Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում բնակվող 115 տարեկան Շահե Թայուրաքն առնվազն 415 թոռ ու ծոռ ունի, թեև նրանց թիվը կարող է հասնել 435-ի: Այս մասին գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:



Շահե տատի որդին` Ջեմալ Թայուրաքը պնդում է, որ երեք տարի առաջ իր կատարած հաշվարկի համաձայն իր մոր թոռների ու ծոռների թիվն ամենահամեստ հաշվարկով 415 է, թեև այս տարի նա նախատեսում է նոր հաշվարկ իրականացնել, քանի որ միայն վերջին երկու տարվա ընթացքում նրանց տոհմում առնվազն 15 նոր ծոռ է ծնվել:


Երկարակյաց քուրդ տատի ավագ երեխան 90 տարեկան է, ամենափոքրը` 60: Իսկ ամենամեծ թոռը 70-ն անց է, ամենափոքր ժառանգը ծոռներից մեկի երեխան է, ով 2 տարեկան է:

Շահե տատի անձնագրում նրա ծննդյան տարեթիվը նշված է 1919թ., սակայն երեխաները պնդում են, որ ժամանակին գյուղապետը սխալ տարեթվով է գրանցել կնոջ անձնական տվյալները:

Şahe Nine

Շահե Թայուրաքն իր կյանքի ընթացքում ունեցել է երեք ամուսին, որոնցից առաջինը, ի դեպ, ցեղասպանությունից փրկված հայ որբերից է եղել:

Ջեմալի պատմածի համաձայն` առաջին ամուսին Իբրահիմից իր մայրն ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ: Հայ Իբրահիմը հիվանդացել և մահացել է, երբ երեխաները շատ փոքր են եղել: Միայնակ մնացած Շահեն որոշել է իր երկու երեխաներին թողնել մոր խնամքին ու հարևան գյուղում ամուսնացել է արդեն Ջեմալի հոր հետ:


Թեև բժիշկները պնդում են, որ 115-ամյա Շահեն հիշողության հետ կապված ոչ մի խնդիր չունի, այնուամենայնիվ, Շահե տատը խուսափողական պատասխաններ է տվել, երբ իրեն հարցրել են «Հայկական դեպքերի» մասին: 


«Լավ չեմ հիշում հայերի հետ կապված դեպքերը: Փոքր էի, երբ դուրս եկավ գաղթեցման հրամանը»,-ասում է Շահե տատը:


Ավելին, երբ Շահեին հարցնում են իր առաջին ամուսնու մասին, նա նախընտրում է լռել և, անցնելով տան մյուս անկյունը, հանկարծ որոշում պառկել ու քնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել