14741617_1164777173569365_2075437046_n

Անցնող 25 տարիների ընթացքում մեր երկրում կուսակցական համակարգը դեռևս դրական զարգացում չի գրանցել։ Մեր երկրում կուսակցական համակարգը, ըստ էության, գտնվում է ստատիկ լճացման փուլում և չնայած վերջին տարիների ընթացքում, առաջին հայացքից, քաղաքական մշակույթի ձևավորման հայտ ներկայացրած նոր կուսակցությունների ստեղծմանը՝ վերջին ՏԻՄ ընտրությունների ֆոնին քաղաքական համակարգի այս կարևորագույն սուբյեկտների զարգացման հեռանկարը խիստ մշուշոտ է։

Բնականաբար, ստեղծված իրավիճակի համար գոյություն ունեն թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ, բայց, եթե պետականաշինության հարցում բավականին մեծ դերակատարում ունեն օբյեկտիվ խոչընդոտները, այս պարագայում սուբյեկտիվ խոչընդոտներն են կուսակցական համակարգի նմանատիպ հետադիմական և ճահճացած իրավիճակի հիմնական պատճառները։

Հաշվի առնելով խնդրո առարկայի շուրջ դաշտում առկա տարատեսակ մեկնաբանություններն ու ներքաղաքական կոնյուկտուրայում առկա բանավեճի թեզերը՝ սույն վերլուծությունը բաժանել եմ մի քանի ենթավերնագրերի, որոնցից յուրաքանչյուրում կփորձեմ հնարավորինս բազմակողմանի վերլուծել ստեղծված իրավիճակն ու սահմանել հիմնական խնդիրները քաղաքագիտական մակարդակում, ինչպես նաև գործնական դրսևորումների մակարդակում կանդրադառնամ կուսակցական համակարգի հիմնական սուբյեկտների կողմից առաջ քաշված վիճելի թեզերին, որոնք արդեն երկար ժամանակ է՝ հրապարակային տիրույթում հակադրվում են մեկը մյուսին։

Կուսակցական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիան Հայաստանում

Մինչև ԽՍՀՄ դե յուրե փլուզումը մեր երկրում, ինչպես խորհրդային հանրապետություններից շատերում և սոցիալիստական ճամբարի Արևելյան Եվրոպայի հատվածի շատ երկրներում արդեն տեղի էր ունեցել Միության դե ֆակտո փլուզումը, և տվյալ երկրներում արդեն սկիզբ էր դրվում քաղաքական պլյուրալիզմին։ Մեր երկրում բազմակուսակցական համակարգի ձևավորման նախանշաններ կային արդեն 1990 թվականի Գերագույն Խորհրդի ընտրություններից առաջ, երբ «Հայոց Համազգային Շարժում»-ը հնարավորություն ունեցավ մասնակցելու ընտրություններին։ Ավելին, ՀՀՇ-ն ընտրությունների արդյունքներով բավականին պատկառելի տեղեր ստացավ ԳԽ-ում և անգամ կարողացավ ԳԽ նախագահ ունենալ։

Հետագայում արդեն ԽՍՀՄ դե յուրե փլուզումից հետո ամբողջությամբ ազատականացվեց կուսակցական գործունեության դաշտը, բայց այդ ժամանակ մեր երկրում կուսակցական մենիշխանություն ուներ ՀՀՇ-ն։ ՀՀՇ-ի կուսակցական մենիշխանության համար կային բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ, որոնցից, թերևս, կարևորագույնները երկուսն էին։ Առաջինն այն օբյեկտիվ իրողությունն էր, որ 70 տարի մեր երկրում տիրել էին խորհրդային ավտորիտար (ժամանակ առ ժամանակ ամբողջատիրական) կարգերը, որի պատճառով երկրում ամբողջությամբ վերացված էին ժողովրդավարական բոլոր տեսակի ինստիտուտները։ Եվ, երկրորդ օբյեկտիվ իրողությունը, որն առաջինի ածանցյալն էր, այն էր, որ ժողովրդի համար ամբողջությամբ ընկալելի էր նոր միակուսակցական համակարգը, առավել ևս, այն պարագայում, որ այդ համակարգի միակ սուբյեկտը՝ ՀՀՇ-ն, ամբողջությամբ վայելում էր ժողովրդի սերն ու վստահությունը և ուներ խարիզմատիկ լեգիտիմություն։ Այս ամենին գումարվում էր նաև 1988-ից սկիզբ առած հզոր էներգետիկա ունեցած շարժման իներցիան, և ՀՀՇ-ի մենաշնորհը նոր ազատականացված բազմակուսակցական համակարգում ստանում էր օբյեկտիվ հիմնավորում։

Մինչև 1995 թվականը ՀՀՇ-ն հնարավորություն ուներ կայանալու որպես կուսակցություն: Դրա համար կային բոլոր օբյեկտիվ հանգամանքները, անգամ կուսակցության ներսում ֆրակցիոնիզմի առաջանալու հիմքեր կային (Վազգեն Մանուկյանի և կողմնակիցների տարակարծությունը Տեր-Պետրոսյանի և կողմնակիցների հետ), սակայն, ցավոք սրտի, հենց այդ ժամանակահատվածում բազմակուսակցական համակարգի անվան տակ տեղի ունեցավ առաջին կուսակցական բաժանումը, և ՀՀՇ-ն հենց այդ պահից բաց թողեց քաղաքագիտությանը հայտնի դասական ձևակերպմամբ կուսակցություն դառնալու փաստացի հնարավորությունը։ 1995 թվականի ընտրություններին ընդառաջ արդեն ժամանակավորապես կասեցված էր ՀՅԴ-ի գործունեությունը, ՀՀԿ-ն և մնացած մանր կուսակցությունները որպես քաղաքական դաշտի դերակատարներ չէին դիտարկվում, և այդպիսով ԱԺՄ-ն դարձավ իշխող ՀՀՇ-ի հիմնական մրցակիցը։

Եվ, երբ 1995 թվականին պետք է, ըստ էության, տեղի ունենար նորաստեղծ քաղաքական համակարգի առաջին «քննությունը» (առաջին գումարման Ազգային Ժողովի ընտրությունները), որի ընթացքում հենց իշխող քաղաքական ուժի վրա էր դրված քաղաքական մրցակցության ապահովումն ու ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը տապալվեց։ Նախ՝ ընտրություններից առաջ ՀՀՇ-ի գլխավորությամբ ստեղծվեց «Հանրապետություն» դաշինքը, որում ներառվեցին «ՀՀՇ», «Հայաստանի քրիստոնյա դեմոկրատական» (ՀՔԴԿ), «ՀՀԿ», «ՍԴՀԿ», «Մտավորական Հայաստան» և «Ռամկավար ազատականներ» կուսակցությունները: Ընտրություններն անցկացվում էին խառը ընտրական համակարգով, մասնավորապես, խորհրդարանի 190 պատգամավորական տեղերից 150-ը մեծամասնական ընտրակարգով, 40-ը՝ համամասնական: Այս ընտրությունների արդյունքներով «Հանրապետություն» դաշինքը, ջախջախիչ մեծամասնություն ստանալով, ձևավորեց իշխանությունը: Վերոնշյալ ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ մտան որպես առաջին կեղծված ընտրություններ:

1995-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդեց 1996-ի նախագահական ընտրությունները, որն ուղեկցվեց մասսայական կեղծիքներով: Այս ընտրությունների ընթացքում ընդդիմադիրները կարողացան հանդես գալ միասնական թեկնածուով: Իշխանության թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ ընդդիմության միասնական թեկանծուն Վազգեն Մանուկյանն էր: Հատկանշական է այն հանգամանքը, որ երկու հիմնական թեկնածուներն էլ «Ղարաբաղ կոմիտեի» նախկին անդամներ և երբեմնի կուսակցականներ էին: Այսինքն, անգամ այն պարագայում, երբ երկրում ստեղծվել էր բազմակուսակցական համակարգ, քաղաքական դաշտի հիմնական դերակատարները միևնույն է մնում էին «ՀՀՇ» ներկա և նախկին անդամները: 1996 թվականի ընտրությունները ելակետային նշանակություն ունեցան ներքաղաքական ցածրակարգ կոնյուկտուրայի ձևավորման հարցում: Նախագահական կեղծված ընտրությունների հետընտրական զարգացումներն ազդարարեցին մինչ օրս մեր երկրում՝ արդեն քաղաքական ավանդույթ դարձած հետընտրական զարգացումների սկիզբը: Սեպտեմբերի 25-ի հայտնի իրադարձություններից հետո քաղաքական հետապնդումների ենթարկվեցին ԱԺՄ անդամներն ու կողմնակիցները, որոնք հետագայում հենց ԱԺ-ում ծեծի ենթարկվեցին «Հանրապետություն» դաշինքի պատգամավորների կողմից:

Ըստ էության, 1995-96 թվականներին տեղի ունեցած ընտրությունները գործնականում տապալեցին բազմակուսակցական համակարգի կայացումը երկրում և քաղաքական գործունեության նշաձողը իջեցրին «ռազբոռկաների» մակարդակին, և մինչ օրս հեռավոր 90-ականներին ձևավորված ավանդույթը տարատեսակ դրսևորումներով հիշեցնում է իր գոյության մասին: Կուսակցական համակարգի ձևավորման ձախողվածությունն իրեն ավելի զգացնել տվեց 1998 թվականին տեղի ուննեցած պալատական հեղաշրջման արդյունքում, երբ մի գիշերվա մեջ «Հանրապետություն» դաշինքը փլուզվեց, և ՀՀՇ-ն դարձավ ընդդիմություն: ՀՀՇ-ի ընդդիմադիր դառնալն արտահայտվեց միայն ֆորմալ ձևով, քանի որ բացառությամբ այդ պահին իշխանության բարձր օղակների իշխանավորներից, մնացած բոլոր մանր ու միջին ՀՀՇ-ական չինովնիկները մնացին իշխանության կազմում, և նրանցից շատերը մինչ օրս իշխանական կուսակցությունների անդամներ են:

Ամփոփելով քաղաքական կուսակցությունների հետխորհրդային տրանսֆորմացիայի հատվածը՝ հարկավոր է ընդգծել, որ անկախության առաջին տարիներին ստեղծված օբյեկտիվ հանգամանքների բերումով մեր երկրին պատմական հնարավորություն էր ընձեռվել սկսել ժողովրդավարացման բավականին արդյունավետ փուլ և, որպես առաջնային ինստիտուցիոնալ նշանակության խնդիր, կայացնել բազմակուսակցական համակարգի ձևավորման առաջին և կարևորագույն փուլը, ձևավորել քաղաքական մշակույթի փոփոխության համար անհրաժեշտ նախապայմաններ քաղաքական դաշտում, սակայն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Հանդիսանալով ժողովրդավարացման երրորդ ալիքի երկիր՝ հնարավորություն չունեցանք ավելի մասնագիտական մոտեցումների շնորհիվ կայացնել քաղաքական համակարգն ու ժողովրդավարացման գործընթացը խթանելու փոխարեն, ժամանակի իշխանությունները լուծեցին ընդամենը իշխանությունն ամեն գնով պահելու խնդիր: Այդպիսով քաղաքական համակարգի ընդդիմադիր հատվածին մղելով ամեն գնով իշխանության գալու՝ արդեն 25 տարի շարունակվող գաղափարին:

Վերոգրյալի հետևանքով ձևավորվեց հետընտրական, ոչ ավանդական քաղաքական գործընթացների միջոցով քաղաքական փոփոխություններ իրականացնելու պրակտիկան, որը զարգացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում անընդունելի պրակտիկա է: Քաղաքական կուսակցությունները հրաժարվեցին 90-ականների սկզբին ձևավորված քաղաքական բանավեճի գաղափարական մոտեցումներից, և իրենց գործունեության առանցքը դարձրին քաղաքական պատեհապաշտությունն ու քաղաքագիտական ձևակերպումներից հեռու և երրորդ աշխարհի պետություններին բնորոշ հակաքաղաքագիտական թեզերը, որոնք քաղաքացիներին դուրս մղեցին քաղաքական գործընթացներից: Արդյունքում, ինչպես 90-ականների սկզբին, այնպես էլ հիմա կուսակցական համակարգը գտնվում է ստատիկ չկայացածության փուլում, որը բնորոշվում է իշխանությունը սպասարկող մեկ կուսակցության և բազմաթիվ մարգինալ ու քաղաքական կատեգորիաներից հեռու կուսակցությունների առկայությամբ, որոնց ոչ իշխանական ֆորմալ նշանակությունը մանիպուլացվում է իշխանական կուսակցության կողմից, և քաղաքական համակարգում իրականացվում են իմիտացիոն մրցակցային գործընթացներ, որոնք բնորոշ են էլեկտորալ ժողովրդավարություն ունեցող երկրներին:

Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել