Картинки по запросу հասարակությունՄարդը՝ որպես գլխավոր կապիտալ

Անձի արժանապատվությունը մարդկային քաղաքակրթության հիմնարար հայեցակարգերից մեկն է, չափանիշ՝ հասարակության զարգացման համար: Անձի արժանապատվության պաշտպանությունը ժողովրդավարական և իրավական պետությունում կրում է համընդհանուր և առաջնային բնույթ, այն կազմում է փիլիսոփայական և իրավաբանական բազան, որի վրա կառուցվում է տվյալ պետությունում մարդու իրավունքների ողջ իրավական համակարգը: Մարդու արժանապատվությունն արժեքների չափանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատելու, արժևորելու ոչ միայն պետությունը, իրավունքը, իրավակարգը, օրինականությունը, այլ նաև քաղաքացիական հասարակությունում մարդու արժանապատվության զարգացման և դրա իրականացման հնարավորության աստիճանը: Ժամանակակից աշխարհը չի կարելի պատկերացնել առանց մարդու՝ որպես բարձրագույն արժեքի արժանապատվության:

Մարդու արժանապատվությունը ներկայումս համարվում է հասարակության զարգացման գլխավոր կողմնորոշիչներից մեկը: Քաղաքացիական հասարակության ձևավորումը և իրավական պետության կառուցումն անհնարին կլինի, եթե հասարակական գիտակցությունում և պրակտիկայում չարմատավորվի մարդու արժանապատվության էությունը: Անհատի արժանապատվությունն է հանդես գալիս պետության, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց՝ մարդու, անհատի նկատմամբ վերաբերմունքի կառուցման նկատմամաբ պահանջները սահմանող կարևորագույն արժեքավոր հիմքը և չափանիշը: Անհատի արժանապատվությունն առանցքային նշանակություն ունի սահմանադրական իրավակարգավորումների արժեբանության և մեթոդաբանության տեսանկյունից:

Քաղաքակիրթ հասարակությունում պետության հիմնական գործառույթը պետք է լինի անձի արժանապատվության պաշտպանությունը: Մարդու արժանապատվության էությունը արտացոլող հիշատակված միջազգային իրավական դրույթների իմաստավորումն ու արժևորումն ազգային օրենսդրությամբ պայմանավորված կլինի պետության գոյության արդարացվածությունը և միայն այն դեպքում, եթե վերջինիս գործունեությունն ուղղված կլինի մարդու արժանապատվության ու նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Այս ամենը հաշվի առնելով՝ նոր ձևավորված կառավարությունն առաջիկայում ներկայացվող ծրագրի հիմքում հիմնական առանցքային դրույթների շարքում կարևորում է հենց այս հանգամանքը, և ըստ այդ տեսլականի՝ կառուցում իր հետագա քայլերն ու ուղղությունները: Մնացած հետևանքների ու գնահատականների համար ժամանակ ունենք և կարող ենք անել դատողություններ ու հետևություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել