալ օպտիմալացման ուղենիշները:
Կառավարության ծրագիրը նպատակ ունի վեց ամսվա ընթացքում՝ մինչև 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները, ստեղծել բարեփոխումների իմիտացիա՝ որոշ կրճատումներ պետական համակարգում, հասարակության կողմից չընդունվող ու մականունավոր պաշտոնյաների հեռացում, PR ու ինֆորմացիոն առիթների ստեղծում, վեճ-քննարկումներ կառավարության նիստերում, «խիստ» հանձնարարականներ և այլն, ԶԼՄ-ների հետ ակտիվ աշխատանք ու կառավարության բարեփոխումների՝ դրական լույսի ներքո ներկայացում:
Կառավարության ծրագիրը կոսմետիկ շտկումներ է առաջարկում տնտեսության մեջ, բայց ներդրումների ներգրավումը վեցամսյա ժամկետում գրեթե անհնար է, քանի որ ՀՀ-ն ունի արտաքին մեծ պարտք, ծերացող բնակչություն, խոշոր արտագաղթ, վատ ներդրումային միջավայր, որը չի ուղղվել քսան տարվա ընթացքում, հետևաբար ինչպե՞ս կարող է ուղղվել վեց ամսվա ընթացքում: Սա ավելի շատ նախընտրական քարոզարշավին միտված ծրագիր է՝ փոխել ինչ-որ բաներ ԱԺ ընտրություններին դա ցուցադրելու համար, ՀՀԿ-ի նոր, ռեբրենդինգ արված կազմով հանրությանը ներկայանալու, մարզային հանդիպումների ժամանակ ինչ-որ փոքրիկ ձեռնարկությունների բացման առիթները լայնորեն լուսաբանելու համար և այլն:
Անհնար է վեց ամսվա ժամկետում լավ, բանիմաց նախարարներով անգամ շտկել այն տնտեսական կոլապսը, որի մեջ ՀՀ-ն հայտնվել է օբյեկտիվ ու ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով: Եթե նավը մեծ արագությամբ գնում է այսբերգին ընդառաջ (ՀՀ-ն իր սոցիալ-տնտեսական վիճակով, արտագաղթով, ժողովրդագրությամբ ու այլ ցուցանիշներով հենց այդ նավն է), անհնար է այդ նավը կանգնեցնել խարիսխ գցելով կամ վերջին պահին ղեկը այլ կողմ թեքելով:
Կառավարության ծրագիրը որոշակի շտկումներ կբերի տարբեր ոլորտներում, սակայն համակարգային փոփոխությունների, տնտեսական ցուցանիշների, սոցիալական վիճակի բարելավում հնարավոր է ակնկալել միայն 2017թ-ի հետո, այն էլ եթե կառավարությունը չփոխվի ու շարունակի պաշտոնավարել:
2018թ.-ից հետո շատ բան կարող է փոխվել, ու ՀՀԿ-ն, մեծամասնություն ունենալով (դրանում ոչ ոք չի կասկածում), ԱԺ-ում կարող է փոխել թե՛ կառավարությունը, թե՛ կառավարության ծրագիրն ու փոփոխություններն ու երկրի զարգացման տեսլականը 180%-ով շրջել ցանկացած ուղղությամբ:
Ոչ մի կառավարություն՝ անգամ հրաշագործները (նրանց բաժին է հասել խոշոր արտաքին պարտք, տնտեսական անկում բոլոր ոլորտներում, կոռուպցիա, օլիգարխների մենաշնորհներ, արտագաղթ, պետական ուռճացված ապարատ ու ոչ պրոֆեսիանալ կառավարում ու գումարների անարդյունավետ վատնում), այդքանից հետո չի փորձել շտկել իրավիճակը կարճաժամկետ հեռանկարում, որովհետև դա անհնար է:
Կառավարության ձախողման դեպքում տնտեսական և այլ ոլորտներում հեշտ կլինի տեխնոկրատների վրա այդ ամենը բարդել ու հերթական կառավարությանը ուղարկել վաստած թոշակի, ու այդպիսի անվերջ կարուսել։ ՀՀ-ին անհրաժեշտ են ստվերի վերացում, օլիգարխների կողմից հարկերի բնականոն վճարում, մենաշնորհների վերացում։ Միայն Սփյուռքն ու այնտեղի հայ ու ոչ միայն հայ գործարարները կարող են իրենց ներդրումներով փոքրիկ՝ թե՛ բնակչության թվով, թե՛ տարածքով ՀՀ-ն վերածել կովկասյան Շվեյցարիայի, այլ պարագաներում անգամ հանճարեղ գրված ռազմավարությունն ու ծրագիրը կմնա հերթական փաստաթուղթը, որն արդեն քսան տարուց ավելի այդքան գեղեցիկ ու գրագետ գրում ու ներկայացնում են պաշտոնական կայքէջերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել