Իսկ երբ Ժոզե Մոուրինյոն և Հենրիխ Մխիթարյանը նույն հյուրանոցից են դուրս եկել և գնացել Մանչեսթեր Յունայթեդ թիմի մարզմանը, չեք պարզե՞լ՝ նույն համարից են դուրս եկե՞լ, թե՞ պարզապես նույն հյուրանոցից... Ծիծաղում եք, բայց իրավիճակը լուրջ է․ մեր տղեն գնաց Մանչեսթեր, որ հյուրանոցներից դուրս գա՞, թե՞, որ մրցակից թիմերը վախենան հյուրանոցից դուրս գալ, ռուսի ասած՝ իբո խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանն է: Բա ամբողջ ժողովուրդը անհամբեր սպասում է, թե երբ պետք է Հենոն 5 գոլ, 15 գոլային փոխանցում անի Սաութհեմփթոնի դեմ խաղում, ջհանդամը, թե ժողովրդի մեծ մասը չգիտի, թե Սաութհեմփթոնն ինչ է, Մանչեսթերն ինչ է, Անգլիան ինչ է, Պրեմիեր լիգան ինչ է, Մոուրինյոն ինչ է, ու հենց ինչ է, ոչ թե ով: Մոուրինյոն տեսակ է, Հենոն՝ ֆուտբոլիստ, ՄանՅունայթեդը՝ վերջին հերթին ֆուտբոլ, սա ոչ Շախտյոր Դոնեցկ է, ոչ էլ անգամ Դորտմունդի Բորուսիա, այստեղ կա՛մ լավ են խաղում միշտ, կա՛մ չեն խաղում երբեք: Հենոն միշտ լավ չի խաղում, կոնկրետ Մանչեսթեր Սիթիի հետ լավ չխաղաց, ավելին՝ վատ խաղաց, վնասվածք ունե՞ր, հարց չկա, մենք հո Հենոյին գիտենք, գիտենք, որ երբ նա վնասվածք չի ունենում, հրաշալի է խաղում՝ Հայաստանի հավաքականում և միշտ, հա՞ որ... Ու ինձ զարմացնում է այն թեման, թե բա Մոուրինյոն մեր տղին չի խաղացնում, իբր դուրն էլ չի գալիս (եթե դուրը չգար, մի հյուրանոցից դուրս կգայի՞ն): Գիտեք, ենթադրենք՝ դուրը չի գալիս, ենթադրենք՝ չի ուզում հիմնական կազմում խաղացնել, բայց, տղե՛րք և ֆուտբոլում միայն ֆուտբոլիստներին սիրող աղջիկնե՛ր, ինչո՞ւ պահեստայինների նստարանին էլ չի նստեցնում, ինչպես օրինակ Ռունիին։ Ռունին, գիտեք, չէ՞, ով է, նկատի չունեմ՝ ապրած կյանքով, նկատի ունեմ՝ Մանչեսթերի համար: Այ հենց այդ Ռունիին Մոուրինյոն չի խաղացնում, դուրը չի գալիս, թե ոնց է խաղում, ու քանի որ Ռունին միշտ չէ, որ լավ է խաղում, դրա համար էլ չի խաղում: Հարցեր կա՞ն, Իսպանիայում կամ Գերմանիայում, մանավանդ՝ Ֆրանսիայում գուցե և լինեին, բայց Անգլիայում չկան:
Հիմա, եթե Հենոն պատրաստ է, վնասվածքից ապաքինվել է ու, ամենակարևորը, հոգեբանորեն հաղթահարել է՝ I’m red բարդույթը, ուրեմն՝ գոնե պահեստայիններին կնստեր, եթե անգամ Մոուրինյոն հիասթափված է նրանից, քանի որ Մոուրինյոն իր բոլոր թերություններով՝ հաղթել գիտի, հաղթանակ սիրող մարզիչ է /մարդ է/, և անպայման կօգտվեր իր՝ անգամ չսիրած, բայց խաղին հրաշալի պատրաստ ֆուտբոլիստների ծառայություններից՝ հանուն հաղթանակի: Եթե Հենոյից չի օգտվում, ուրեմն՝ Հենոն պատրաստ չէ, եթե վնասվածքից ապաքինվել է, կնշանակի՝ հոգեբանորեն պատրաստ չէ: Սա շատ կարևոր է, քանի որ եթե մենք սա չենք հասկանում, մենք չենք հասկանում ֆուտբոլը, Անգլիան, Պրեմիեր լիգան, Մանչեսթերը, Մուրինյոյին և ամեն գնով հաղթելու կամքը:
Թե երբ պատրաստ կլինի Հենոն, չգիտեմ, բայց հաշվի առնելով, թե նա ինչ արեց իր առաջին մրցաշրջանում՝ Դորտմունդում, չզարմանաք և շատ չնեղվեք, եթե մի տարի պատրաստ չլինի: Չնայած Մանչեսթերում կարող են սա չներել ու հաջորդ տարի Հենոյին ուղարկել... Շիրակ: Մի՛ ծիծաղեք, լուրջ թիմ է, դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 1/4-ում տպավորիչ հաղթանակ տանելով Կոտայքի նկատմամբ:
Բայց այս մասին՝ մի փոքր մանրամասն․ հա, Հենո՛ ջան, խոսք եմ տալիս, որ երբ Մանչեսթերում (Օլդ Թրաֆորդում) քո առաջին գոլը խփես, ես ստատուս կգրեմ՝ Հենրիխ Մխիթարյանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Հիմա միայն մտածում եմ, որ լավագույնը դու ես:
Ինչ վերաբերում է Բանանցին, Կոտայքին, Մանուշակին և Հայկարամին: Ուրեմն՝ Հայաստանի գավաթի այս տարվա խաղարկությանը մասնակցում էր ութ թիմ: Ի դեպ, Մանչեսթեր Յունայթեդը միայն ութ և ավել թիմ ունի՝ տարբեր տարիքային խմբերում: Ինչևէ: Առաջին փուլում, որն, ինչպես հասկանում ենք, 1/4 եզրափակիչն էր միանգամից, Կոտայքն ընդունել էր Շիրակին: Լարված հանդիպում ստացվեց և ավարտվեց խիստ կատաղի՝ 0:0 հաշվով: Սա հրաշալի հնարավորություներ էր տալիս վերածնված Կոտայքին դուրս գալու կիսաեզրափակիչ, պետք էր ուղակի չպարտվել Գյումրիում: Գյումրիում խաղը չկայացավ, և հաղթող ճանաչվեց ու կիսաեզրափակիչ մտավ Շիրակը: Խաղն էլ չկայացավ ոչ թե որովհետև Գյումրիում ձյուն էր եկել, կամ Նազարբաևը մի փոքր մրսել էր, այլ քանի որ Կոտայք ֆուտբոլային ակումբը որոշեց, որ դադարեցնում է իր գործունեությունը: Հայտնի անեկդոտը հիշո՞ւմ եք, որ մեկը գալիս է, որ ասի, որ իր վրա հույս չդնեն, հենց այդպես էլ Կոտայքը վերածնվեց, որ ասի, որ իր վրա հույս չդնեն: Չենք դնում:
Բայց ամենաուշագրավը 1/4 խաղերից Գանձասար-Կապանի և Էրեբունու պատասխան հանդիպումն էր, որը պետք է տեղի ունենար Կապանում: Չէ, Էրեբունին չի դադարեցնում իր գործունեությունը, համենայնդեպս, դեռ, պարզապես ակումբի տնօրինությունը նամակ է գրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ասել, որ Էրեբունի ֆուտբոլային ակումբի համար, որը կազմված է պատանի ֆուտբոլիստներից, նպատակահարմար չէ և շատ բարդ է գնալ Կապան և վերադառնալ, հետևաբար, ներող եղեք: Ֆեդերացիան էլ որոշել է, որ ներող չի լինելու, և Կապանի թիմը մտել է կիսաեզրափակիչ: Այս համատեքստում մտածում եմ, որ ինչ լավ է, որ մենք ծովից ծով Հայաստան չենք, և Էրեբունու պատանի ֆուտբոլիստները ստիպված չէին, օրինակ, Ադանա գնալու, խաղալու տեղի թիմի հետ, քանի որ, եթե Երևանից Կապան գնալն է նրանց համար բարդ, ապա ի՞նչ կլիներ հեռավոր Ադանա հասնելը... Բա, լավ, էտ պատանիները միայն Երևանում են ֆուտբոլ խաղո՞ւմ... Իսկ եթե նրանցից մեկին հանկարծ նկատի ժոզե Մոուրինյոն, որ տանի իր հյուրանոց, չի գնալո՞ւ, քանի որ նրա համար բարդ է Մանչեսթեր գնա՞լը: Տղե՛րք, լուրջ ե՞ք, թե՞ ինչպես միշտ...
Մի խոսքով՝ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ են դուրս եկել Բանանցը, ով, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում է հաղթել 1/4-ում, Շիրակը, որը համառ դիմադրության արդյունքում փայլուն հաղթանակի է հասել Կոտայքի նկատմամբ, որը խաղի միջնամասում դադարեցրեց իր գործունեությունը, և ֆուտբոլիստները հենց խաղադաշտից գնացին շուկա՝ կանաչի ծախելու: Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Գանձասար-Կապանը, որը շատ բարդ կապանյան խաղում կամային հաղթանակի հասավ Էրեբունու պատանի ֆուտբոլիստների նկատմամբ և էլ չգիտեմ՝ ով: Հավանաբար Ալաշկերտը կամ Փյունիկը։ Ինչու՞ հենց նրանցից մեկը, որովհետև հայկական ֆուտբոլում էլ թիմ չկա՝ կա՛մ գործունեությունը դադարեցրել էն՝ գտնվելով ազնիվ և այլեւս չտանջելով մեզ, կա՛մ էլ շարունակում են տանջել մեզ:
Ի դեպ, Հայաստանի գավաթակիրը իրավունք է ստանում խաղալու Եվրոպա լիգայում, ոչ խմբային փուլում, իհարկե, որակավորման ամենացածր աստիճաններից: Եվրոպա լիգայի խմբային փուլում արդեն մի քանի տարի անընդմեջ խաղում են ադրբեջանական թիմերը՝ Գաբալա-ն և Ղարաբաղ-ը...
Հա, քանի չեմ մոռացել, մի զարմանալի տեղեկություն հայտնեմ. Լիվերպուլ-Մանչեսթեր Յունայթեդ խաղից հետո, որն ինչպես հասկանալի է, կայացել է Լիվերպուլի Էնֆիլդ մարզադաշտում անցած երկուշաբթի օրը, Մանչեսթեր Յունայթեդը, պատրաստվելով գալիք հինգշաբթի օրը Եվրոպա լիգայի խմբային փուլի թուրքական Ֆեներբահչեի հետ հանդիպմանը, որոշել է ամբողջ թիմով փակ հավաք անել: Այսինքն՝ ֆուտբոլիստները տուն չեն գնացել: Իմիջիայլոց, թուրքական թիմի հետ դժվարին խաղից հետո ՄանՅունայթեդը շաբաթավերջին մրցելու է Լոնդոնի Չելսիի հետ Լոնդում, Անգլիայի առաջնության շրջանակներում, մի խոսքով՝ ծանր շաբաթ է: Բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ ՄանՅունայթեդի բոլոր ֆուտբոլիստներն ու Մոուրինյոն այս օրերին ապրում են հյուրանոցում, նույն հյուրանոցում, այսինքն՝ այն տղան կամ աղջիկը, որը գրում է, թե Հենոն և Ժոզեն նույն հյուրանոցից են դուրս եկել, եթե մի փոքր էլ ոտքը կախ քցեր այդ հյուրանոցի մոտ, կտեսներ, որ Իբրահիմովիչն ու Ֆելաինին էլ թևանցուկ են դուրս գալիս, իսկ Ռունին եւ Դե Խեյան դեռ նախաճաշում են, որ դուրս գան, քանի որ գիշերն ուշ են քնել, որովհետև Հենոյին փորձել են բացատրել, թե ինչ է նշանակում Անգլիան, Պրեմիեր Լիգան, Մանչեսթեր Յունայթեդը և Ժոզե Մոուրինյոն:
Մոնտենեգրոյին էլ հաղթելու են, չկասկածեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել