Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում Րաֆֆուն կոչ է անում զերծ մնալ հրահանգներ արձակելուց։ 
ՀՀ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հայաստանի ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ ՀՀ Սահմանադրությունը եւ Հավաքների ազատության մասին օրենքի դրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել եւ իրականացնել դրանց իմաստին եւ բովանդակությանը համարժեք կերպով՝ դրանցով ամրագրված իրավունքների եւ հնարավորությունների լիարժեք ապահովումը պետական մարմիններից ակնկալելու համար: Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների այն մեկնաբանությունը, թե իբր առկա է իրավունք «հանրահավաքն անցկացնել այնտեղ, որտեղ ցանկանում ենք», որեւէ առնչություն չունի ժամանակակից իրավական, սահմանադրական պետություններում այդ իրավունքի ընկալման, ինչպես եւ այս բնագավառում հանրաճանաչ միջազգային չափանիշների հետ: Այսպես, 100-ից ավել մասնակից ունեցող հավաքները պետք է անցնեն իրազեկմամբ (Հավաքների ազատության մասին օրենքի 9-րդ հոդված): Այս պահանջն ուղղված է առաջին հերթին հենց հավաքի բնականոն եւ խաղաղ ընթացքն ու հավաքի ազատությունն ապահովելուն (Հավաքների ազատության մասին օրենքի 10-րդ հոդված): Հետեւաբար, իրազեկում պահանջող հավաքն առանց իրազեկման անցկացնելն իրավաչափ չէ եւ կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության, սակայն, եթե այն պահպանում է իր խաղաղ բնույթը, ապա ՀՀ ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը (Հավաքների ազատության մասին օրենքի 32-րդ հոդված): Հավաքների ազատության մասին նոր օրենքի ընդունումից հետո ՀՀ ոստիկանությունն իր գործողություններում բազմիցս փաստել է, որ անշեղորեն հետեւում է Սահմանադրության եւ օրենքի պահանջների պահպանմանը, իրավիճակը չսրելու նպատակով առանձին դեպքերում հանդուրժելով անգամ որոշ հակաիրավական գործողություններ: Այս գործելակերպին ՀՀ ոստիկանությունը հավատարիմ է մնալու այսուհետ եւս, թույլ չտալով քաղաքացիական համերաշխության միջավայրի ձեւավորման իրական հնարավորության ձախողումը: Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաիրավական գործողություններով Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ձեւավորվող այս միջավայրի արմատավորումը տապալելու նկրտումներից: Առավել կարեւոր է արդեն մոտավորապես երկու տարի իրական փոխգործակցությանը միտված կանոնների եւ սովորույթների պահպանումը, որոնք հիրավի նոր արժեհամակարգի եւ սահմանադրական նոր մշակույթի էական նախադրյալներ են: Այս իմաստով Րաֆֆի Հովհաննիսյանի հրահանգները ոստիկանության ծառայողներին, չեն տեղավորվում թե օրենքի, թե նոր ձեւավորվող այդ իրավական մշակույթի շրջանակներում, անգամ եթե դրանք տրվում են «հավաքի մասնակիցների» անունից: ՀՀ ոստիկանությունը ենթարկվում է բացառապես ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, ինչպես եւ դրանց շրջանակներում արձակված այլ իրավական ակտերի, այդ թվում ոստիկանակության ծառայողների վերադասների հրահանգներին, այլ ոչ թե հավաքների մասնակիցների անունից «արձակվող» դրանց կազմակերպիչների հրամաններին: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին՝ զերծ մնալ նման հրահանգներ արձակելուց եւ իր ու հավաքների մասնակիցների իրավունքները կենսագործել ՀՀ Սահմանադրությամբ եւ Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված ընթացակարգերի եւ սահմանների հաշվառմամբ: Նման պարագայում ՀՀ ոստիկանության պարտականությունն է՝ լիովին ապահովել այդ հավաքների բնականոն ընթացքը եւ վերացնել բոլոր խոչընդոտները` սահմանադրական իրավունքներն իրացնելու համար: ՀՀ ոստիկանությունը բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է այս հիմնարար մոտեցմանը, որը կանխորոշված է ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջներով: ՀՀ ոստիկանությունում բարի ավանդույթ է դարձել վիճելի, խնդրահարույց հարցերը, օրենքների կիրառման հիմնախնդիրները քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելը: Այս համատեքստում ՀՀ ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացնելու քննարկումներ` հավաքների ազատությանը եւ ոստիկանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիրների վերաբերյալ` պարոն Հովհաննիսյանի նախընտրած օրակարգով»:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել